Այսօր առավոտվանից Արենի համայնքի գյուղամեջում մարդ չես հանիդպի:
Գյուղացիները փակվել են տներում: Աշխատում են իրենց հողամասերում, աշխատում են միմյանց հետ չշփվել:
Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ այսօրվանից՝ մայիսի 17-ից մեկ շաբաթով արգելվել է մարդկանց և տրանսպորտի մուտքն ու ելքը, խստացված ռեժիմ է գործում դեպի Խաչիկ գյուղ տանող ճանապարհին, որը փակ չէ, քանի որ Խաչիկն աշխարհի հետ կապող միակ ուղին է: Այն հսկվում է ոստիկանների կողմից:
Թույլատրվում է միայն առաջին անհրաժեշտության ապրանքներ բերել Արենի, սննդամթերք, դեղորայք, գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ պարագաներ:
Արենիում հատուկ ռեժիմ սահմանելու պատճառների մասին Forrights.am-ին տեղեկացրեց համայնքի ավագանու անդամ Էդիկ Սիմոնյանը:
Պարզվում է, գյուղում վարակի օջախ է եղել: «Երկու ընտանիք են բարեկամական կապերով կապված: Իրար վարակել են», — ասաց մեզ Արենի համայնքի ավագանու անդամը:
Վարակի շղթան սկսել է տարածվել աննկատ: Մոտ մեկ շաբաթ առաջ հիվանդությունը հայտնաբերվել է Արենիի մի բնակչի մոտ: «Նա հիվանդ է եղել, ջերմություն է ունեցել, իր մոտ հայտնաբերվել է, ամուսնուն ստուգել են, պարզվել է՝ նրա մոտ կա: Ամուսնու եղբոր մոտ էլ է հայտնաբերվել»:
Հիվանդ կինը, ըստ մեզ հասած տեղեկությունների աշխատում էր Արենի գյուղի ճամփեզրին գործող գյուղմթերքների շուկակում:
Էդիկ Սիմոնյանը վստահեցնում է, որ շուկան փակ էր, չէր գործում, և հավանականությունը, որ այդ կինը նաև գնորդներին է վարակել, փոքր է:
Այնուամենայնիվ, այսօր փոքրիկ Արենիում, որը մոտ 1500 բնակիչ ունի, 10 հիվանդ կա: Նրանց հետ շփում ունեցող բոլոր անձինք թեստ են հանձնել: Տասը հիվանդները Արենիից տեղափոխվել են: «Ովքեր, որ կասկածելի են, ինքնամեկուսացվել են: Գյուղում ոչ մի խուճապ չկա: Ամեն մեկն իր հողում աշխատում է, դուրս չեն գալիս», — ասում է ավագանու անդամը:
Արենիում այս պահին աշխատող ձեռնարկություններ չկան: «Թուֆենկյան» հյուրանոց էր կառուցվում: Շինարարական աշխատանքները կանգնեցվել են:
Հարցին, թե ինչպե՞ս են Արենի գյուղի բնակիչները հասնում իրենց հողերը այն դեպքում, երբ հողը համայնքից դուրս է, Էդիկ Սիմոնյանը պատասխանեց. «Այդ մարդկանց տեղեկանք ենք տալիս, որ իրենք դրսում հողեր ունեն, գնում են, աշխատում են»:
Վաղը ավագանիի նիստ է հրավիրված: Ձեռներեց Մհեր Ալավերդյանը, որը նաև ավագանու անդամ է, սակայն գյուղում չի ապրում, այսօր մոտեցել է համայնքին, բայց գյուղ չի մտել:
«Կարծում եմ, նիստը կհետաձգվի: Չուզեցի մտնել գյուղ, բայց մոտեցա ոստիկաններին, տեղեկացա, որ ճանապարհը փակ է: Սնունդի խանութների առաքիչներին են թողնում մտնեն, կարճ ժամանակով, ներսում էլ կան ոստիկաններ, իրար հաղորդում են, թե ով ինչ ժամանակով է մտել»: Մհեր Ալավերդյանը վստահեցնում է, որ գյուղմթերքների Արենիի շուկան վերջին օրերին չէր աշխատում: Մի երկու փողոցային կրպակներ են բաց եղել: «Արփի- Աղավնաձոր հատվածում էլ էր շուկան փակ », — ասաց ձեռներեցը:
Հ.Գ. Ավելի ուշ մեզ հետ կապվեց հիվանդ կնոջ դուստրը և ասաց, որ տեղեկությունը, թե իր մայրը շուկայում է աշխատում, իրականությանը չի համապատասխանում: Ըստ նրա, իր մայրը 2018 թվականից ոչ մի տեղ չի աշխատել, իսկ վարակի աղբյուրը երևանյան հիվանդանոցներից մեկն է:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: