Ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած արյունալի դեպքերը Նորատուսում ու Գավառում մարդիկ բացատրում են արյան վրեժով: Նախաքննության մարմինը ևս դիտարկել է այս վարկածը: Մյուս դրդապատճառը, որի շուրջ քննություն է գնում և որը, կարծես թե, պաշտոնական է դառնալու, անչափահասների վեճը լուծելն էր մեծերի կողմից:
Ըստ այդ վարկածի, մոտ մեկ ամիս առաջ գիշերային ակումբում Գավառի ու Նրատուսի անչափահաս բնակիչներ վեճի են բռնվել, որի արդյունքում գավառեցիները թքել են նորատուսցիների դեմքին: Ըստ այլ վարկածի, ոչ թե դեմքին են թքել, այլ լվացարանի վրա: «Սրանք էլ թքողին ասել են՝ պիտի մաքրես քո թուքը»:
Այնուհետև ծեծկրտուք է տեղի ունեցել: Մոտ մեկ ամիս լարվածությունը գավառեցիների ու նորատուսցիների մեջ շարունակվել է, մեծերն են խառնվել: Ի վերջո տեղի է ունեցել այն, ինչ ցնցեց Հայաստանը և մինչ օրս բուռն քննարկումների թեմա է: Մարդկանց երկու խումբ օրը ցերեկով կրակեցին իրար վրա: Սպանվեցին Նորատուսի բնակիչ Վահե Ավետիսյանը՝ Նորատուսցի արջ մականունով և գավառեցի քննիչ, 31-ամյա Զոհրաբ Պարոնիկյանը: Մի քանի անձ էլ հրազենային տարբեր վնասվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց, որտեղ երեկոյան 21-ի սահմաններում «Գավառ» ԲԿ-ում գտնվող եղբայրներ Արմեն և Խաչիկ Հայթյանները կրկնակի հարձակման ենաթրկվեցին: Հիվանդանոս ներխուժած անձինք նրանց կոկորդն են վնասել, մեկ անձի էլ ծեծի են ենթարկել:
Զինվորական քննիչ Զոհրաբ Պարոնիկյանը, ըստ Գավառում շրջող լուրերի, կապ չի ունեցել թշնամի խմբերից ոչ մեկի հետ:
«Պարոնիկյանը գործից դուրս գալուց ա եղել, կանգնել ա, տեսել ա իրենց թաղի մարդիկ կռիվ են անում», — ասում է Գավառի մեր աղբյուրը: Նա Forrrights.am-ի հետ զրույցում նշեց, որ երեկոյան տեղի ունեցած միջադեպը խիստ չափազնցված ձևով է հասել հանրությանը:
«Ներկայացրել են, որ մի 500 հոգի մտել է հիվանդանոց: Նման բան չի եղել: Մորգն ու հիվանդանոցը նույն շենքում են: Մահացածների հարազատները էդ ժամանակ մորգում են եղել, հենց նույն շենքում: Խոսքից խոսք ա բացվել, մի քանի հոգի բարձրացել են վերև, կոտրել են պատուհանները, հարձակվել են Հայթյանների վրա: Սուտ է, որ կրակոցներ են եղել, տուր ու դմփոց: Տաքացած, վշտի մեջ մարդիկ բարձրացել են վերև», — ասաց մեր զրուցակիցը:
Այս դեպքերը շատերը կապում են տարիներ առաջ տեղի ունեցած սպանության հետ: 2017 թվականի հունվարի 7-ին Գավառում սպանվեց Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին՝ Հայկ Հակոբյանը, Նորատուսցի Հայկոն:
Գործն այս մինչ օրս դատաքննության փուլում է: Դատական վերջին նիստը տեղի է ունեցել ապրիլի 17-ին, իսկ հաջորդը նշանակված է մայիսի 15-ին:
Ամբաստանյալի աթոռին Մեխակ Հարությունյանն է, որը ըստ մեղադրական եզրակավության, Մակառով ատրճանակից 7 կրակոց է արձակել Նորատուսցի Հայկոյի ուղղությամբ ու սպանել նրան: Ըստ պատասխանող կողմի, սպանության դրդապատճառը եղել են ծեծը, սեռական հայհոյանքները, նվստացումները, որոնց սպանվածը ենթարկել է Մեխակ Հարությունյանին:
Սպանվածը հարազատական կապեր ուներ Արա եւ Ալիկ Բանդուրյանների հետ: Վերջինս հանցագործ աշխարհում հայտնի է որպես Նորադուզի Ալիկ: Դատական նիստերն այս գործով ընթանում են փակ: Վկաները վախենում են ներկայանալ դատարան: Վկաներից մեկին՝ Մեխակ Հարությունյանի պապիկին, 2018 թվականի հունիսի մի նիստից առաջ սպանվածի ազգականներից Ռաֆիկ Հակոբյանը նույնիսկ ծեծի է ենթարկել, կոտրելով նրա գլուխը, որից հետո վերջինիս որդին կրակել է ծեծողի ուղղությամբ, վիրավորելով նրան ծնկի շրջանում:
Մեխակ Հարությունյանի նկատմամբ 2017 թվականի մարտին «Արմավիր» ՔԿՀ-ում տեղի է ունեցել մահափորձ: Նրա ընտանիքը հեռացել է Նորատուսից: 2019 թվականի նոյեմբերի 2-ին էլ Սևան-Մարտունի ավտոճանապարհին հնչած կրակոցների հետեւանքով սպանվել է Գուրգեն Հակոբյանը: Մեխակ Հարությունյանը նրա զարմիկ էր: Գործը քննվում է, պատվիրատուն հայտնի չէ: Գործն այս հայտնի է և լայնորեն լուսաբանվել է մամուլում:
Ի՞նչ կապ կարող են ունենալ այս դեպքերը Գավառում կատարվածի հետ:
Forrrights.am-ի հետ զրույցում հայտնեց սպանված Հայկ Հակոբյանի հարազատների շահերը ներկայացնող փաստաբան Վարդուհի Էլբակյանը պատասխանեց.
«Բացարձակապես ոչ մի կապ չկա: Մահացողը՝ Նորատուսցի Արչը Հայկ Հակոբյանի ընկերներից է եղել: Գյուղում, դե, բոլորը բոլորի հետ կապ ունեն, շատերը իրար բարեկամ են: Բայց Անդրանիկ Հակոբյանի ոչ ընտանեկան, ոչ բարեկամական կապերի հետ չի առնչվում: Ես խոսել եմ իմ պաշտպանյալի՝ Անդրանիկ Հակոբյանի հետ: Նա ասաց՝ երդվում եմ թոռներիս արև, մենք ոչ մի կապ չունենք: Ես բացառում եմ այդ վարկածը»:
Վարդուհի Էլբակյանը պաշտպանում է Մելոյան Սասուսին, որը, ըստ Էլբակյանի, պատահաբար անցել է կողքով ու հրազենային վիրավորում է ստացել:
Փաստաբններ Ռուստամ Խաչատրյանը, որը ներկայացնում է Հայկ Հակոբյանի սպանության մեջ մեղադրվող Մեխակ Հարությունյանի շահերը, հրաժարվեց խոսել մեզ հետ: «Չեմ կարծում, որ այդ դեպքերը կապ ունեն 2017 թվականի սպանության հետ, բայց ես զերծ կմնամ մեկնաբանությունից», — ասաց նա:
Չպատասխանելով մեր հարցին, թե պատահակա՞ն է գտնում այն հանգամանքը, որ սպանվածների մեջ Նորադուսցի Հայկոյի ընկերն է, նա անջատեց հեռախոսը:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: