Բարձրագույն դատական խորհուրդն օրեր անց կքննի խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Ըստ խորհրդի, Հովհաննիսյանը դատավորներից մեկի գործին առնչվող իր հատուկ կարծիքում վարքագծի կանոններ է խախտել։

Խոսքը դատավոր Արայիկ Մելքումյանին առնչվող գործի մասին է, ում լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր դեռևս 2019 թվականին։ Ըստ ԲԴԽ-ի, Մելքումյանը կատարել է արարք, որը անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ։ Դատավորն այս որոշման սահմանադրականությունը վիճարկել էր Սահմանադրական դատարանում, և Հրայր Թովմասյանի գլխավորությամբ՝ ՍԴ-ն խորհրդի որոշումը հակասահմանադրական էր ճանաչել։

Հայկ Հովհաննիսյանը իր Հատուկ կարծիքում նշել էր, որ Դատական օրենսգիրքը Հրայր Թովմասյանն է հեղինակել և այս պահին հակասահմանադրական է ճանաչում իր իսկ գրած օրենքի հոդվածներից մեկը։ Հենց այդ պատճառով արդեն կես տարի է Բարձրագույն դատական խորհուրդը զրկված է դատավորի լիազորությունները դադարեցնելու հնարավորությունից․

«Բերված բոլոր փաստարկները գուցե ստվերվեին` դառնալով լոկ տեսական բանավեճի առարկա, եթե մեր հասարակության և պետության զարգացման ներկա փուլում առավել սուր դրված չլիներ ՍԴ դեմոկրատական լեգիտիմության պակասի հարցը», — Հատուկ կարծիքում գրել է Հովհաննիսյանը։

ԲԴԽ երեք անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Մեսրոպ Մակյանը և Անի Մխիթարյանն օրեր անց միջնորդեցին ԲԴԽ ղեկավարությունը՝ համոզմունք հայտնելով, որ «իր այս քաղաքական ձևակերպումներով, Հովհաննիսյանի քննադատությունը խարխլում է խորհրդի հանդեպ հեղինակությունը»․

«Խորհրդի անդամը, Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ հայտնել է մի շարք դիրքորոշումներ, որոնք առերևույթ խախտում են Խորհրդի անդամի կողմից քաղաքական զսպվածության պահանջը, ինչպես նաև՝ կասկածի տակ առնում Խորհրդի անդամի անկախությունը և անաչառությունը՝ խախտելով ԲԴԽ անդամի վարքագծի կանոնները»,- ասվում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության մեջ։

Հայկ Հովհաննիսյանը, Forrights-ի հետ զրույցում չցանկացավ խոսել կարգապահական վարույթի մասին, խոստանալով այդ մասին խոսել նիստից հետո։ Միայն նշեց, որ որևէ միտում կամ քաղաքական ենթատեքստ չի տեսնում իր նկատմամբ վարույթ նշանակելու մեջ։

«Դե ինչ, հրաշալի առիթ է բացահայտելու դատական համակարգը խորապես ախտահարած անտարբերության, հարմարվողականության և երկակի ստանդարտների վիրուսները»,- իր տեսաուղերձում նշել էր խորհրդի անդամը։

Միջնորդությունը ներկայացրած երեք անդամներից Գրիգոր Բեքմեզյանի խոսքով՝ ինքն ու գործընկերները ենթադրել են, որ Հովհաննիսյանի որոշ արտահայտություններ քաղաքական ենթատեքստ ունեն և նիստի արդյունքում կորոշվի՝ ճի՞շտ են իրենք, թե՞ ոչ։

«Մենք ենթադրել ենք, որ նման արտահայտությունները կարող են քաղաքական ենթատեքստ ունենալ կամ քաղաքական լինել, ուստի խորհրդին առաջարկել ենք քննարկել այդ արտահայտությունները՝ նաև հարց տալով պարոն Հովհաննիսյանին, հասկանալով նրա մոտեցումները և բացատրությունները», — նշում է Բեքմեզյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին կայանալիք նիստը հետաձգվեց, քանի որ ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցը նշեց, որ  նոր նշանակված լինելով, չի հասցրել ծանոթանալ գործի նյութերին:

Հայկ Հովհաննիսյանը դեմ էր նիստը հետաձգելուն` համարելով, որ դա գաղտնի զենք է, իրավաբանական հնարք, ինչին ի պատասխան` ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց` եթե դա զենք է, ապա այդ զենքն առաջինը հենց Դուք եք կիրառել։

Նիստը, այնուամենայնիվ, հետաձգվեց։ Այն կկայանա մայիսի 15-ին։

Հիշեցնենք, որ նախորդ տարի նոյեմբերին Հայկ Հովհաննիսյանը ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարականի դիմում էր գրել, պատճառաբանելով, որ իր կողմից առաջ քաշված մի շարք գաղափարներ և ծրագրեր խորհրդում չեն կարևորում։

Խորհրդի նիստին ներկա բոլոր անդամները հորդորել էին իրենց գործընկերոջը չպնդել հրաժարականի դիմումը` ծավալված քննարկումների արդյունքում հաշվի առնելով, որ դատական համակարգի արմատական բարեփոխումների հարցում հիմնական տեսակետների շուրջ չկան էական տարաձայնություններ։

Քննարկումից հետո Հայկ Հովհաննիսյանը հետ էր վերցրել հրաժարականի դիմումը և շարունակել պաշտոնավարել։

 Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest