Օրերս գրավի դիմաց կալանքից ազատվել է Ալավերդու հեղինակություն Զորո Շահվերդյանը:

Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 316 -րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ:

Շահվերդյանի շահերը ներկայացնող փաստաբան Հակոբ Ճարոյանը Forrights.am-ին հայնտնեց, որ իր պաշտպանյալի հարազատները դեռ չեն վճարել 10 մլն գումարը, և նա դեռ տանը չի:

Անցյալ տարի սեպտեմբերի 26-ին Ալավերդի քաղաքի Սպանդարյան փողոցի, 8 շենքից ահազանգ էր ստացվել, որ կրակոցնել են հնչել: Ոստիկանները եկել էին դեպքի վայր և տեղազննություն են սկսել: Այդ պահին մոտեցել է Թումանյանի հեղինակություն Զորայր Շահվերդյանը և խանգարել է իրավապահների գործողություններին։ Ոստիկանները հորդորել են նրան հեռանալ, բայց Շահվերդյանը չի ենթարկվել պահանջին և ձեռքով հարվածել է ոստիկանի դեմքին։

Այսպես է նկարագրել մեզ գործողությունները ոստիկանության մոտ աղբյուրը:

Զորիկ Շահվերդյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը այլ կերպ է ներկայացնում դեպքը. «Տեղազննություն կատարողներն առանց համազգեստի են եղել, եւ Զորիկը չի իմացել, որ նրանք «օրգանի աշխատող» են։ Իր համար բակում նստած է եղել, իրեն մոտեցել են, հետը կոպիտ են խոսել, սկսվել է վեճը», — ասում է նա:

Ըստ ոստիկանության մոտ աղբյուրի, Զորոյին բերման են ենթարկել ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ ֆիզիկապես ուժեղ Զորոն՝ ծեծի է ենթարկել մոտ տասը ոստիկանի: Զարմանալի է, որ Շահվերդյանի մարմնի վրա չի եղել ոչ մի վնասվածք:

Ահա մի դրվագ մեղադրական եզրակացությունից.
«Զորայր Շահվերդյանը… ձեռքով հարվածել է էրիկ Ասրյանի դեմքին ու Մաքսիմ Սինդոյանի ծնոտին, իսկ այնուհետև, շարունակելով իր ավելի ագրեսիվ հակաօրինական վարքագիծը, ոչ միայն չի ենթարկվել միջադեպի կապակցությամբ որպես լրացուցիչ ուժեր դեպքի վայր ժամանած… փոխգնդապետ Կարեն Սիմոնյանի, անձնակազմի գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Նարեկ Սիրադեդյանի և այլ աշխատակիցների՝ իր գործողությունները դադարեցնելու օրինական պահանջին, այլև ակտիվ դիմադրություն ցույց տալով քաշքշել է նրանց ու երբ վերջիններս փորձել են բերման ենթարկել նրան, քաշքշել է … կապիտան Արսեն Առաքելյանի հագուստներից, ինչից պատռվել է նրա բաճկոնը, այնուհետև ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին ու մարմնի տարբեր մասերին…՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող ձախ ճակատային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի ձևով արտահայտված մարմնական վնասվածք, իսկ երբ փորձել են բերման ենթարկելու նպատակով հարկադրաբար նստեցնել նույն բաժնի ծառայողական «Տոյոտա Կորոլա» մակնիշի… ավտոմեքենան, ձեռքերով հարվածներ է հասցրել հիշյալ ավտոմեքենայի տանիքին՝ վնասելով այն և իր խուլիգանական գործողությունները դադարեցրել է միայն այն ժամանակ, երբ նրան բերման են ենթարկել ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին»։

Շահվերդյանի կալանքից դուրս գալու լուրը վրդովմունք է առաջացրել իրավապահների շրջանում:

Ոստիկանները իրար մեջ քննարկում են, որ Զորիկին չպետք է բաց թողնեին, քանի որ նա ոստիկանների է ծեծել: Էլ ո՞ւր մնաց քրեական ենթամշակույթի դեմ պայքարը:

Հակոբ Ճարոյանը հերքում է ծեծի հանգամանքը: «Չի եղել նման բան: Ոչ մի վկա չկա, ոչ մի ապացույց չկա, որ Զորոն ոստիկան է ծեծել: Եթե մի անձը կարողանում է 10 ոստիկանի դիմադրել, ծեծել, նշանակում է, այդ ոստիկանությունը պետք է ցրել», — ասում է նա: Այս միտքը փաստաբանը կրկնել է դատարանում՝ խափանման միջոցի փոփոխության միջնորդության քննարկման ժամանակ:

Զորայր Շահվերդյանի հայրը ևս հեղինակավոր անձնավորություն է, քաղաքում հայտնի Կամո Շահվերդյանն է, սպանության համար դատապարտված: Ըստ դատական գործի նյութերի, 2010 թվականի հոկտեմբերին Շահվերդյանը իր քարի արտադրամասում հրազենով «ռազբորկա» է կազմակերպել որդու՝ Զորոյի հետ տևական ժամանակ կոնֆլիկտ ունեցող անձանց հետ, որի արդյունքում սպանվել է Ալավերդու բնակիչ Ռոմիկ Մոսինյանը:

Քաղաքում համառորեն խոսակցություններ են տարածվում, որ Կամո Շահվերդյանն իր վրա է վերցրել ուրիշի մեղքը:


Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest