«Մեր դատաիրավական և իրավապահ համակարգում կան կոռուպցիոն համակարգի նվիրյալներ և դավաճաններ: Դա մեզ համար լրջագույն խնդիր է»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մերօրյա դատական համակարգը Սոդոմ-Գոմորի հետ համեմատելով։ Վարչապետը խոստովանեց՝ 2019 թվականին իշխանությունը չի կարողացել լուծել անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը․

«Դրա համար կա մեկ պատճառ․ մենք իրոք ուզում ենք ՀՀ-ում լինի անկախ, օրինական, վստահելի դատական համակարգ: Եթե մենք ուզենանք ունենալ կառավարելի դատական համակարգ, հին խամաճիկային դատական համակարգի փոխարեն, մենք  դա վաղուց արած կլինեինք: Դրա համար 1-2 զանգը, կամ նույնիսկ զանգի բացակայությունը բավարար կլիներ: Բայց մեր քաղաքական կամքն է, որ ՀՀ-ում ժողովրդավարությունն այլընտրանք չունի, այդ հարցում միայն առաջընթաց պետք է ապրի»,- իր խոսքում նշեց Փաշինյանը:

Այն, որ դատական համակարգից դժգոհ են հանրությունը, իրավապաշտպանները, փաստաբանները և անգամ դատավորները, նորություն չէ, սակայն վարչապետի մակարդակով նման դժգոհություն լսելը, այլ հարթություն է տեղափոխում հարցը։ Նիկոլ Փաշինյանն անգամ անդրադարձավ 2019 թվականի ամենամեծ ձախողմանը, խոստովանելով՝ նախորդ տարվա ամենամեծ ձախողումը եղել է ՀՀ ժողովրդի գողացված փողերի վերադարձի գործընթացը, անհաջողություններ կան նաև կոռուպցիայի դեմ պայքարում։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոյանը Forrights-ի հետ զրույցում վստահեցրեց՝ այն, որ դատական համակարգն արմատական բարեփոխման կարիք ունի, դրա մասին ոչ մի խոսք, սակայն համակարգում առկան խնդիրները չեն կարող լուծվել մի քանի դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելով․

«Կոռուպցիայի հաղթահարման համար մենք պետք է նախ դատական իշխանության ներսում գործողությունների կազմակերպման արդյունավետությունը բարձրացնենք, որ կարողանանք կոռուպցիոն սխեման բացահայտել և հաղթահարել։ Հաջորդ փուլում պետք է հասկանանք՝ ովքե՞ր են այն դատավորները, որոնք կոռուպցիոն սխեմայում կան։ Նրանք պետք է հայտնաբերվեն ԱԱԾ կողմից և քրեական պատասխանատվության ենթարկվեն, իսկ այն դատավորները, որոնք իրենց մասնագիտական պարտականությունները սխալ կամ թերի կիրագործեն, նրանցով պետք է զբաղվի Բարձրագույն դատական խորհուրդը։ Այս գործողությունները պատշաճ իրականացնելու պարագայում, դատական համակարգը կմաքրվի»,- նշեց նախկին փաստաբան, այժմ ԱԺ պատգամավոր Սիմոնյանը։

Պատգամավորի դիտարկմամբ, դեռ նախորդ տարի պետք է այս քայլերն իրականացվեին և բարձրացվեր դատական իշխանության արդյունավետությունը և դատավորի անկախության երաշխավորումը․

«Եթե այս գործողությունները չենք արել, ապա իրավունք չունենք անընդհատ բարձրաձայնելու, որ դատական համակարգը վատն է, չէ՞ որ գործիքներն ամբողջության իշխանության ձեռքում են։ Պարտադիր չի, որ իշխանությունը զանգի դատավորին և որևէ գործի մասին հրահանգ տա։ Բավարար է այն, որ քաղաքական հայտարարություններ են արվում կոնկրետ գործի շրջանակներում, կամ նույն այդ քաղաքական գործիչները սպառնում են դատավորներին՝ հասարակության վերաբերմունքով։ Սա նուրբ գիծ է, որը պետք է չանցնել։ Եթե մենք ունենայինք բարձր իրավական մշակույթի հասարակություն, մեր քաղգործիչները կվարանեին նման հայտարարություններ անել»,- կարծիք հայտնեց Տարոն Սիմոնյանը։

Դատական համակարգի կոռուպցիոն սխեմաների մասին բուռն կերպով բարձրաձայնվեց դեռ 2013 թվականի դեկտեմբերին, երբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակեց արտահերթ զեկույց, որում կասկածի տակ էր դրվել Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը։ Զեկույցում նշվում էր, որ Վճռաբեկ դատարանն ու Արդարադատության խորհուրդը կիրառել են երկակի ստանդարտներ, որոնք երբեմն զուգորդվել են օրենքի պահանջների խախտումներով: Զեկույցի հեղինակները նույնիսկ նշել էին «դատական կաշառքի սակագները»․

«Ըստ մեր հարցազրույցների տվյալների՝ կաշառքի չափը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով: Հարցվածների մեծ մասի պնդմամբ, կաշառքի սակագները տատանվում են հետեւյալ միջակայքում․ առաջին ատյանում 500-ից 10,000 ԱՄՆ դոլար, վերաքննիչում՝ 200-ից 15,000, վճռաբեկում՝ 10-ից 50,000»,- նշվաժ էր արտահերթ զեկույցում։ Այս ծավալուն հայտարարության մեջ բազմաթիվ դատավորների անուններ են շոշափվել, որոնցից շատ-շատերը դեռ համակարգում են։

Forrights-ը կապ հաստատեց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ՝ այժմյան դատական համակարգի մասին խոսելու համար, սակայն վերջինս հրաժարվեց հարցազրույց տալ։ Անդրեասյանն իր լռությունը պատճառաբանեց «այս պահին այլ զբաղվածությամբ»։

Հայաստանի հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը բազմիցս է դժգոհել թե՛ դատական համակարգից, թե՛ դատավորներից։ Խոսքն օդում չթողնելու միտումից խուսափելու համար, իրավապաշտպանը բազում օրինակներ է բերել, երբ այս կամ այն դատական սխալի պատճառով, մարդկանց ճակատագրեր են կործանվել։ Կարապետյանցի դիտարկմամբ՝ Հայաստանը երբեք չի ունեցել անկախ դատական համակարգ․

«Մենք ունեցել ենք համակարգ, որը ծառայել և սպասարկել է հանցավոր ռեժիմին, օգնել է կեղեքել, նվաստացնել և հետապնդել Հայաստանի հանրապետության քաղաքացիներին ու բոլոր հնարավոր անօրինական խախտումներն իրականացնել։ Այո՛, առանձին ժամանակներում եղել են և կան դատավորներ, ովքեր իրենց մասնագիտական որակը և մարդ տեսակը չեն կորցրել ցանկացած իշխանության ժամանակ, սակայն նրանց կարելի է մատերի վրա հաշվել։ Առաջարկվող ռազմավարությունը, որն այսօրվա իշխանությունն է առաջարկում, հնարավորություն չի տալու ստանալ այն արդյունքը, որին մենք ձգտում ենք բոլորս»,- Forrights—ի հետ զրույցում ասաց Կարապետյանցը։

Հավելենք, որ դեռ հեղափոխության օրերին դատական համակարգը բարեփոխելու ծրագրեր ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ համակարգը պետք է արմատապես և համապարփակ վեթինգի ենթարկել։ Ըստ վարչապետի ծրագրի՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենար դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, ծավալած գործունեության, անհատական ու պրոֆեսիոնալ հատկանիշների մասին:

Սակայն, նախորդող ամիսներին պարզվեց, որ խորը վեթինգ այդպես էլ չի իրականացվի։ Պարզապես Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կուսումնասիրի դատավորների գույքի, եկամուտի և շահերի հայտարարագրերը՝ այն գործարքներն ու եկամուտները, որ արձանագրվել են 2017 թվականից հետո միայն։ Իսկ բարեվարքության ստուգում կանցնեն միայն դատավորի թեկնածուները։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest