«Մարտի 1»-ի գործով տարիներ շարունակ կեղծ քննություններ իրականացնող քննիչերից, դատախազներից, մեղադրանքի պաշտպաններից, ոստիկաններից, որոնք 2008 թվականի լուսադեմին գազանաբար ծեծի ու բռնությունների ենթարկեցին հարյուրավոր քաղաքացիների, մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել:
Երկու գլխավոր մեղադրյալները՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը մեղադրյալի կարգավիճակում են:
Սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրվող Քոչարյանի դատաքննությունը ոչ մի կերպ չի սկսվում, իսկ Վահագն Հարությունյանը, որը մեղադրվում է ապացույցներ կեղծելուն հանցակցելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, հետախուզման մեջ է:
Արդեն մի քանի անգամ նրան կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել, որոնք դատարանը մերժել է: Վերջինը մերժվեց ապրիլի 17-ին՝ վերաքննիչ դատարանի կողմից:
Այս նույն Մարտի 1-ի քննչական խմբի մեկ այլ ղեկավարի՝ Վաղինակ Ջանազյանին, որն այդ պարտականությունը ստանձնել էր 2011 թվականին, պաշտոն են տվել: Նա մոտ մեկ տարի է արդեն, ինչ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնն է զբաղեցնում, մոտավորապես այն ժամանակ, երբ Վահագն Հարությունյանի դեմ վարույթ հարուցվեց:
Ջանազյանը որպես քննչական խմբի ղկավար, ժամանակին դադարեցրեց հանրային հետաքրքրություն ներկայացնող այս գործով մամուլի ասուլիսների պրակտիկան: Նրա հայտարարություններից մեծ աղմուկ էր բարձրացրել: 2012 թվականին նա Փաշինյանին պատկանող թերթին հայտնել էր, որ Մարտի 1-ի քրգործով ամենամսյա հանդիպումները լրագրողների հետ այլևս տեղի չեն ունենա, քանի որ չկա հասարակական պահանջ: Այս հայտարարությունը վիրավորել էր մարդկանց: «Ֆեյսբուքում» այս հայտարարությունից հետո խումբ էր ստեղծվել ընդդեմ Զանազյանի՝ «Պահանջում ենք բացահայտել Մարտի 1-ը և պատժել մեղավորներին» վերնագրով:
Այսօր պաշտոնյան, որը Սերժի ժամանակներում հայտարարում էր, թե չկա այլևս մարտի մեկի գործով հանրային պահանջ, ավելի բարձր դիրք է զբաղեցնում, փաստացի ազատվելով կեղծ, հանցավոր քննության համար պատասխանատվությունից:
Մուշեղ Բաբայանը, որը ևս Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար է եղել, այսօր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետն է:
Լիլիթ Թադեւոսյանն էլ, որը դատարանում Մարտի մեկի գործով մեղադրանքը պաշտպանողներից էր, այսօր վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահն է «Լիլիթ Թադեւոսյանը Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Գեւորգ Մանուկյանի, Գագիկ Ջհանգիրյանի գործով մեղադրող դատախազներից է եղել:
Ոչ ոք չի հիշում այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որը անմիջական պատասխանատուն է եղել 2008 թվականին Երեւանում մարտի 1-2-ի «զանգվածային անկարգությունների» քրեական գործի ընթացքի: Հիշեցնենք, որ Մարտի մեկին հաջորդող օրերին Հայաստանում ռեպրեսիաներ սկսվեցին: 2008 թվականի օգոստոսի դրությամբ, այսինքն, դեպքերից 6 ամիս անց մեղադրանք էր ներկայացվել 139 անձի, նրանցից 117-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը, մնացածին ստորագրությամբ բաց թողեցին, սակայն շարունակում էին քարշ տալ քննիչների մոտ, բռնությունների ենթարկել, ծեծել, ջարդել վկաներին: Անփառունակ նախաքննությանը հարոջդեցին խայտառակ դատավարություններ:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: