Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը և Երևան քաղաքի ավագանու անդամ Արփենիկ Մարությանը Ոստիկանություն, Գլխավոր դատախազություն և Ազգային անվտագության ծառայություն հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ընդդեմ «Ադեկվատ» միաբանության անդամ Նարեկ Մալյանի։

ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Մալյանը ֆեյսբուքյան իր էջում պահանջել է վերջիններիս հրաժարականները, հակառակ դեպքում խոստանում է՝ «մերումանուկ եմ անելու» ․

«Պահանջների բոլոր կետերը նշված ժամկետում չկատարելու դեպքում, իմ հետագա գործողությունների ամբողջ պատասխանատվությունը մնում է փողով թուրք ներողների, ցեղասպանության զոհերի արյունը թուրքերին վաճառողների վրա: Նեղանալ չլինի, մերումանուկ եմ անելու՝ առանց խղճի խայթի»,- նշվում է գրառման մեջ։

Հրանուշ Խառատյանի խոսքով՝ Նարեկ Մալյանի և ֆեյք օգտատերերի կողմից առաջին անգամը չէ, որ վիրավորանքներ է ստանում, սակայն կյանքին սպառնացող նման սպառնալիքը՝ նորություն էր իր համար․

«Մեկ ամսից ավել է տարբեր ձևերով ուղղակի, անուղղակի, կողմնակի կամ բարձրաձայն լինում են նմանօրինակ սպառնալիքներ և վիրավորանքներ։ Ֆեյսբուքյան իմ գրեթե բոլոր գրառումների տակ ստանում եմ՝ ճիվաղ, սորոսական, թուրքի ծախված և այլ վիրավորանքներ, ասում են՝ սրի վրա, թրի վրա երդում ենք տվել․․․Ես կողմ էի, որ այդ ոչ մի մեկնաբանությանը չարձագանքել, անլուրջ էի համարում նման անդրադարձումներին։ Բայց այս վերջինը ոչ թե անլուրջ ինչ-որ խոսք էր, այլ իր մեջ առերևույթ կյանքին սպառնացող վտանգ էր պարունակում։ Ասում են՝ քեզ աղբամանն ենք նետելու, ուզում են ինձ հետ հաշվեհարդար տեսնել»,- Forrights-ի հետ զրույցում նշում է Խառատյանը։

Ճանաչված մտավորական, ազգագրագետ Հրանուշ Խառատյանն առնվազն տարօրինակ է համարում հենց այս պահին նման հետապնդումները, քանի որ վերջին շրջանում հրապարակում է Թուրքիայում իր հետազոտությունների և Ցեղասպանության վերաբերյալ որոշ վերլուծություններից հատվածները։ Հենց այդ հրապարակումների մեկաբանություններում է Խառատյանը հանդիպում «թուրքի ծախված» վիրավորանքներին․

«Երևի չեն էլ կարդում։ Իրենց համար էական չէ, թե ինչ եմ անում, էական է, թե ինչ են ուզում տեսնել իրենք»։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Մարությունը Forrights-ի հետ զրույցում չցանկացավ խոսել այս թեմայով, միայն ասաց, որ սպառնալիքն արդեն իսկ ուղարկել է պատկան մարմիններին։ Նրա դուստրը՝ Երևանի ավագանու անդամ Արփենիկ Մարությանը հայտնեց, որ նման բովանդակությամբ սպառնալիքներ նախկինում չի ստացել, այս ամենը սկսվել է ապրիի 24-ից հետո․

«Դեռևս այլ եղանակով չեն փորձել անհանգստացնել։ Զրպարտանք պարունակող գրառումների շարանը սկսվել է մի քանի շաբաթ առաջ, սակայն բուն սպառնալիքը եղել է այս վերջին գրառումը։ Մենք արդեն իսկ հրապարակավ դիմել եք պատկան մարմիններին՝ քրեական գործ հարուցելու համար և անպայման հետամուտ եք լինելու ընթացքին»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Արփենիկը։

Հրանուշ Խառատյանի կանխատեսմամբ՝ եթե որևէ մեկն իրավիճակով չզբաղվի, ապա ինքը ստիպված կլինի փոխել բնակության վայրը․

«Հակառակ դեպքում՝ իրավիճակը կարող է անվերահսկելի լինել»։

Երեկվանից ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր, իրավապաշտպաններ իրենց զորակցությունն են հայտնում Խառատյան և Մարության ընտանիքներին։ «Հայաստանի հելսինկյան ասոցիացիա»-ի նախագահ Նինա Կարապետյանցն անընդունելի, դատապարտելի և բոլոր առումներով մերժելի ստորություն է համարում ընտանիքի հասցեին հնչած վիրավորանքներն ու սպառնալիքը․

«Մերժվածների վարքագիծը և մարտավարությունը ոչ միայն կանխատեսելի էր, այլ նաև ապացուցվել է բազմաթիվ դրվագներով։ Թիրախային հարձակումներ առանձին մարդկանց կամ խմբերի վրա եղել են թե՛ համացանցում, թե՛ իրական կյանքում։ Եվ բոլոր դեպքերում՝ մնացել անպատիժ։ Իսկ թե ինչու, ասել եմ բազմիցս։ Ցավով, հերթական անգամ կանխատեսում եմ, որ անձնական օգտագործման արդարադատություն իրականացնող մարմինների կողմից որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվի»,- նշում է իրավապաշտպանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավոր Արթուր Սաքունցը, ով ևս պարբերաբար Մալյանի կողմից վիրավորանքների և հետապնդումների է ենթարկվում, շեշտեց՝ անկախ նրանից, թե ով է հնչեցնում ֆիզիկապես ոչնչացնելու մասին սպառնալիքներ, պետք է անպայման քրեական պատասխանատվության ենթարկվի։ Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ սա այն դեպքն է, երբ Ոստիկանությունը պետք է հրատապ քայլեր ձեռնարկի, քանի որ ժամանակը սխալ օգտագործելը կարող է ճակատագրական լինել․

«Այս դեպքը չի կարող կարծիքի արտահայտման ազատության շրջանակների մեջ տեղավորվել, քանի որ գրառումն իր մեջ ակնհայտ սպառնալիք և խտրական մոտեցում է պարունակում։ Հրամցնել որպես կարծիք՝ չի ստացի»,- մեզ հետ զրույցում նշում է Սաքունցը։

Իրավապաշտպանի կարծիքով՝ նման դեպքերի վերաբերյալ պատկան մարմինների կողմից կա ընտրողական մոտեցում։ Ըստ նրա՝ նույն սպառնալիք պարունակող արտահայտություներ հնչեցրած տարբեր անձանց նկատմամբ իրավապահ մարմինների կողմից մոտեցումները տարբեր են, ինչն ամենևին չի համապատասխանում ժողովրդավոր պետության իրավական վարքագծին։

Գլխավոր դատախազությունից Forrights-ին տեղեկացրին, որ այս կապաակցությամբ հանցագործության մասին այլ հաղորդում ևս եղել է․

«Այդ բոլորն արդեն իսկ ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ»,- նշեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ոստիկանությունից մեզ տեղեկացրին, որ այս պահին Դատապազությունից նյութերը դեռևս իրենց չեն հասել։ Ստանալուն պես՝ ըստ դատախազի ցուցումի, անհրաժեշտ գործողությունները կկազմակերպվեն։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest