Գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով դատական նիստերը հետաձգվում են մեկը մյուսի հետևից։ Մեկ դատարան չի ներկայանում մեղադրող կողմը, մեկ՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին դատարան չեն ներկայացնում։ Ռազմաբազայի ղեկավարությունը անվտանգության երաշխիքներ է պահանջում Ռազգիլդեևի անվտանգության համար։
Նախորդ նիստը կրկին հետաձգվել էր, քանի որ այս անգամ ոստիկանությունը չէր կարողացել մուտք գործել ռուսական ռազմաբազայի տարածք՝ ամբաստանյալին դատարան բերելու համար։ Ռազմաբազայի հրամանատար Մարտինյուկը գործուղման մեջ էր եղել, իսկ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության ուղեկցող դասակին ուղղակի թույլ չէին տվել մուտք գործել ռազմաբազայի տարածք:
Տուժող կողմին տևական ժամանակ է վրդովեցնում է այս պարբերական հետաձգումները։ Իրավահաջորդ Անահիտ Ղուկասյանը Forrights-ի հետ զրույցում նեղսրտում է՝ երևի թիկունք կամ ազդեցիկ հարազատ չունեն, դրա համար աչալրջություն չեն ցուցաբերում գործին․
«Ամեն անգամ մի պատճառ կբռնին ու կհետաձգին․ մեկ դատավորը չկա, մեկ՝ դատախազը, մեկ էլ՝ էդի (խոսքը Անդրեյ Ռազգիլդեևի մասին է,- խմբ)։ Ոչ դատ կա, ոչ դատաստան էս քաղաքում, երկրում օրենք չկա, ընկած թույլերին էլ ձեռք մեկնող չկա, տալիս ավելի են քցում։ Երևի ռուսի հետևը մեկը կա կանգնած, կվախնան մի բան էնեն»,- ասում է Ջուլիետայի դուստրը։
Անահիտն այսօր էլ շատ պարզությամբ է հիշում, թե ինչպես իմացավ ողբերգական դեպքի մասին։ Նրա խոսքով՝ իրենք երկուսով սովորականի պես առավոտյան աշխատանքի էին գնացել, երբ հարևանից զանգ է ստացել, որ իրենց տուն ոստիկաններ են գնում-գալիս։ Վախեցած զանգել է մայրիկին, զանգերը, սակայն, այդպես էլ անպատասխան են մնացել․
«Ճամփին միլիցու ավտոն կտրեց ճամփես, ասեցին՝ մամայիդ ծեծել են, աչքի տակը թեթևակի կապտել է։ Վռազ գնացի հիվանդանոց, ընդունարանի դուռը բաց էր, տեսա մամաս պառկած ա՝ աչքերն ուռած, անշարժ, բայց՝ ողջ։ Չթողեցին մտնեմ մոտը, շատ կոպիտ ձևով դուրս էրեցին ու տարան վերակենդանացման բաժանմունք։ Ինձ էլ խաբեցին ասեցին՝ իբր միլիցիայից են կանչում, գնացի, մի 15 րոպե թատրոն տվեցին ու հիվանդանոցից զանգ ստացա, մտածեցի՝ մամաս աչքերը բացել ա, էն էլ․․․։ Ասեցին՝ մամադ էլ չկա»,- հուզված վերհիշում է Անահիտը։
Դուստրը մինչ օրս ցավով է նշում, որ չի կարողացել վերջին հրաժեշտը տալ մորը․ բժիշկներն ուղղակի արգելել են մտնել հիվանդասենյակ․
«Վերջին րոպեին երեխեն չտեսնի՞ մորը։ Ինչի՞ պետք ա ես կարոտով մնայի, մամաս՝ կարոտով երթար, ինչի՞ համար․․․»։
Աղջկա խոսքով՝ «մոր բերանը փակել են»։ Նա համոզած է՝ Ջուլիետայի կյանքը փրկել կարող էին, բայց՝ չեն արել․
«Երևի մամաս բան ա ասել, անուն ա տվել կամ նկարագրել, բերանը փակել են։ Իրենց ձեռ չի տվել մամայիս սաղ ըլնելը»։
Իր մտքերի մասին քննչական մարմիններին ևս հայտնել է, սակայն նշել են՝ մեր գործը չէ։
Տուժող կողմը դեռ շաբաթներ առաջ էր դատարանին միջնորդել միջոցներ ձեռնարկել՝ քրեական գործի շրջանակներում արդարադատության իրականացմանը խոչընդոտող հանգամանքները բացառելու համար, այն է՝ ռազմաբազայի կողմից ամբաստանյալին դատարան չներկայացնելը։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը փետրվարի 4-ին կայացած դատական նիստի ժամանակ էր դիրքորոշում հայտնել, որ ամբաստանյալը անհարգելի պատճառով չի ներկայանում դատարան, և Քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջնորդել էր բերման ենթարկել ամբաստանյալին։ Դատարանը, սակայն, մերժել էր միջնորդությունը։
Ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը Forrights-ի հետ զրույցում նշեց, որ իրենց դիրքորոշման հիմքում բացառապես օրենքն է ընկած եղել։ Սակայն, փաստացի տեսնում են, որ ռազմաբազան չի ցանկանում ամբաստանյալին ներկայացնել ՀՀ դատական ատյան․
«Առավել քան ակնհայտ է, որ 102 ռազմաբազան չի ցանկանում Անդրեյ Ռազգիլդեևին ներկայացնել դատարան։ Իրենք ինչ-որ գրավոր անվտանգության երաշխիքներ են պահանջում ու նշում՝ իրենց դիրքորոշումը չի փոխվել՝ ամբաստանյալին դատարան ներկայացնելու հարցում, իսկ դատարանի պահանջի կատարումը չի մտնում ռազմաբազայի հրամանատարի իրավասությունների մեջ։ Այնինչ, ակնհայտ իրավական հիմք չունի նման երաշխիքներ պահանջելը, իսկ այդօրինակ պատճառաբանությամբ ամբաստանյալին դատարան չներկայացնելը՝ իրավաչափ չէ»,- իր խոսքում նշեց փաստաբանը։
Տուժող կողմը Գլխավոր դատախազություն արդեն իսկ հաղորդում է ներկայացրել, սակայն սահմանված ժամկետում պատասխան չի ստացել։ Այժմ դիմել են դատարան, որպեսզի դատարանը պարտավորեցնի որևէ որոշում կայացնել Դատախազությանը և որոշումը տրամադրել կողմին։
Հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 20-ին։ Տուժող կողմը հույս է հայտնում, որ գոնե այս անգամ նիստը կկայանա, պաշտպանական կողմը՝ լռում։ Ռազգիլդեևի պաշտպան Նարինե Ռշտունին չցանկացավ պատասխանել Forrights-ի որևէ հարցին, տեղեկացնելով, որ իր վստահորդն այս փուլում արգելել է որևէ հարցազրույց տալ։
Միակ հարազատին կորցրած Անահիտ Ղուկասյանը շարունակում է խնդրել արդարադատությունն իրականացնող մարմիններից՝ պատշաճ քննություն իրականացնել․
«Մորս միակ երեխեն եմ եղել, կյանքից շատ ինձ կսիրեր։ Ճիշտ ա, քյասիբ էինք, բայց աշխարհի երջանիկն էինք․․․ Մի բան էրեք, մի թողեք վիզս ծուռ․․․»։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: