Զինծառայողի սպանությունից 19 տարի անց ՄԻԵԴ-ը արձանագրել է կյանքի իրավունքի խախտում․ «Շտաբի պետի սենյակում են տղայիս սպանել»

0
244

19  տարի առաջ  Վայքի զորամասերից մեկում սպանված 22-ամյա զինծառայող Արայիկ Ավետիսյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր որոշում հրապարակեց։ «Անահիտ Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի» գործով Ստրասբուրգի դատարանը գտել է, որ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ հայցվորի որդու կյանքի, ինչպես նաև սպանության գործով  արդյունավետ քննության պարտականությունը կատարելու իրավունքը․

«Եվրոպական դատարանը մի քանի կարևոր խախտումներ է արձանագրել։ Մասնավորապես, ՄԻԵԴ-ի դիտարկմամբ՝ վարույթն իրականսցնող մարմինը հեշտությամբ ընդունել և իրականացրել է միայն մեկ վարկածի շուրջ քննությունը։ Դա այն դեպքում, երբ ականատես վկայի կողմից տրվել է այդ վարկածն ամբողջությամբ հերքող ու սպանությունը կատարած այլ անձի տվյալներ, և դրա ստուգման ուղղությամբ քննությունը պատշաճ չի եղել: Փաստացի, իրականացվել է միակողմանի քննություն»,- Forrights-ի հետ զրույցում նշում է բողոքը դատարան հասցեագրած փաստաբան Արաքս Մելքոնյանը:

Ըստ պաշտոնական վարկածի, զինծառայող Արայիկ Ավետիսյանի սպանությունը տեղի է ունեցել 2001 թվականի հոկտեմբերի 30-ին՝ շտաբի պետի աշխատասենյակում։ Զինծառայող Կարեն Սարգսյանը Ավետիսյանից վերցել է փամփուշտներով լիցքավորված ՊՄ տեսակի ԼՌ-2009 ատրճանակը և փողն ուղղելով Արայիկ Ավտիսյանի վրա՝ սեղմել ձգանը։

Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը, որն այս տարիներին իր սեփական հետաքննությունն է արել, համոզված է, որ տղային դիտավորյալ, շահադիտական նպատակներով սպանել է գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանը՝ մի քանի օրով տուն արձակուրդ գալու հրամանատարին խոստացված 100 ԱՄՆ դոլարը չտանելու համար: Արայիկը սպանվել էր արձակուրդից վերադառնալուց անմիջապես հետո․

«Շտաբի պետի սենյակում են տղայիս սպանել: Հրամանատարը տղայիս արձակուրդ էր ուղարկել այն պայմանով, որ գնաս՝ 100 ԱՄՆ դոլար կբերես, իսկ գնալուց ես չկարողացա այդ գումարն ամբողջությամբ տալ, իր հետ ուղարկեցի միայն 15 000 դրամ: Առավոտյան լսեցի, որ որդիս անզգույշ կրակոցից զոհվել է։ Այդ չարաբաստիկ արձակուրդը վրաս շատ թանկ նստեց»,- Forrights-ի հետ զրույցում իր համոզմունքը հայտնեց տիկին Անահիտը։

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ գործով անցնող մեկ այլ ականատես վկա՝ դեպքի հաջորդող տարին տվել է էականորեն տարբերվող այլ ցուցմունք, որը լրիվ փոխել է դեպքի նախնական վարկածը, ապացուցելով, որ սպանությունն իրականացվել է հրամանատարի կողմից։ Վկան շատ մանրամասն դրվագներով պատմել է կատարվածը, սակայն փաստի առթիվ պատշաճ քննություն չի իրականացվել։

Դեպքից հետո նա Հայաստանից բացակայել է և Ռուսաստանի դաշնությունում է գտնվում մինչ օրս, այնինչ փաստաբանի խոսքով՝ ակտիվ քննչական գործողությունների ընթացքում նա այստեղ է եղել, սակայն քննությունն իրականացնող մարմինները որևէ գործողություն չեն ձեռնարկել։ ՄԻԵԴ-Ն արձանագրել է, որ պատշաճ քայլեր չի ձեռնարկվել նրան հայտնաբերելու ուղղությամբ․

«Կարևոր ցուցմունք էր տրվել, որը չի ստուգվել։ Ցուցմունքից մեկ ամիս անց վկան հրաժարվել էր դրանից, ասելով՝ հորինել եմ, իսկ դատարանը չի ցանկացել ծավալվել այդ կարևոր ցուցմունքի շուրջ և իմանալ հրաժարվելու պատճառի մասին։ Առաջին իսկ պահից վարույթն իրականացնող մարմինն ընդունել է այն վարկածը, որն իրենց հրամցրել են։ Դեպքի վայրում ասել են, որ զինծառայողի վրա կրակել է Կ․-ն ու ամեն ինչ սկսվել է այդ վարկածի շուրջ պտտվել։ Հեքիաթ են հորինել և դա մատուցել վարույթն իրականացնող մարմնին, որը հավատացել է դրան և միայն այդ վարկածի շուրջ ծավալվել»,- նշում է փաստաբան Մելքոնյանը։

Նախաքննության ընթացքում պարզվել էր, որ Արայիկի մարմնի վրա առկա էին ոչ հրազենային վնասվածքներ։ Ըստ զինծառայողի մոր, ինչպես նաև վկայի նախնական ցուցմունքի, դրանք հասցվել են հրամանատարի կողմից՝ զենքի կոթով․

«Իմ տղայի գործը բացահայտ էր, ունեմ բոլոր ապացույցները, որոնք իրավական գնահատական ստանալով,  դժվար չէր լինի սպանություն  կատարող անձին բացահայտել և մեղադրանք առաջադրել, շատ ապացույցներ ունեմ, որին նախաքննական մարմինը էդպես էլ գնահատական չտվեց, ուշադրություն չդարձրեց։ Նախաքննական մարմինը պարզապես ցանկացավ հանցագործությունը թաքցնել»,- նշում է մայրը և վրդովմունքով տեղեկացնում, որ հրամանատարը մինչ օրս իր պաշտոնին է և շարունակում է զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքը։

Հատկանշական է, որ առկա է նաև Արայիկի գլխի վնասվածքի տրամաչափի և զենքի փամփուշտի տրամաչափի անհամապատասխանություն։ Տուժողի իրավահաջորդի նախկին ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի խոսքով «Մակարով» տեսակի զենքն ունի 9,2մմ տրամաչափ, բացում է 10 և ավելի մմ տրամաչափի անցք, իսկ, ըստ փորձագետի, Արայիկի գլխին առկա է 7մմ տրամաչափի վնասվածք․

«Փորձագետի խոսքում հակասություն կա, չի համապատասխանում վնասվածքը զենքի հետ։ Սպանությունը կատարվել է այլ մարդու կողմից՝ այլ զենքով․ սա կհասկանա անգամ ամենապարզունակ մարդը, սակայն այս ճշմարտությունը ձեռք չի տալիս քննչական մարմիններին և Դատախազությանը։ Եթե այս գործը լիովին բացահայտվի, հարյուրավոր մարդիկ կզրկվեն իրենց պաշտոններից և կհայտնվեն ճաղերի հետևում»,- Forrights-ի հետ զրույցում հայտարարում է անկախ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը

Եվրոպական դատարանն իր հերթին արձանագրել է, որ այսքան տարիների ընթացքում չի պարզաբանվել, թե ինչ զենքով է սպանված եղել և թե որտեղից Արայիկի վրա բութ, կոշտ սահմանափակ մակերես ունեցող գործիքի հարվածների հետքեր։

Գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանն այս գործով մեղադրվել է պաշտոնական դիրքի չարաշահման և զինվորներին ծեծելու համար, ազատազրկվել ընդամենը  երկու տարի ու ազատ արձակվել: Տուժողի կողմից այն բողոքարկվել է, գործը վերաբացվել՝ երկու անգամ, սակայն կարճ ժամանակ անց՝ կասեցվել։ Վերջին նոր քննությունը սկսվել է հեղափոխությունից հետո, երեք ամիս անց՝ կրկին փակվել․

«ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ գործը  ներպետական դատարանների կողմից երկու անգամ ուղարկվել է նոր քննության, ինչը հստակ  խոսում է ՀՀ դատաիրավական համակարգի լուրջ թերացումների մասին: Դատարանն արձանագրել է, որ քննությունը պատշաճ չի իրականացվում և տեղից չի շարժվում»։

Ըստ փաստաբանի, Եվրոդատարանի կողմից արձանագրված խախտումները նորություն չէին ոչ ոքի համար, դրանք պարբերաբար բարձրաձայնել են իրենք, սակայն անկատար մնացել պատկան մարմինների կողմից։

Այսօր՝ ՄԻԵԴ վճռից հետո, ենթադրվում է, որ ինչ-որ գործողություններ կիրականացվեն, գործը կվերաբացվի այն խախտումների շուրջ, որոնք դատարանի կողմից արձանագրվել են․

«19 տարի է անցել սպանությունից և գործի ճիշտ ելակետային տվյալներն այսօր չկան, իսկ գործի տվյալներն այնքան խեղաթյուրված են, որ իրական հանգամանքները վերականգնելը շատ դժվար է լինելու»,- ցավով արձանագրում է փաստաբանը։

Նշենք, որ ՄԻԵԴ-ի որոշման համաձայն՝ Հայաստանը Ավետիսյան ընտանիքին պարտավորվում է փոխհատուցել 24 հազար եվրո՝ ոչ նյութական վնասի դիմաց, ինչպես նաև 2 հազար եվրո՝ դատական ծախսերի համար: Ռոզա Վարդանյա

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here