Լանզարոտեի կոնվենցիայի դեմ ակցիայի մասնակից, Էջմիածնի բնակիչ Արթուր Ալեքսանյանին, որը ԱԺ «իմքայլական» պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ ունեցած կոնֆլիկտի արդյունքում հայտնվել է ճաղավանդակի հետևում, տարօրինակ մեղադրանք է առաջադրվել՝ բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ /ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդված, մաս 1/:
Այս հոդվածը սովորաբար օգտագործում են տուժած ոստիկաններին վերաբերող քրեական վարույթներում: Իսկ տվյալ դեպքում տուժող է ճանաչվել ԱԺ պատգամավորը:
Հիշեցնենք՝ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը մայիսի 11-ին հաղորդում է ներկայացրել, որ իր ծառայողական պարտականությունները կատարելու պատճառով ապրիլի 11-ին՝ժամը 17:10-ի սահմաններում «անհայտ անձը» իր վրա է վարել հեծանիվը, որից հետո իր հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիք: Անհայտ անձը «Հայկական արժեքների պաշտպանության կամք» նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանն է, որին ձերբակալեցին նույն օրը:
Մեղադրանքը զարմացրել է անգամ ամենալոյալ իրավաբաններին, որոնք հազվադեպ են մեկնաբանում իրենց չվերաբերող քրեական վարույթների ընթացքը:
Երեկ փաստաբանների միության նախագահ Արա Զոհրաբյանը, որն այս գործում կողմ չի հանդիսանում, իր ֆեյսբուքյան էջին անդրադառնալով մեղադրանքին, այն որակելով անհիմն:
«ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով, — գրում է փաստաբանը, — Այս նորմից հետևում է, որ անկախ նրանից, թե իրավունքի մյուս ճյուղերում իշխանության ներկայացուցիչ հասկացությունն ինչ իմաստ է արտահայտում, քրեական օրենսգրքի իմաստով իշխանության ներկայացուցիչը պետական մարմնում ծառայող այն անձն է, որը ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով…Պատգամավորը քրեական օրենսգրքի իմաստով չի կարող հանդիսանալ իշխանության ներկայացուցիչ, քանի որ չունի կարգադրիչ լիազորություն»:
Պատգամավոր, նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը այս հայտարարությանը դեռևս չի արձագանքել:
Արթուր Ալեքսանյանի ընկերները, նրա հարազատները վրդովված են: Նրա կինը՝ Անուշ Գալստյանը ասում է. «Այդ ցուցմունքը վրաերթի վերաբերյալ սխալ է: Այդ օրը Արթուրը և ընկերները հավաքվել էին Լանզերոտեի կոնվենցիային դեմ արտահայտվելու համար ԱԺ-ում: Տարբեր պատգամավորներ են դուրս եկել շենքից: «Կամք» նախաձեռնության անդամները բոլորին ասել են` ամոթ, որ քվեարկել եք կոնվենցիայի օգտին: Այդ ժամանակ ամուսինս ու ևս մեկը պատգամավորների կողքով քշելիս են եղել, և ամուսինս Նիկոլայ Բաղդասարյանին ինչ-որ հարց է տվել, ասել է` դու գիտակցում ես, որ քո պահվածքով մանկապղծություն ես քարոզում: Ոչ սպառնալիք է եղել, ոչ էլ հայհոյանք: Մեր բոլոր ընկերներն են դա փաստում, որոնք ներկա են եղել: Նա հայհոյանքից, բռնությունից հեռու մարդ է: Նա երբեք հեծանիվով վրաերթ չէր անի: Չի եղել նման բան»:
Անուշ Գալստյանը պատմում է, որ ամուսնուն ոստիկանություն ներկայանալու ծանուցում չեն ուղարկել, այլ միանգամից առևանգել-տարել են հենց փողոցից: «Հանկարծ ամսի 12-ի երեկոյան ժամը ութի կողմերը միանգամից 20 հոգով 4 մեքենայով կոպիտ ասած զախվատ են արել Արթուրին ու տարել են», — ասում է Անուշ Գալստյանը:
Forrights.am-ի հետ զրույցում տուժող, նախկին փաստաբան, ԱԺ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, որը սովորաբար մամուլի հետ հաճույքով էր շփվում քրեական գործերի շուրջ, հրաժարվեց կարծիք արտահայտել:
— Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք որակում մեղադրանքը` բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ:
— Ինչո՞ւ ես պետք է որակեմ, քննիչն է որակում»:
— Այսինքն, դուք գտնում եք, որ այդ արարքը կարել՞ի էր որակել որպես իշխանության նկատմամբ բռնություն:
— Ես դատարանում իմ ելույթում կասեմ: Ես ելույթ պետք է գրեմ: Փայլուն ելույթ:
— Չենք կասկածում, բայց Արա Զոհրաբյանը, օրինակ, ստատուս էր գրել, որում հիմնավորում էր, որ դուք չեք կարող այդ հոդվածի տրամաբանությամբ համարվել իշխանության ներկայացուցիչ:
— Դե, զանգեք իրեն հարցրեք, ի՞նչ ասեմ:
— Նա շարադրել է իր կարծիքը: Ձերն է հետաքրքիր:
— Ես իմ նկատմամբ տեղի ուենցած բռնության վերաբերյալ իմ կարծիքը կասեմ: Դուք ուզում եք, որ քրեական գործի նյութերը փաստերով նստենք իրար հետ քննարկե՞նք:
— Բայց մյուս կողմը ասում է, որ ոչ մի վրաերթ էլ չի եղել: Ձեր կարծիքը ո՞րնէ:
-Ես որպես իրավաբան թույլ կտա՞մ ինձ այդ մարդկանց կարծիքը մեկնաբանել: Դատարանում անպայման իմ կարծիքը կասեմ:
— Իսկ մինչև դատարան չե՞ք խոսելու:
— Ոչ , նախաքննությունը հո ասել-խոսելու բան չի՞: ,
— Համաձա՞յն եք այսինքն, մեղադրանքի հետ:
-Ո՞վ ասեց, համաձայն եմ: Ես իմ ճառում կասեմ, այս հոդվածով պետք է որակվի, թե այլ հոդվածով պետք է վերաորակվի:
Արթուր Ալեքսանյանի փաստաբան Էմին Բեգլարյանը ասաց, որ բողոքարկել է իր պաշտպանյալի կալանքի որոշումը, և երեկ բողոքը մուտք է արել վերաքննիչ դատարան:
«Արթուր Ալեքսանյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում, նա իրեն մեղավոր չի ճանաչում: Հերքող ցուցմունք է տվել այն մասին, որ ոչ վրաերթի փորձ է կատարել, ոչ հայհոյել է, ոչ էլ սպառնալիք է տվել պատգամավորին», — ասաց փաստաբանը: Բաղրամյան փողոցը տեսասարքերով հագեցված է: Ուստի Արթուր Ալեքսայանը նախաքննության ժամանակ ասել է քննիչներին, որ առգրավեն ու դիտեն այդ տեսաձայնագրող սարքերի ժապավենները, որոնք ապացուցում են, որ մեղադրանքը շինծու է:
«Մենք պահանջել ենք, որ առգրավեն այդ տեսանյութերը», — ասաց Էմին Բեգլարյանը:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: