NEWS.am-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այսօր՝ ապրիլի 28-ի հնչած կրակոցների հետեւանքով 2 քաղաքացու սպանությունից հետո Գավառում իրավիճակը կտրուկ լարվել է։ Տեղի է ունեցել դաժան վենդետա, և դա այն դեպքում, երբ ոստիկանապետ Արման Սարգսյանն անձամբ եղել է դեպքի վայրում, ոստիկանությունը փաստորեն չի կարողացել վերահսկել իրավիճակը։

Դանակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ այդ ժամանակ հսկողություն էին իրականացնում ոստիկանական ուժերը, հիվանդանոցում գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին՝ ծեծի ենթարկել։

Դրանից հետո նշված անձինք կարողացել են հեռանալ հիվանդանոցից։ Փաստորեն, ոստիկանները չեն կարողացել ոչ միայն կանխել հանցագործությունը, այլև ձերբակալել հանցագործությունը կատարողներին։

Մեր տեղեկություններով՝ 2 քաղաքացիները, որոնց կոկորդը կտրել են, հարազատ եղբայրներ են. նրանցից մեկի անունը Արմեն է, մյուսինը՝ Խաչիկ։ Armlur.am-ի տեղեկություններով՝ երկուսն էլ մահացել են։ Հիվանդանոցում այնպիսի իրավիճակ է, որ նույնիսկ քննիչները չեն կարողանում մուտք գործել։

Կան նաև տեղեկություն, որ կրակոցներից հետո հարձակման ենթարկված անձանցից մեկին վիրահատում են, մյուսի վիճակը ծանր է, նրանց տեղափոխել են Երևան։

Ավելի ուշ NEWS.am–ին հայտնի են դարձել որոշ մանրամասներ դեպքից։ Ցերեկը հնչած կրակոցներից հետո, երբ երկու մարդ սպանվել է, երկուսը՝ տեղափոխվել Երևան, դեպքի վայրից փախուստի դիմած անձին ճանապարհին վթարի են ենթարկվել ու տեղափոխվել Գավառի հիվանդանոց։ Հենց նրանք էլ ավելի ուշ վենդետայի զոհ են դարձել։ 

Armlur.am-ի տեղեկություններով՝ քաղաքացիները երկաթյա ձողերով մտել են հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։

Ձողերով եւ դանակներով զինվածները սկսել են ջարդուփշուր  արել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձիք եւ դանակով կտրել են նրանց երկուսի վիզը: Այդպես վրեժ լուծելուց հետո հեռացել են:

Ավելի վաղ Shamshyan.com-ը հաղորդել էր, որ այսօր Գավառ քաղաքի Ազատության փողոցում հնչել են կրակոցների, ինչի հետեւանքով 2 հոգի մահացել են, 4 քաղաքացի տեղափոխվել հիվանդանոց։ Նրա տեղեկություններով՝ սպանվածներից մեկը Նորատուս համայնքից է՝ «Նորատուսցի արջ» մականունով, մյուսը՝ ռազմական ոստիկանության քննիչ։ 

Ինչպես հաղորդում է Yerkirmedia-ն, դեպքից հետո 2 վիրավոր տեղափոխվել է Երևան, 2 վիրավոր՝ Գավառ։ Ոստիկանությունը hսկողության տակ է վերցվել նաև Գավառի հիվանդանոցը:

Գավառ են ժամանել ոստիկանության հատուկ ջոկատայինները, ովքեր ՀՀ ոստիկանապետի կարգադրությամբ ուժեղացված ծառայության են անցել Գավառում:

Միաժամանակ Armlur.am-ը հաղորդում է, թե ինչպես է տեղի ունեցել վեճը. Նորատուս համայնքի եւ Գավառի անչափահաս տղաների միջեւ վեճ է եղել: Եվ անչափահասների խնդիրը կարգավորելու, կողմերին հանդարտեցնելու նպատակով գործին խառնվել է զինվորական քննիչը՝ Զորիկ Պարոնիկյանը, ինչից հետո էլ հնչել են կրակոցները:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով էլ՝ երկու մեքենա ուղեկցել են զոհերի մեքենան, ապա՝ կանգնեցրել են ու կրակահերթ բացել։ Հանցագործության զոհ է դարձել ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչ՝ 1989թ. ծնված Զոհրաբ Անուշավանի Պարոնիկյանը, մյուս սպանվածը նրա փեսան է։ Հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու եւ ավելի անձանց սպանության, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու, պահելու հատկանիշներով։ 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest