«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
«Վերջին 12 տարիներին կապի և հեռահաղորդակցության Ucom ընկերության զարգացումն ու հզորացումը մեր թիվ մեկ առաջնահերթությունն է եղել, որի համար գործընկերների հետ համատեղ ներդրել ենք սոցիալական կապիտալ, ռեսուրսներ, անհնարինին հասնող ջանքեր և էներգիա։ Բնականաբար, ավելորդ եմ համարում նշել, որ երբևէ չենք դիտարկել ընկերությունը որևէ երկրի կամ կողմերին վաճառելը՝ գիտակցելով հայկական տելեկոմ ունենալու կարևորությունն ու քաղաքացիների առաջ ստանձնած պատասխանատվությունը։
Սակայն երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իմ առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։ Ավելին, որպես պահանջի մաս ներկայացվել է մեր մյուս կարևոր գործունեության՝ հայկական ՏՏ ոլորտի առաջատար IUnetworks ընկերության օտարումը ևս։ Ապօրինությունների բաղկացուցիչ մասն է կազմել բոլոր գույքերի, այդ թվում նաև ընկերություններում բաժնեմասերի վրա դրված անօրինական կալանքը։ Սպառնալիքները հասել են ընդհուպ մինչև այն կետին, որ խոստացվել է անկառավարելի իրավիճակ ստեղծել ընկերություններում, որի արդյունքում, ըստ նրանց, ստիպված կլինենք համաձայնություն տալ վաճառելուն՝ այն էլ, առավելագույն ցածր գնով։
Ես փորձել եմ ողջամիտ լուծումներ առաջարկել, քանի որ գիտակցում եմ ոչ ստաբիլության կործանարար հետևանքները մեր ընկերությունների 3000 աշխատակիցների, տեղական և միջազգային գործընկերների, ընթացիկ և ավարտական փուլում գտնվող հանրային նշանակության նախագծերի վրա։ Տեսնելով, որ սաբոտաժը արդյունք չի տվել, և մենք շարունակում ենք տիրապետել իրավիճակին, վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմնեիս, ինչպես նաև մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ։
Խնդրում եմ արձանագրել, որ այս անօրինությունները, նման բացահայտ եղանակով տեղի են ունենում 2020 թվականին, բաց տեղեկատվության ժամանակներում ու այն պարագայում, երբ երկրում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրություն է հայտարարված, և արդեն իսկ երկրի տնտեսությանը զգալի մասը հարվածի տակ է, այդ թվում նաև մեր ընկերությունների խումբը։
Ու քանի որ իրավական եղանակով պաշտպանվելու գործիքակազմը երկրի ներսում սպառվել է, մենք ստիպված են հանրայնացնել այս գործընթացը և դիմել միջազգային հարթակների։ Հանգամանքերից ելնելով` այսօր հանրայնացնում ենք միայն մեկ դիպվածի մասին, սակայն, պետք է իմանաք, որ հատվել են իրավական ու բարոյական սահմաններ, ինչն ամբողջությամբ արձանագրված է ու ինչը դեռ կներկայացնենք։ Կոչ ենք անում ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին, ՀՀ-ում գործող տեղական և միջազգային բիզնես ասոցացիաներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին և իրավապաշտպան կազմակերպություններին հետևել այս գործընթացին և գնահատականներ տալ։
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ապօրինությունները և տեղեկացնում, որ ճնշումների, սադրանքների, պետական որոշ լծակների ոչ իրավաչափ կիրառման միջոցով իրականացվող ճնշումներին տեղի չենք տալիու։ Վստահ եմ, որ մեր հենքը օրինական է, բարոյական ու մենք չեն դարձնելու 12 տարվա ինստիտուցիոնալ կառույցը՝ իր սոցիալական կապիտալով ու մարդկային ճակատագրերով, սակարկությունների առարկա անգամ ամենածանր ճնշումների պարագայում։ Ucom-ը չի վաճառվում ու մեր արժանապատվությունը սակարկության չի դրվում։
«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, ինչպես նաև հանդիսանում է Հայաստանի խոշոր հարկատուներից մեկը՝ տարեկան 13-15 միլիարդ ՀՀ դրամ հարկային վճարումներով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Այս հաղորդագրությանը հաջորդեց ՀՀ Վարչապետի մամուլի խոսնակի պատասխան հայտարարությունը, որում վեջինս ասում է, որ Գագիկ Խաչատրյանի ընտանիքը ամենատարբեր առիթներով ի պատասխան ՀՀ վարչապետի այն ելույթներին, թե կոռումպացված պաշտոնատար անձանց, այդ թվում Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ նրա ընտանիքի կողմից Հայաստանի պետությունից եւ ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի, հայաստանյան տարբեր պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությամբ ունեցած շփումների ընթացքում պատրաստակամություն են հայտնել վերադարձնել իրենց թալանածը եւ վերականգնել պետությանը պատճառված վնասը:
«ՀՀ կառավարության ունեցած տվյալներով Գագիկ Խաչատրյանը եւ նրա որդիները ղեկավարել են Հայաստանում երկար տարիներ գործած կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ, ինչի արդյունքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ այդ թալանվածը պետք է մինչեւ վերջ վերադարձվի պետությանը:
Ինչ վերաբերվում է UCOM ընկերությանը, նրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել եւ օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումը ուժի մեջ է նաեւ այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում:
Վարչապետի դիրքորոշումն այն է, որ եթե պարզվի, որ այս ողջ ընթացքում եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են այս գործընթացից անձնական օգուտներ ստանալ, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ նույն կերպ, ինչպես Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչները:
Ասեմ նաեւ, որ վարչապետը մի քանի անգամ այդ թվում հրապարակային դժգոհություն է արտահայտել, որ հայտնի կոռուպցիոներների առնչվող քրեական գործերը չունեն հանրության կողմից ակնկալվող արդյունավետություն: Վարչապետը՝ առայժմ համբերատար, Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ եւ կոնկրետ արդյունքների»,-գրել է նա, հավելելով, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ UCOM ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաեւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը եւ Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է:
«Վարչապետը ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաեւ Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռքբերելով»,-ասում է Մանե Գևորգյանը
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: