Ամառային զոորակոչը կիրականացվի 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 30-ը ներառյալ՝ զորացրումը՝ 2020 թվականի հուլիսի 1-ից օգոստոսի 11-ը ներառյալ, իսկ զորակոչային նախապատրաստական աշխատանքները կսկսվեն մայիսի 1-ից։ Թե ինչպես կիրականացի զորակոչը երկրում առկա Covid 19 համաճարակի տարածմանը զուգընթաց, շատ հարցեր է առաջանում, սակայն ինչպես ՊՆ-ից են տեղեկացնում՝ խիստ միջոցառումներ կիրականացվեն։

Օրինակ՝անհարկի կուտակումներից խուսափելու համար զորակոչիկները իրենց ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումներ կներկայանան փոքր խմբերով։ Օրվա ընթացքում պարբերաբար կախտահանվեն շենք-շինություններն ու փոխադրամիջոցները։  Կավելացվի զորակոչիկներին տեղափոխող տրանսպորտային միջոցների թիվը, ինչը թույլ կտա տեղափոխումը իրականացնել փոքր խմբերով։ Կենտրոնական հավաքակայանից  զորակոչի ընթացքին ծնողները կհետևեն դրսից` տեսակապի միջոցով։

Ըստ «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանիկ պետք է համաճարակի դեմ պայքարի բոլոր նորմերը խստագույս պահպանվեն, որպեսզի համաճարակը չներթափանցի Զինված ուժեր։

«Շատ դժվար է պատկերացնել, թե ինչ գործընթացներ պետք է կատարեն, որպեսզի կանխեն կորոնայի տարածումը զորակոչի ընթացքում։ Շատ են խնդիրները՝ սկսված հանձնաժողովի աշխատանքից, բուժզննման կազմակերպման հարցերը  զինկոմիսարիատներում այդ կուտակումները ինչպե՞ս են կազմակերպելու, ինչպե՞ս են տեղափոխվելու հավաքակայաններ, ինչպե՞ս է վիճակահանությունը կազմակերպվելու և այլն»,- իր մտահոգությունը հայտնեց Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահը։

Զորակոչը հետաձգելու անհարժեշտության մասին Էդգար Խաչատրյանը մանրամասնեց, որ նման դեպքում ևս խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ զորակոչը հետաձգելուն կզուգորդի զորացրումը հետաձգելը, ինչը շատ դժվար է կազմակերպել, արդյունքում շատերը կծառայեն նշված ժամկետից ավել․

«Եթե որևէ մեխանիզմ պետությունը չունի, միգուցե  ճանապարհներից մեկը հետաձգելն էր, բայց եթե կան մեխանիզմներ, որի մասին մենք այս պահին տեղյակ չենք՝ այդ դեպքում բերեն և մեզ ներկայացնեն մեխանիզմները, որպեսզի մենք հասկանանք, որ ամեն ինչը նախատեսված է, որպեսզի  պատշաճ կարգով կազմակերպեն և որևէ վտանգ չի սպառնալու զորակոչիկներին այդ գործընթացի ընթացքում»,-ասաց նա։

 Էդգար Խաչատրյանը մանրամասնեց, որ ԶՈՒ ներթափանցելու դեպքում շատ դժվարություններ կարող ենք ունենալ, քանի որ բանակում սոցիալական հեռավորություն պահլը դժվար է՝ հենց միայն շարք կանգնելու դեպքում, կամ վարժանքների ժամանակ․

«Դժվար թե զինվորները կարողանան ձեռնոցներով և դիմակներով ծառայություն իրականացնել»,-նկատեց նա։

Էդգար Խաչատրյանը մանրամասնեց, որ դիմել են ՊՆ և Առողջապահության նախարարություն, որպեսզի պարզեն, թե ինչ նոր իրավական նորմեր կան որոնք կարգավորելու են զորակոչի կազմակերպման գործընթացը։

Պաշտպանության նախարարությունը տվյալ իրավական ակտը չի տրամադրել, նշել է, որ շրջանառոթյան մեջ է և պատրաստ կլինի զորակոչի ընթացքում։

Ըստ Պաշտպանության նախարարության՝ զորակոչի ընթացքում հնարավորինս կնվազեցվի զորակոչիկների և զորակոչը սպասարկող անձնակազմի միջև շփումը։  Զորակոչիկները հավաքակայան կներկայանան ըստ ԶԶՀԾ տարածքային ստորաբաժանումների, վիճակահանության համար կօգտագործվեն բաց տարածքները։

 Մայրաքաղաքին մոտ վայրերից հանրապետական հավաքակայան ժամանած զորակոչիկներն այդտեղ չեն գիշերի և գործընթացի ավարտից հետո կմեկնեն վիճակահանված զորամասեր։

Ըստ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի՝ ջերմություն ունեցող զորակոչիկները կմեկուսացվեն։

«Զորամասերում զորակոչիկները 14 օր կգտնվեն առանձնացված տեղամասում՝ զորամասի բուժանձնակազմի խիստ բժշկական մշտադիտարկման ներքո, ըստ անհրաժեշտության՝ նաև կթեստավորվեն։ Զորամասում նորակոչիկների հետ աշխատող անձնակազմը ծառայությունը կիրականացնի զորանոցային ռեժիմով։ Զորամասում նորակոչիկներին սնունդը կմատուցվի՝ խստորեն պահպանելով սանիտարահիգիենիկ պահանջները»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Կառավարության նիստում որոշում կայացվեց մայիսի 1-ից մինչեւ օգոստոսի 30-ը ներառյալ ամառային զորակոչ հայտարարելու մասին․

 «Հայտարարել 2020 թվականի մայիսի 1-ից մինչեւ օգոստոսի 30-ը ներառյալ ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին  լրանում է մինչեւ 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչեւ 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ:

2020 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչեւ 2020 թվականի օգոստոսի 11-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին: Այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին»:

Ազնիվ Սիրադեղյան

Pin It on Pinterest