Այսօր վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր դատախազի բողոքը, որով պահանջվում էր Երևանի 29-ամյա բնակիչ Տիգրան Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը, ճանաչել անթույլատրելի և կալանավորել քաղաքացուն:


Մարտի 28-ի գիշերը, հիշեցնենք՝ Տիգրան Կարապետյանը դուրս էր եկել գնումների և վիճաբանության էր բռնվել Մալաթիայի բաժնի աշխատակիցների հետ, որոնք մեքենան վարելու հետ կապված նկատողություն էին արել, ապա հայհոյելով ու բռնություններ կիրառելով բերման էին ենթարկեցին Մալաթիայի բաժին, որտեղ խոշտանգել ու ստորացրել էին նրան:


Դատարանը մերժեց դատախազություն բողոքը և խափանման միջոց գրավը թողեց անփոփոխ: Այս մասին Forrights.am-ին հայտնեց Տիգրան Կարապետյանի փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը: Ավելի վաղ նա մեզ տեղեկացրել էր, որ գրավի գումարը՝ 1 մլն 900 հազար դրամը, Տիգրանի սոցիալապես անապահով ընտանիքը մեկ ամսում է կարողացել հավաքել, և Տիգրանը, փաստորեն, մեկ ամիս անցկացրել է կալանավայրում:

Կարապետյանի դեմ քրեական գործ է հարուցված Ք.Օ. 316-րդ հոդվածի երկրորդ մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը: Մեկ այլ՝ խոշտանգումների գործով, որը քննում է ՀՔԾ-ն, Կարապետյանը տուժող է ճանաչվել:


Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest