Դատախազությունը բողոքարկել է Ալավերդու հայտնի գործարար Վահագն Աբգարյւանի խափանման միջոցի փոփոխման մասին Լոռու դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանի կայացրած որոշումը և պահանջում է կրկին կալանավորել նրան: Վերաքննիչ քրեական դատարանը ընդունել է այն վարույթ և շուտափույթ կարգով նիստ է նշանակել: Փաստաբանի միջնորդությունը նիստը հետաձգելու վերաբերյալ չի բավարարվել, իսկ վերաքննիչ ներկայացած ամբաստանյալ Վահագն Աբգարյանին դատարանը հորդորել է համաձայնվել բողոքը լսել առանց պաշտպանի, ինչը վերջինս չի արել:

Այսօր նշանակված էր վերաքննիչ բողոքի քննությունը, սակայն այսօր Աբգարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանի առողջական վիճակը նիստի ժամանակ կտրուկ վատթարացավ: Նիստը ընդհատվեց: Փաստաբանը տեղափոխվեց հիվանդանոց:

Ավելի վաղ Ինեսսա Պետրոսյանը Forrights.am-ին հայտնել էր, որ առողջական խնդիրներ ունի: Նա չէր ներկայացել նաև Լոռու դատարանում Աբգարյանի գործով նշանակված դատաքննությանը, և վերջին նիստն Աբգարյանի գործո վ այդ դատարանում նույնպես հետաձգվել էր:

«Այս դատավարությունը վաղուց դարձել է հայ ազգի համար «Сага о Форсайтах»», — այսպես մեկնաբանեց այս երկարաձգումները Աբգարյանի ներկայացուցիչ Մարինա Պողոսյանը:

 «Դատերը ձգվում են, զգացվում է, որ նպատակասլաց ուզում են Վահագին ուղարկեն բանտ: Մարդուն չի կարելի էյսքան հետապնդել, սահման կա: Խափանման միջոցը ի՞նչ է: Թող էլի դատեն, նա չի խուսափում դատարան գնալուց, բայց կալանքը ինչ՞ի է պետք», — ասում է Վահագն Աբգարյանի մայրը՝ Անահիտ Գևորգյանը:

Նա հայտնեց, որ Աբգարյանը հիմա գտնվում է Երևանում, բժիշկների հսկողության տակ: Վահագն Աբգարյանը մի շարք քրոնիկական հիվանդություններ ունի, այդ թվում շաքարային դիաբեթ, որը ըստ հարազատների, նա ձեռք է բերել կալանավայրում:

«Ես չեմ պատկերացնում, թե ինչ խիղճ պետք է ունենան, որ էդ առողջությունով, էդքան պատմություններով ու մահափորձերով հանդերձ, որ իր վրա եղել է, նորից կալանք դնեն», — ասում է մայրը:

Հիշեցնենք՝ ապրիլի 1-ից Վահագն Աբգարյանը, որը երկու տարուց ավելի կալանավայրում էր, ազատության մեջ է: Կիրառվել է գրավ 15 մլն դրամի չափով: Իսկ Լոռու ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վահագ Աբգարյանի գործով դատավարությունը:

Նա, ինչպես հայտնի է, մեղադրվում է ապօրինի կերպով զենք և փամփուշտներ ձեռք բերելու, իր սանիկին՝ Վլադիմիր Դավթյանին հանձնելու և իր համաքաղաքացի, թմրամիջոցների պատրաստման-իրացման համար կրկնակի դատված Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև քննիչներին կաշառելու համար:

Երեկ այս գործով հերթական դատական նիստն էր, որը հետաձգվեց Աբգարյանի փաստաբանի վատառողջ լինելու պատճառով: Նախորդ անգամ էլ դատախազը չեր ներկայացել Սպիտակի դատարան:

Աբգարյանի ներկայացուցիչները, մասնավորապես իրավապաշտպան Մարինա Պողոսյանը համարում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Վահագն Աբգարյանի գործով քննչական խմբի ղեկավար, Մարտի 1-ով հայտնի Վահագն Հարությունյանի ընկերն է, ահա ինչու նա ուզում է ամեն կերպ բանտում պահի Աբգարյանին: 

Մայիսի 7-ին Աբգարյանի ներկայացուցիչները «Նոյյան տապան» ինտերնետային հեռուստաստուդիայի տաղավարում ելույթի ժամանակ կենտրոնացրեցին հանրության ուշադրությունը այս աղմկահարույց գործի, նաև այն հանգամանքի վրա, որ Վահագն Աբգարյանը բախվել է Ալավերդիում թմրամոլների մաֆիային, որ նրա դեմ մի քանի անգամ մահաձորձեր են իրականացվել, որոնց պատվիրատուները Լալվարի հանքի տերեր Տարոն և Արթուր Աբգարյաններն են: Տրվեցին Արթուր Դավթյանի և Վահագն Հարությունյանի անունները, որոնց ջանքերով քիլլերները ազատության մեջ են, իսկ Ագգարյանը ահա՝ ամբաստանյալի աթոռին:

Վերջին մահափորձը Վահագն Աբգարյանի դեմ տեղի է ունեցել փետրվարի 25-ին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, երբ նրա վրա հարձակվեցին ու նրան ծեծի ենթարկեցին այլ կալանավորներ: Այս միջադեպի հետ կապված քննություն է իրականացվում, սակայն մեղադրյալներ չկան:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest