Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննության վարույթը կասեցվեց։ ԲԴԽ-ն որոշեց դիմել Սահմանադրական դատարան՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 85-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու համար։

Այս մասին այսօր որոշվեց ԲԴԽ նիստում։ Մինչդեռ Հայկ Հովհաննիսյանը վստահ է՝ ԲԴԽ-ն ինքը պետք է խնդրին լուծում տար և շարունակեր վարույթը։ Ըստ նրա՝ Սահմանադրական դատարան ուղարկելն արդարացված չէ․

«Դրանով ԲԴԽ-ն կարծես պատասխանատվություն չի ստանձնում որոշում կայացնելու, թե ինչպես պետք է կիրառի Դատական օրենսգիրքը, որը հենց ԲԴԽ-ի կողմից կիրառվող առաջնային օրենքն է։ Այս ամենի բացասական արդյունքն այն է, որ, տեսնում ենք՝ իրականում ինչ իրավիճակ ունենք»,- նիստի ավարտից հետո կարծիք հայտնեց Հովհաննիսյանը։

ԲԴԽ անդամի կարծիքով՝ նման ելքը կառաջացնի իրավական «կազուս»։ Նա այս բնորոշումը պարզաբանում է գործընթացային քայլերով։ Մասնավորապես, Հովհաննիսյանը Հատուկ կարծիք է գրել, որում բարձրաձայնել ու քննադատել է ՍԴ-ին։ Վերջինս էլ այսօրվա նիստից հետո պետք է որոշի մի հարց, որն ուղղակիորեն նրան է վերաբերում։

«Տվյալ դեպքում, եթե Սահմանադրական դատարանն առաջնորդվի բարեվարքության կանոններով, ուրեմն պետք է ինքնաբացարկ հայտնի և այդ գործը չքննի։ Եվ այստեղ ստացվում է մի իրավական կազուս։ Բայց ես կարծում եմ, որ այդ կազուսը կարելի էր հանգիստ հաղթահարել․ իրավական որևէ խնդիր չկար․ ԲԴԽ նիստն արդեն նշանակված էր, որոշումը կայացված էր։ Եվ այս փուլում անդրադառնալ այսպիսի մի հարցի, կարծում եմ՝ արդարադատության տնտեսման սկզբունքի առումով արդարացված չի»։

Հիշեցնենք, որ Հայկ Հովհաննիսյանը իր Հատուկ կարծիքում նշել էր, որ Դատական օրենսգիրքը Հրայր Թովմասյանն է հեղինակել և այս պահին հակասահմանադրական է ճանաչում իր իսկ գրած օրենքի հոդվածներից մեկը։ Հենց այդ պատճառով արդեն կես տարի է Բարձրագույն դատական խորհուրդը զրկված է դատավորի լիազորությունները դադարեցնելու հնարավորությունից․

«Բերված բոլոր փաստարկները գուցե ստվերվեին` դառնալով լոկ տեսական բանավեճի առարկա, եթե մեր հասարակության և պետության զարգացման ներկա փուլում առավել սուր դրված չլիներ ՍԴ դեմոկրատական լեգիտիմության պակասի հարցը», — գրել էր Հովհաննիսյանը։

ԲԴԽ երեք անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Մեսրոպ Մակյանը և Անի Մխիթարյանն Հատուկ կարծիքից օրեր անց միջնորդեցին ԲԴԽ ղեկավարությունը՝ համոզմունք հայտնելով, որ «իր այս քաղաքական ձևակերպումներով, Հովհաննիսյանի քննադատությունը խարխլում է խորհրդի հանդեպ հեղինակությունը»․

Այսօրվա նիստի մեկնարկին ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի մոտ հարց առաջացավ, թե ինչ հաջորդականությամբ պետք է գործի խորհուրդը։ Նա նշեց, որ նման մտահոգություն է առաջ գալիս, քանի որ նման գործընթաց առաջին անգամ է նախաձեռնվում ԲԴԽ-ում և այս ամենը նախադեպ է հանդիսանալու հետագա վարույթների համար․

«Այս հարցի վերաբերյալ կարևոր է Հայկ Հովհաննիսյանի և խորհրդի մյուս անդամների կարծիքները։ Խորհուրդը պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ ԲԴԽ-ն դիմելո՞ւ է դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերով հանձնաժողովին, թե՞ ոչ, նման որոշում կայացվելո՞ւ է, թե՞ ոչ, իրավասություն ունի՞, թե՞ ոչ և ինչ ժամկետների մասին է խոսքը գնում»,- նշեց Վարդազարյանը։

Նախագահի խոսքով՝ եթե որոշում կայացվի դիմել դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերով հանձնաժողովին, ապա ԲԴԽ-ն միջնորդությունը քննության առարկա չի դարձնի ու այն կուղարկի հանձնաժողովին։ Նրա նկատառմամբ՝ ԲԴԽ անդամն ունի դատավորի կարգավիճակ և դատավորի կարգապահական պատասխանատվության հարցը կարելի է քննարկել միայն վարույթ հարուցելու պայմաններում։

Հայկ Հովհաննիսյանը, ով մինչ այդ լուռ լսում էր դատավորին, համաձայնվեց նրա խոսքի հետ շեշտելով՝ այո՛, սա իսկապես աննախադեպ վարույթ է և պետք է սահմանել հանրային բանավեճի ամենաբարձր մակարդակը և օրինակ ծառայել։

«Մենք բազմիցս առնչվել ենք այն դեպքերին, երբ օրենքը հստակ չէ և դա նորմալ իրականության համար։ Կարծում եմ՝ չպետք է առաջնորդվենք նորմատիվ ֆետիշիզմով և օրենքի տառով։ Մենք պետք է ելնենք օրենքի նպատակից և օրենքի մեկնաբանությունն իրագործենք։ Դրանում է մեր առաքելությունը՝ մեկնաբանել օրենքը։ Տվյալ դեպքում՝ արդար մամուլի առջև վարույթ իրականացնելն է՝ վարույթ իրականացվող դատավորի կամ ԲԴԽ անդամի հանդեպ՝ իրավունքի գերակայության բոլոր տարրերի ապահովմամբ»։

Ըստ նրա, ինքը ունի ոչ թե դատավորի կարգավիճակ, այլ պարզապես որոշ դրույթներ տարածվում են նաև իր վրա, բայց ոչ կարգապահական վարույթի հարցում․

«ԲԴԽ անդամի դեպքում տրված է ներքին անկախության ամենաբարձր սահմանը, այսինքն՝ ԲԴԽ անդամին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը հարուցելու հարցը տրված չէ այլ մարմնի, քան ԲԴԽ-ին»։

Ավելի քան մեկ ժամ խորհրդակցական սենյակում անցկացելուց հետո, Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության քննության վարույթը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան։ Որոշումն ընդունվեց 7 կողմ և 1 դեմ ձայների համակցությամբ։ Դեմ է քվեարկել Լիպարիտ Մելիքջանյանը

Փաստաբան Լուսինե Հակոբյանի դիտարկմամբ՝ Հատուկ կարծիքում լուրջ քննարկման առարկա դարձնելով Սահմանադրական դատարանի յոթ անդամների լեգիտիմությունը, ինչպե՞ս կարող են Հայկ Հովհաննիսյանի գործն ուղարկել նույն այդ դատարանին․

«Սա առաջին հերթին պատասխանատվությունից խուսափել է նշանակում, Իրենք այս վարույթը հարուցել են, ապա հասկացել, որ սխալ ուղով են գնում և վերջնական որոշումը կայացնելու պատասխանատվության բեռի տակ էլ չեն ցանկանում մտնել։ Ըստ էության, սա մի քայլ է, որով այս գործի ելքն արդեն իսկ կանխորոշված է։ Այդ յոթ դատավորները չեն կարող որևէ օբյեկտիվ եզրահանգման գալ այդ դիմումի առնչությամբ, այստեղից էլ առաջանում է գործը քննելու անհնարինության հանգամանք»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Հակոբյանը։

Փաստաբանի նկատառմամբ՝ ի սկզբանե այս վարույթն օրինական չէր, քանի որ չէր կարելի ԲԴԽ անդամին հետապնդել իր կարգավիճակից բխող կարծիքի համար․

«Կարգապահական վարույթի հարուցումը և հետագա քայլերն ուղղակիորեն խոսում են այն մասին, որ ԲԴԽ անդամները չեն ներում իրենց կարծիքից տարբերվող կարծիքի արտահայտման համար, և, փաստացի, հաշվեհարդար տեսնում նրա նկատմամբ»։

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest