Միքայել Մինասյանի տեսանյութի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՔԾ

285

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ֆիքսվել են ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և տեսանյութում նշվող հանգամանքներին իրավական գնահատականներ տալու հանձնարարությամբ: Այս մասին հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նշենք, որ Միքայել Մինասյանը օրերս տեսանյութով էր հանդես եկել, հայտարարել, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ իր հետ հանդիպում է նախաձեռնել Հռոմում, առաջարկել սիմվոլիկ գումար վճարել որևէ հիմնադրամ, դրանից հետո ազատ ապրել, չվերադառնալ Հայաստան: Միքայել Մինասյանը ասել էր նաև, որ մերժել է այս առաջարկությունը:

Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավված Պետական եկամուտների կոմիտեում քննվող ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու քրեական գործով։ Մեղադրանքները չի ընդունում։