Երևան քաղաքի Մուշ թաղամասում ապրիլի 24-ի երեկոյան փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ, դատախազի հանձնարարությամբ երեկ Ոստիկանության Մալաթիայի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258֊րդ հոդվածի 3֊րդ մասի հատկանիշներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ նախնական քննության շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական, այլ դատավարական և օպերատիվ֊ հետախուզական գործողություններ։

«Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, հստակեցված են տուժողների, միջադեպին մասնակից, առերևույթ հանցավոր արարքներ կատարած անձանց հիմնական շրջանակը, միջոցներ են ձեռնարկվում վերջիններիցս մի քանիսին հայտնաբերելու ուղղությամբ։ Հետագա լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները, ստուգման առարկա են բոլոր հնարավոր շարժառիթները»,-հայտնել է Աբրահամյանը և հավելել, որ քննության ընթացքի և արդյունքների մասին հընթացս թույլատրելիության սահմաններում կտրվի համապատասխան տեղեկատվություն։ 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս անդրադարձել է փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների և մի շարք այլ անձանց նկատմամբ կիրառված բռնության անթույլատրելիությանը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Մարդու իրավունքների պաշտպանը, մասնավորապես, նշել է.

«Ցանկացած պարագայում է դատապարտելի բռնությունը, որ ըստ հրապարակումների՝ կիրառվել է փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների և մի շարք այլ անձանց նկատմամբ:

Քանի որ Սեդա Սաֆարյանը կասկած ունի, որ դեպքը կարող է կապված լինել իր մասնագիտական գործունեության հետ, ապա այս հարցը պետք է լինի քրեական վարույթով առաջնահերթ պարզելու ենթակա հարց։ Դա կլինի իմ անմիջական ուշադրության ներքո։

Երեկ տիկին Սաֆարյանի հետ չստացվեց խոսել. այսօր նորից կկապվեմ։ Հարցը քննարկել եմ նաև Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ»:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest