Վճռաբեկ դատարանը, ՄԻԵԴ վճռի լույսի ներքո, վերանայել է իր իսկ կայացրած որոշումը

0
144

Վճռաբեկ դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի լույսի ներքո, վերանայել է մի քանի տարի առաջ իր իսկ կայացրած որոշումը։ Վճռաբեկը բեկանել է ստորադաս դատարանների դատական ակտերն ու գործը երկու ամբասանյալների մասով ուղարկել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Խոսքը՝ Արամ և Արթուր Մարտիրոսյանների աղմկահարույց գործի մասին է, որի իրադարձությունները տեղի էին ունեցել դեռևս 2009 թվականին: Եվրոպական դատարանը «Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրել էր Եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտում՝ արդար դատաքննության իրավունքի և իր դեմ վկայած անձանց հարցաքննելու հնարավորություն չունենալու մասով։

«Սպառնացել էր՝ մինչև իրիկուն ձեր տներից լացի ձեն ա լսվելու, չոքերն ենք տփելու»

Եղբայրներ Արամ և Արթուր Մարտիրոսյաններին ու գործով անցնող մյուս մեղադրյալ Հրաչյա Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու‚ պահելու, ռազմամթերք փոխադրելու‚ ինչպես նաև երկու և ավելի անձանց սպանության փորձ կատարելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով, 235 հոդվածի 2-րդ մասով։ Մեղադրյալներն հենց առաջին իսկ պահից չեն ընդունել իրենց մեղսագրվող արարքը, հայտարարելով, որ որևէ կապ չունեն հանցանքի հետ, իսկ տուժող կողմի ցուցմունքները սուտ են և անհիմն։

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Մարտիրոսյանը եղբոր՝ Արամի ու ընկերոջ՝ Հրաչյայի հետ եղբորորդի Ալիկին դիտողություն անելու չնչին առիթով, 2009 թվականի նոյեմբերի 5-ին Գավառ քաղաքում վիճաբանության ընթացքում ծեծել է Վարդան Մուխսիխչոյանին՝ «Փոթեի Վարդան» մականունով: Վերջինս սպառնացել է՝ մինչև իրիկուն ձեր տներից լացի ձեն ա լսվելու, չոքերն ենք տփելու։

«Ժամեր անց՝ տուն գնալու ճանապարհին, Մարտիրոսյան եղբայրները և Հրաչյա Պետրոսյանը նկատել են Վարդանի անեերոջ՝ Հակոբի՝ մականունը՝ «Կոկո»-ի ավտոմեքենան։ Երբ հավասարվել են մեքենային, տեսել են, որ այնտեղ չորս հոգի կա, ովքեր զենքերն են պատրաստում, իսկ վարորդի կողքին նստած «Կոկո»-ի ձեռքին ինքնաձիգ կա: Քիչ անց Մարտիրոսյանների ուղղությամբ կրակոց է արձակվում:

Նրանց սպանելու դիտավորությամբ Արթուր Մարտիրոսյանը՝ «ՊՄ» ատրճանակով, Արամ Մարտիրոսյանը՝ թմբուկավոր ատրճանակով, իսկ Հրաչյա Պետրոսյանը՝ ինքնաձիգով, բազմաթիվ կրակոցներ են արձակում Հակոբի մեքենայում գտնվողների ուղղությամբ: Կրակոցներից 14-ը դիպչում է մեքենային, ինչից հետո կրակողները դիմում են փախուստի: Բայց նրանց կամքից անկախ մեքենայում գտնվողները չեն մահանում, Հովսեփն ու Սպարտակը ծանր վնասվածքներով տեղափոխվում են հիվանդանոց, նրանց կյանքը փրկվում է»,- «Datalex» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է Forrights-ը։

Հրաչյա Պետրոսյանը, ով նախաքննության ժամանակ ինքնախոստովանական ցուցմունքներ էր տվել, դատարանում հրաժարվում է դրանցից, հայտարարելով, թե իրեն մեղավոր չի ճանաչում: Նա պնդում է, որ նախաքննության ժամանակ իր նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական ճնշումներ են գործադրել, ստիպել են գրել, թե Մարտիրոսյան եղբայրները մասնակցել են սպանության փորձին ու կրակել են «Կոկո»-ի մեքենայի վրա․

«Ինձ խոստացել էին սպանության փորձի համար չդատել, ասել էին՝ շուտով տուն կգնամ»,- նիստերից մեկի ընթացքում հայտարարել էր Պետրոսյանը։

Ողջ դատաքննության ընթացքում դատարան չեն ներկայացել գործով անցնող երեք տուժողները և վկաները։ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ասատրյանի նախագահությամբ, անտեսելով պաշտպանական կողմի միջնորդությունները, այդպես էլ չի ապահովում նրանց ներկայությունը դատարանում․

«Քանի որ չապահովվեց տուժողների և վկաների ներկայությունը դատարանում, մենք միջնորդեցինք, որ նրանց ցուցմունքները չդրվեն դատավճռի հիմքում։ Սակայն, դատարանը, հաշվի չառավ մեր կարևոր դիտարկումը և նախաքննական ցուցմունքները կցելով դատավճռին, մեղավոր ճանաչեց Մարտիրոսյաններին և Պետրոսյանին՝ առավելապես հիմնվելով հենց այդ ցուցմունքների վրա»,- Forrights-ի հետ զրույցում նշեց Մարտիրոսյանների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։

Արամ և Արթուր Մարտիրոսյանները դատապարտվեցին 13 տարի ազատազրկման, Հրանտ Պետրոսյանը՝ 12,  պատժի սկիզբը հաշվելով 2011 թվականի մայիսից։

Բոլոր երեք ամբաստանյալների նկատմամբ 2011 թվականի մայիսի 26-ին կիրառվեց համաներում, ինչի շնորհիվ 2017 թվականին նրանք պայմանական վաղաժամկետ ազատ արձակվեցին՝ պատժի ընթացքում պատշաճ վարքագիծ դրսևորելով։

ՄԻԵԴ-ը փաստել էր՝ գործով անցնող ապացույցները, որոնք դրվել են մեղադրանքի հիմքում, կասկած են հարուցում

Առաջին ատյանի դատարանի դատավճռից հետո՝ պաշտպանական կողմը, ներպետական ատյանները սպառելուց հետո, դատական ակտում տեղ գտած «ապօրինությունների մասին» բողոք ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«Եվրոպական դատարան բողոք ներկայացրինք այն հիմքով, որ տեղի է ունեցել արդար դատաքննության իրավունքի խախտում, քանի որ չէր ապահովվել մեղադրող անձանց՝ կողմերին հարցեր ուղղելու իրավունքը։ Վկաները պարտավոր էին ներկայանալ դատական նիստերին, դատարանը ևս որոշում էր կայացրել նրանց բերման ենթարկելու վերաբերյալ, սակայն, փաստացի տարբեր պատճառաբանություններով այդ որոշումները չէին կատարվել»,- նշեց պաշտպանը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բողոքից 8 տարի անց հօգուտ Մարտիրոսյանների որոշում կայացրեց, արձանագրելով  Եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտում՝ արդար դատաքննության իրավունքի և իր դեմ վկայած անձանց հարցաքննելու հնարավորություն չունենալու խախտում։

Եվրոպական դատարանն իր որոշման մեջ նշել էր, որ ներպետական մարմինները պատշաճ միջոցներ չեն ձեռնարկել վկաներին ապահելու հարցում՝ «անգամ, եթե նրանցից ոմանք ՀՀ-ից դուրս են գտնվել, ապա ոչինչ չէր խանգարում դիմելու միջազգային փոխօգնությանը»։

Բացի դրանից, ՄԻԵԴ-ը նշել էր, որ գործով անցնող մյուս ապացույցները, որոնք դրվել են մեղադրանքի հիմքում, կասկած են հարուցում։

«ՄԻԵԴ-ի այս նկատառումը՝ որպես նոր երևան եկած հանգամանք, Վճռաբեկ դատարանը պարտավորված կերպով հաշվի առավ և բեկանեց որոշումները՝ գործն ուղարկելով նոր քննության»։

Այսօր Արամ և Արթուր Մարտիրոսյանների մասով նոր քննություն է սկսվել  Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այս անգամ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ: Այս պահին դեռևս երկու նիստ է տեղի ունեցել, սակայն՝ կրկին առանց տուժողների ներկայության։

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here