ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են դատախազություն։

Նշենք, որ նախօրեին «Ադեկվադ» միաբանության անդամներն ահազանգել էին, որ միաբանության անդամ Արթուր Դանիելյանը հարձակման  է ենթարկվել  փողոցում՝ Ալեն Սիմոնյանի կողմից։

Ավելի ուշ, ֆեյսբուքյան ուղիղ եթերով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրարձավ իր և Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպին։ Սիմոնյանը պատմեց, որ Դանիելյանին փողոցում է պատահաբար հանդիպել, վերջինս երկար նայել է իր ուղղությամբ, որին ի պատասխան նա բարևել է Արթուրին։

«Ես ասացի բարև Արթուր, որին ի պատասխան ես ներողություն եմ խնդրում, լսեցի բարև …, ներողություն եմ խնդրում, բայց ուզում եմ լինել անկեղծ և պատմել գրեթե ամեն ինչ։ Ես մոտեցա և ասացի, որ նույն կարծիքն ունեմ իր մասին և գլխով հարվածեցի քթին։ Կարծում եմ, յուրաքանչյուր մարդ, ով հիմա դիտում է, յուրաքանչյուր երիտասարդ, չի կարող ասել, թե թերեւս ճիշտ էր այլ կերպ վարվելը»,- պատմեց Սիմոնյանը։ Ալեն Սիմոնյան, հավելելով, որ անկախ այն հանգամանքից, որ ինքը պետական պաշտոնյա է, չի կարող թույլ տալ, որ փողոցում քայլող որևէ մեկը իրեն բարև տվողին սեռական բնույթի հայհոյանք տա։


Սիմոնյանը պատմեց, որ հարվածին հաջորդել է փոքր ծեծկռտուք։ Սիմոնյանի խոսքով’ Դանիելյանի հետ գտնվող երկու անձինք ևս հարվածել են իրեն և ծեծկռտուք է եղել, որին միջամտել են փողոցում քայլող մարդիկ, և երեք անձինք հեռացել են տարածքից։


«Ես պատրաստ եմ պատասխանատվություն կրել իմ արարքի համար, եթե սխալ եմ վարվել, թեև այն քայլերը, որոնք ես արել եմ, գնահատում եմ որպես ինքնապաշտպանություն»,- ասաց Սիմոնյանը։


Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնել էին, որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» շարժման համահիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով բերման է ենթարկվել 2 անձ,որոնք ազատ են արձակվել։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest