ՀՀ ԱՆ քրեակատարողական 12 հիմնարկներում գտնվող դատապարտյալներից և կալանավորված անձանցից ոչ ոքի մոտ նոր տեսակի կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Փոխարենը, 3 ՔԿՀ-ներից՝ «Վարդաշեն»-ում՝ ութ, «Հրազդան»-ում՝ երեք, իսկ «Նուբարաշեն»-ի մեկ աշխատակցի մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է ստացվել։ Նրանցից ինն այս պահին ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցից։
Անցնող երկու ամիսների ընթացքում, կալանավորված անձանցից կորոնավիրուսի թեստի նմուշառում է հանձնել հինգը, դատապարտյալներից՝ ութը, ՔԿՀ աշխատակիցներից՝ 52-ը։
Այս մասին Forrights-ի գրավոր հարցմանն ի պատասխան նշել է ՀՀ ՔԿՀ ծառայության պետի տեղակալ Ռոբերտ Մինասյանը։
Ըստ Արդարադատության նախարարության տարածած հայտարարության, աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացրել են քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու սահմաններից դուրս և կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ որևէ շփում չեն ունեցել․
«Կորոնավիրուսային հիվանդության դեպքերն արձանագրվել են ՔԿՀ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների, ինչպես նաև պահպանության ապահովման ստորաբաժանումներում»,- ասվում է գրության մեջ։
Նախարար Ռուստամ Բադասյանի համոզմամբ՝ սա վկայում է այն մասին, որ կանխարգելման միջոցառումները որոնք իրականացվում են քրեակատարողական ծառայության և արդարադատության նախարարության կողմից, իրենց արդյունքը տալիս են։
«Հայաստանի ՔԿՀ-ներում տիրող վիճակը լավագույններից մեկն է, այն առումով, որ ծանրաբեռնվածության ցուցանիշը 43 տոկոս է: Մյուս բոլոր երկրներում, որտեղ հրատապ միջոցառումներ են իրականացրել համաներմամբ ազատ արձակելու և այլ գործողությունների մասով, դրանք ընդամենը պայմանավորված են նրանով, որ 100 տոկոսից ավելի է բեռնվածությունը: Մեզ մոտ այս պահի դրությամբ քրեակատարողական հիմնարկն ամենաանվտանգ տեղն է կորոնավիրուսի տարածման առումով, ինչի մասին վկայում են թվերը»,- ընդգծում է Բադասյանը:
Այնուամենայնիվ, իրավապաշտպանները կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրվանից իշխանությանը հորդորում էին «օգտվել առիթից» և օր առաջ քայլեր ձեռնարկել՝ բեռնաթափել քրեակատարողական հինարկները։ Նման շտապողականությունն իրավապաշտպանները բացատրում են նրանով, որ կալանավայրը, հանդիսանալով լիարժեք մեկուսացված տարածք, վարակի տարածման համար անհամեմատ ավելի հարմար վայր է և մեկ վարակի դեպքն անգամ կարող է շատ արագ տարածվել ամբողջ փակ համակարգում։
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի համոզմամբ՝ տարածումը կանխարգելելու համար ժամ առաջ պետք է թեստավորում անցկացնեն կորոնավիրուսի վարակ հայտնաբերված բոլոր հիմնարկներում․
«Շուտափույթ ձևով պետք է թեստավորում անցնեն ինչպես մնացած աշխատակիցները, այնպես էլ այնտեղ գտնվող ազատազրկված անձիք։ Ինչքան էլ նախարարությունը նշի, որ այդ աշխատակցները որևէ շփում չեն ունեցել դատապարտյալների հետ, միևնույն է, նրանց օգտագործած առարկաների միջոցով կարող է վարակը տարածվել։ Թեստի արդյունքներն էլ արդեն հետագա քայլերը ցույց կտան»,- Forrights-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։
Իշխանյանի կարծիքով՝ հաջորդ կարևորագույն գործողությունը քրեակատարողական համակարգի բեռնաթափումը կլինի։ Ըստ նրա՝ համաներում հայտարարելն այս դեպքում ամենաարդյունավետ որոշումը կլինի, քանի որ ամենախոցելի շերտում այս պարագայում գտնվում են պատժի կրման փակ և կիսափակ ռեժիմում գտնվող դատապարտյալները։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ևս հակադարձում է նախարարին՝ անկախ այն հանգամանքից, որ Հայաստանում գերծանրաբեռնվածություն չկա, պետք է շուտափույթ կարգով համաներում իրականացնել․ այդ հանգամանքը չպետք է էական նշանակություն ունենա այս գործում․
«Պետք է օգտվել կորոնավիրուսի ստեղծած «հնարավորությունից» և համաներում կիրառել՝ բեռնաթափելով մեր կալանավայրերը։ Թեթև հանցագործություն կատարած անձանց գործը պետք է ուսումնասիրվի, առանձնացվեն կոնկրետ դեպքեր և նրանք տուն գնան, որտեղ ավելի պաշտպանված կլինեն վիրուսից։ Փակ հաստատություններն ամենավտանգավոր տեղերն են, որտեղ, եթե ոտք դնի վիրուսը, բավականին ինտենսիվ կերպով կտարածվի։ Նախնական քայլերը պետք է լինեն ավելի քան մտածված և հաշվարկված, ինչը մեր դեպքում բաց է թողնվել։ Այս տարբերակով գոնե կկանխվի լայն տարածումը»,- Forrights-ի հետ զրույցում նշում է իրավապաշտպանը։
Այնուամենայնիվ, Բադասյանը չի բացառում, որ կորոնավիրուսի տարածման նման տեմպերն ու տարածումը կբերեն իրավիճակի, երբ կլինի նաև վարակված դատապարտյալ և կալանավոր․
««Դատապարտյալների հիվանդանոց»-ում արդեն վաղուց նախապատրաստել ենք հատուկ կահավորված մասնաշենք: Այնտեղ հնարավոր կլինի ապահովել արդյունավետ բուժումը, վերահսկողությունը և մեկուսացումը»։
Նշենք, որ կորոնավիրուսի համավարակը ստիպել է աշխարհի տարբեր պետությունների դատապարտյալներին ազատ արձակելու որոշումներ ընդունել:
Դեռ մարտի 23-ին Ֆրանսիան հայտարարեց, որ 5000-ից ավելի դատապարտյալներ, որոնք դատապարտված են թեթև հանցանքների համար, որոնք լավ վարք են ցուցաբերել և որոնց ազատազրկման ժամկետը մոտենում է ավարտին, ազատ կարձակվեն:
Նրան հետևեց Գերմանիայի Հյուսիսային Ռեյնի-Վեստֆալիայի վարչատարածքը, հայտարարելով, որ պատրաստվում է մոտ 1000 դատապարտյալների ժամանակավորապես բաց թողնել:
Արդեն մարտի 25-ին ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ արեց բերնաթափել կալանավայրեր․
«Շատ երկրներում կալանավայրերը ծանրաբեռնված են, այդպիսի պայմաններում ֆիզիկական հեռավորություն պահելը և ինքնամեկուսացումը գործնականում անհնար են… Իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն դատապարտյալների և անձնակազմի շրջանում մահվան դեպքերի կանխարգելման ուղղությամբ»։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: