Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկնարկել է երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:
Նշենք, որ Հայաստանի նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի` Ռոբերտ Քոչարյանի կալանքն անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունն է քննարկվում: Դատավարությունն ընդհատվել էր մարտ ամսվա կեսին դատավորի առողջական խնդիրներով պայմանավորված բացակայության պատճառով:
Այսօր փաստաբանական թիմը ներկայացնում է Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը ՀՀ նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։
Պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ իրենց միջնորդությունը երկու ամիս առաջ է ներկայացված եղել: Նա ներկայացնելով միջնորդությունը՝ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացում է տեղի ունեցել, սակայն չցանկացավ հրապարակել նրա ախտորոշումը և դիմեց դատարանին, որ եթե այդ հարցը քննարկելու լինի, ապա քննարկվի փակ ռեժիմով:
«Նախկին երեք վարչապետեր՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը պատրաստ են հանդիսանալ անձնական երաշխավորներ դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի կալանքից ազատելու գործում»,-ասաց նա:
Պաշտպանը հայտարարեց, որ գործի քննությունն իրականացվում է ձգձգումներով և դիմելով դատարանին՝ ասաց. «Երկու ամիս բացակայել եք, հիմա չեք դրսևորում առանձնահատուկ ջանասիրություն այս գործի քննության առումով, շաբաթը մեկ նիստ եք անում, հետո երկու ամսով բացակայում եք»:
Երաշխավոր ներկայացրած նախկին վարչապետները ներկայացան դատարան:
Դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: