Հացադուլի 13-րդ օր. « Քննիչը սպառնալիքով ա ցուցմունք կորզել․ ասել ա՝ մինչև էս ցուցմունքը չստորագրեք, ոչ մեկդ տուն չեք գնալու»

0
318

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում արդեն 13 օր է, ինչ Արման և Վաղարշակ Խոստիկյաններն անժամկետ հացադուլ են հայտարարել։ Նրանք դուրս չեն եկել անգամ այն բանից հետո, երբ անկուսակցական պատգամավոր Արման Բաբաջանյանն այցելել է հիմնարկում գտնվող 24 հացադուլավորներին և հորդորել դադարեցնել։ 22 դատապարտյալ և կալանավոր դադարեցրել են, Խոստիկյանները՝ հրաժարվել․

«Ասում են՝ մենք շարունակում ենք հացադուլը և մնալու ենք այնքան ժամանակ, քանի դեռ իրականությունը և արդարությունը պատկան մարմինները չեն վերականգնել»,- Forrights-ի հետ զրույցում տղաների խոսքը փոխանցեց մայրը՝ տիկին Թելինեն։

45-ամյա տղաները չեն պահանջում իրենց ազատ արձակել, այլ խնդրում՝ վերանայել քրեական գործը, հաշվի առնել նոր երևան եկած հանգամանքը և արդար քննություն նշանակել։

«Ավտոմեքենա գողանալու մեղադրանքով երկուսին էլ դատել են, բայց էդ սարքած գործ ա, ոչ ապացույց կա, ոչ տեսնող ա եղել, ոչ էլ գործով առկա փաստեր կա։ Քննիչը վկաներից սպառնալիքով ա ցուցմունք կորզել․ դուռը փակել ու ասել ա՝ մինչև էս ցուցմունքը չստորագրեք, ոչ մեկդ տուն չեք գնալու։ Ինձնից էլ փող էին ուզում, չտվեցի, ավելի կատաղեցին ու բռնեցին ամենաաբսուրդ ձևով դատապարտեցին։ Ընդամենը մեքենա գողանալու հոդվածով դատապարտեցին 11 և 12 տարի ազատազրկման, անգամ հաշվի չառան այն հանգամանքը, որ նրանցից յուրաքանչյուրն ունի երկու անչափահաս երեխա»,- վրդովված նշում է մայրը։

Նախորդ՝ 52-օրյա հացադուլի «պտուղները» ստացվել էր․ վկաների բողոքների և Խոստիկյանների պահանջների հիման վրա քրեական գործ էր հարուցվել քննիչի դեմ, սակայն, շատ կարճ ժամանակ անց, կարճվել։ Առաջին ատյանի դատարանը ևս կարճել էր, այս պահին դատապարտյալները բողոքել են Վերաքննիչ քրեական դատարան։

Խոստիկjան եղբայրներն այսօր ծայրահեղ քայլի են դիմել ոչ միայն իրենց քրեական գործի պատճառով, այլ՝ վաղաժամկետ ազատ արձակման դիմումների մերժման խնդրով։

Նրանց հետ հանդիպում ունեցած պատգամավոր Բաբաջանյանը Forrights-ին փոխանցեց, որ եղբայրների գործով որոշակի քայլեր է ձեռնարկում․

«Պատրաստվում եմ քրեական գործը քննարկել գլխավոր դատախազի հետ։ Մինչև այդ, խնդրել եմ գործի մասին տեղեկություններ տրամադրել, որպեսզի հասկանանք, թե ինչ հնարավորություններ և պատուհաններ ունենք, որոնցով կկարողանամ իմ ձեռքի տակ առկա գործիքակազմով օգնել նրանց»,- նշեց պատգամավորը՝ այլ մանրամասնություններ այս պահին չնշելով։

Վաղարշակ և Արման Խոստիկյանները երկուսն էլ ամուսնացած են, նրանցից յուրաքանչյուրն իրենց խնամքին ունեն երկու անչափահաս երեխա։

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը Forrights-ի հետ զրույցում նշեց, որ հացադուլավոր եղբայրների հետ աշխատանք են տանում հիմնարկի աշխատակիցները, հորդորելով դադարեցնել հացադուլը։

«ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները պարբերաբար կապի մեջ են ՔԿՀ վարչակազմի հետ, ինչպես նաև  «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ի Վանաձորի մասնաճյուղի բժիշկների հետ։ Համատեղ քննարկումների ժամանակ հացադուլավորների առողջական վիճակը գնահատել են բավարար, նրանք գտնվում են բժշկական մշտական հսկողության ներքո, իրականացվում են ամենօրյա հետազոտություններ Դատապարտյալները ստացիոնար բուժման կարիք այս պահին չունեն»,- Forrights-ին տեղեկացրեցին ՄԻՊ գրասենյակից։

Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները բարձրաձայնել էին, որ արդեն երկու օր է «Վանաձոր» ՔԿՀ-ում մի խումբ դատապարտյալներ և կալանավորներ հացադուլ էին հայտարարել։ Նրանց մեծ մասը նման ծայրահեղ քայլի է գնացել վաղաժամկետ ազատ արձակման դիմումը չբավարարելու պատճառով, դատապարտյալներ կան, որ անօրինականությունների դեմ են պայքարում, իսկ կալանավորները պահանջում են համավարակի վտանգով պայմանավորված, փոխել իրենց խափանման միջոցը՝ ընտրելով գրավ կամ ստորագրություն չհեռանալու մասին։

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here