Զանգվածային լրատվության մասին օրենքը արմատական փոփոխության կարիք ունի։ Այս մասին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
«Մենք տեղյակ ենք, որ ԱԺ-ի մի խումբ պատգամավորներ հեղինակել են նախագիծը, այն երեկ է մեզ հասել․ 50 էջանոց օրենքի նախագիծը դեռ պետք է ուսումնասիրել և համապատասխան փորձագիտական երակացություն պետք է տրվի»,-ասաց Աշոտ Մելիքյանը։
Ըստ Աշոտ Մելիքյանի՝ մտահոգիչ է Զանգվածային լրատվության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու առումով կատավող գործընթացները․
«Մեծ հաշվով ԱԺ տարբեր խմբակցություններ հայտարարել են, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում, գործում է նաև աշխատանքային խումբ, բայց այդ աշխատանքները համատարած բնույթ չեն կրում և դա է պատճառը, որ այդ գործընթացներն արդյունավետ չի»,-ասաց նա։
Ավելանում են լրատվամիջոցների դեմ զրպարտության, վիրավորանքի մասին հայցերը, որը ըստ Աշոտ Մելիքյանի կարծիքի՝ հետևանք է ԶԼՄ-ների բևեռացման, և նախևառաջ տարբեր քաղաքական ուժերի շահերը սպասարկելու հետ է կապված․
«Մեծ հաշվով, քաղաքական պայքարը վաղուց տեղափոխվել է լրատվամիջոցների դաշտ, և այստեղ ցանկացած միջոցներ են կիրառվում։ Միջոցների մեջ խտրականություն չի դրվում։ Կարծում եմ՝ սրա մեղավորները քաղաքական ուժերի ղեկավարներն են, որոնք չեն ուզում սաստել, այլ հակառակը՝ որոշ դեպքերում խրախուսում են, որպեսզի ընդդիմախոսներին ոչ միայն քննադատեն, այլ նաև վարկաբեկեն ցանկացած միջոցներով։ Բնական է, որ այս պայմաններում և՛ դատական հայցերի քանակն է ավելանում, և՛ դրա հետ մեկտեղ լրատվամիջոցների սոցիալական առաքելությունն է մղվում հետին պլան։ Այդ պայմաններում լրատվամիջոցների հեղինակությունն է ընկնում է, և նրանց նկատմամբ վստահությունն է ընկնում»,-ասաց Աշոտ Մելիքյանը հավելելով, որ հանգամանքը խիստ մտահոգիչ երևույթ է։
Աշոտ Մելիքյանը նաև անդրադարձավ «Էլեկտրիկ Երեւան»-ի և «Սարի թաղի» հայտնի քրեական գործերին, որոնցով Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն զբաղվում է․
««Էլեկտրիկ Երեւան»-ի արդեն երկրորդ անգամ կասեցված գործը լրագրողները բողոքարկեցին և հունվարի 21-ին Վերաքննիչ դատարանը կարճեց գործի քննությունը, այն պատճառով, որ ՀՔԾ-ն ինքը կասեցրել է իր իսկ կայացրած որոշումը և նախաքննությունը վերսկսվել է»,-մանրամասնեց Աշոտ Մելիքյանը, հավելելով, որ անցած տարի նույն ճակատագրին է արժանացել նաև «Սարի թաղ»-ի գործը։ Նշենք, որ այս երկու գործերով 40-ից ավել լրագրողներ և օպերատորներ են տուժել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրատվամիջոցների՝ նախկինում իշխանություններից գումար ստանալու մասին հայտարարություններն ու մեղադրանքների մասին Աշոտ Մելիքյանը ասաց, որ երևույթը բավականին հայտնի է: Հայտնի է, որ բազմաթիվ լրատվամիջոցներ ֆինանսավորում են ստացել նախորդ իշխանության ժամանակ տարբեր պետական ատյաններից. դրանք եղել են և′ ձևական բնույթի՝ ինչ որ պայմանագրերի հիման վրա, և′ ուղիղ ֆինանսավորում․
«Հայտնի չէ, թե որոնք են չափանիշները, որ պետական մարմինը հենց այդ ԶԼՄ-ին է ֆինանսավորել: Հրապարակումներ են եղել, որ նույնիսկ սփյուռքի նախարարությունը, մշակույթի նախարարությունն է նման ֆինանսավորում իրականացրել, Երևանի քաղաքապետարանը: Հեղափոխությունից հետո այդ ամենն ի հայտ եկավ»,-ասաց նա։
Ըստ Աշոտ Մելիքյանի՝ այն բառապաշարով, որով վարչապետը խոսում է այդ թեմայով, հարիր չէ իր պաշտոնին․
«Բառապաշարը պետք է վերանայվի։ Ինչ վերաբերվում է բերված տոկոսներին՝ ավելի քան համոզված եմ, որ դա բանավոր խոսքի մաս է կազմել, և ճշգրիտ տոկոսների մասին չէ խոսքը՝ աչքաչափով բերած թվեր են, որոնք անպայման չէ, որ համապատասխանեն իրականությանը»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր. «Լրատվական դաշտն ինչպե՞ս է կառավարվել: Լրատվամիջոցների 99%-ը և լրագրողների 70%-ն իշխանություններից փող են ստացել»:
Ազնիվ Սիրադեղյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: