Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2019 թ.-ի ընթացքում ստացել է 13 140 դիմում-բողոք

303

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2019 թ. ընթացքում 13 140 դիմում-բողոք է ստացել:

Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` ներկայացնելով «2019 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թ. գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:

«2019 թ. ՄԻՊ աշխատակազմի համար եղել է գերծանրաբեռնված աշխատանքի տարի: Միայն դիմումների ու բողոքների, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ վարույթների թիվն աճել է գրեթե երեք անգամ: Օրինակ, եթե 2016 թ. ստացվել է 5 113 դիմում-բողոք, ապա 2019 թ. այս ցուցանիշն եղել է 13 140: Ընդ որում, 2020 թ. արդեն իսկ առավել ծանրաբեռնված է. այս տարվա առաջին չորս ամիսների միայն դիմումներն ու բողոքները 75%-ով գերազանցում են նախորդ ողջ տարվա ընթացքում ստացված դիմումների ու բողոքների թիվը»,- ասաց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ վիճակագրական այս տվյալները չեն ներառում այցերն ազատությունից զրկման վայրեր և այլ հատուկ հաստատություններ: