Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու գործով նախաքննությունը երկու մեղադրյալների մասով ավարտվել է, գործը կուղարկվի դատարան։ Ամբաստանյալների աթոռին կհայտնվեն ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Վաչագան Ներսիսյանը և Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանը։
«Տուժողն ու մեղադրյալներն ամիսներ առաջ են առերեսվել։ Իմ վստահորդ Արմեն Մարտիրոսյանը ներկայացրել է, թե ինչպես են 2008 թվականին մահակով և հակագազով իրեն խոշտանգել։ Մարտիրոսյանը ճանաչել է Ներսիսյանին և Սիմոնյանին առերես հարցաքննության ժամանակ և ցուցմունքում պնդել, որ իրեն բռնության ենթարկել են այդ սենյակում իր հետ առերեսվող անձիք»,- այս մասին Forrights-ի հետ զրույցում նշեց տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը։
Ըստ առաջադրված մեղադրանքի` Վաչագան Ներսիսյանը 2008 թվականի նոյեմբերի սկզբին` իր աշխատասենյակում, նույն բաժանմունքի ծառայողների մասնակցությամբ, բնակարանային գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել է հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Արմեն Մարտիրոսյանի հետ: Վերջինիս կողմից դեպքին առնչություն ունենալու հանգամանքը հերքելուց հետո Ներսիսյանը և ոստիկանության մի շարք այլ ծառայողներ, գողության փորձ կատարելու դեպքը խոստովանելու պահանջ ներկայացնելով, Արմեն Մարտիրոսյանին գցել են գետնին, գլխին անցկացրել հակագազ և ձեռքերով ու մահակով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Փաստաբանի խոսքով՝ չնայած տուժող կողմի հայտարարություններին, մեղադրյալները չեն ընդունել իրենց մեղսագրվող հանցանքը։ Այնինչ, փաստաբանն ապրիլի 21-ին է տեղեկացվել, որ երկու մեղադրյալների շուրջ արդեն իսկ ձեռք են բերվել բավարար քանակությամբ ապացույցներ։ Ղարագյոզյանը, չցանականալով նախաքննական գաղտնիքներ հրապարակել, միայն նշեց, որ տուժողի ցուցմունքից զատ, նյութերում առկա է նաև ոստիկանության երկու ներկայացուցչի ցուցմունք, որոնք առնչվում են մեղադրանքին․
«Ընդդեմ մեղադրյալների ցուցմունք է տրվել, որոնք ճանաչվել են ապացույց։ Շատ հավանական է, որ նրանք դատարան դատակոչվեն որպես վկա»,- տեղեկացրեց նա։
Տուժող կողմը նաև դատահոգեբանական փորձաքննության միջնորդություն է ներկայացրել, որը բավարարվել է․ փորձաքննությունը պետք է պարզի, թե տուժողն ինչ հոգեբանական ցավ և տառապանք է ապրել։
Արա Ղարագյոզյանը հույս հայտնեց, որ քրեական գործով դատարանը վաղեմության ժամկետ չի կիրառի։ Փաստաբանի մտավախությունն իզուր չէ․ հիմնականում այն գործերը, որոնց կատարման համար նախատեսված վաղեմության ժամկետն անցնում է, դատարանները միանգամից վաղեմության ժամկետ են կիրառում և գործը փակում․
«Սակայն այս դեպքում, Եվրոպական դատարանի վճիռները և Եվրոպական կոնվեցիան արգելում են վաղեմության ժամկետի հաշվի առնումը խոշտանգման պարագայում։ Քանի որ մենք 2008 թվականին խոշտանգման հոդված չենք ունեցել, այլ՝ «լիազորությունների անցում», և այդ կարևորագույն օրենքն ընդունել ենք 2015 թվականին, ապա հնարավոր է դատարանն օգտվի դրանից։ Այնինչ, այս գործն ակնհայտ խոշտանգման օրինակ է և դատարանն էլ պարտավոր է ճանաչել խշոտանգումից զերծ մնալու իրավունքը։ Ցավոք, մեր դատական համակարգում չկա մասնագիտացված դատավոր, ով լիարժեք կքննի խոշտանգման գործերը և արդարացի որոշումներ կկայացնի։ Մենք պետք է հասնենք նրան, որ այս գործով լինեն մեղադրական խիստ դատավճիռներ»,- հայտարարում է փաստաբանը։
Հիշեցնենք՝ 2019 թվականի նոյեմբերին համացանցում հրապարակված «Սկանդալային տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով։ Կատարված նախաքննության ընթացքում պարզվել է ենթադրյալ բռության ենթարկված անձի ինքնությունը, վերջինս գործով ճանաչվել է տուժող։
Խոշտանգման կադրեր պարունակող տեսանյութի կապակցությամբ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն` քաղաքացուն խոշտանգելու առերևույթ հանցագործության դեպքը տեղի է ունեցել Հայաստանի ոստիկանության բաժանմունքներից մեկում:
Տեսանյութի հրապարակումից մեկ օր անց ծառայողական քննության շրջանակում ժամանակավորապես դադարեցվել են ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները։
ՀՔԾ պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ Մահակով և հակագազով ցուցմունք կորզելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
«ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ 2008 թվականի նոյեմբերին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Ն.-ն և նույն բաժանմունքի ավագ օպերլիազորի պաշտոնը զբաղեցրած Ն. Ս.-ն խմբով, դիտավորությամբ կատարել են բռնությամբ և հատուկ միջոցի գործադրմամբ զուգորդված այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից և էական վնաս պատճառել անձի իրավունքներին ու պետության օրինական շահերին »,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: