Այսօր ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստ է հրավիրել: Նիստը նախաձեռնել է ՀՀ Կառավարությունը՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու համար:

Մասնավորապես առաջարկվում է հոդված 1-ի 182.3-րդ հոդվածում ավելացնել 1.1 մաս եւ սահմանել, որ

«1.1. Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պայմանները, պահանջները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով»:

Առաջարկվում է նաեւ 10-րդ մասից հանել «կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները» բառերը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման սահմանների եւ դրանով վարակված անձանց թվի ավելացումը առաջացնում է անհրաժեշտություն իրականացնել համապատասխան կանխարգելիչ աշխատանքներ եւ շարունակական միջոցառումներ, որոնց իրականացումը հնարավոր չի լինի ապահովել առանց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների որոշակի սահմանափակման:

ԱԺ-ն արտահերթ նիստին արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը ներկայացրեց առաջին ընթերցմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը:

 Փոխնախարարը նշեց, որ ազատ տեղաշարժի խախտման համար գործող օրենսգրքով սահմանվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև 250-ապատիկի չափով պատասխսանատվություն: Նա նշեց, որ գործող ազատ տեղաշարժման սահամանփակումների համար այդ չափի պատասխանատվության միջոցը համաչափ չէ և չի կարող արդյունավետորեն նպաստել հետապնդվող նպատակի իրականացմանը, հետևաբար հրատապ է համաչափ պատասխանատվության միջոցի սահմանումը»,-ասաց նա:

Վահե Դանիելյանը նշեց, որ փոփոխությամբ սահմանվում է` արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժման պահանջները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: Առաջարկվում է, որ օրենքի նախագիծը ուժի մեջ մտնի հրապարկման պահից: Այսպիսով՝ առաջարկվել է ավելի մեղմ պատժաչափ` 10 հազար դրամի չափով`ազատ տեղաշարժկման պայման խախտելու համար:

«Խոսքը, մասնավորապես, վերաբերում է պարետի որոշմամբ սահմանված՝ բաց տարածքներում դիմակների պահանջին, և գործող օրենքով տուգանքը 100-250 հազար դրամ է, հիմա առաջարկվում է նման դեպքերում սահմանել 10 հազար դրամ»,-ասաց նա:

Առաջարկը 92 կողմ, 1 ձեռնպահ և 0 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունվեց:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest