Հայաստանում արտակարգ դրության օրերին ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը։ Սա ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է փաստում, այլև հասարակական կազմակերպությունները։ Խիստ սահմանափակումները տանը մնացած կանանց, երեխաներին ու ծերերին ավելի խոցելի են դարձրել։

Նախորդ մարտ ամսվա ընթացքում ՄԻՊ գրասենյակը ընտանեկան բռնության վերաբերյալ 13 ահազանգ է ստացել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը 5 էր, իսկ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի տվյալների ՝ նույն ընթացքում ահազանգերն աճել են շուրջ 30 տոկոսով, այս տարվա նախորդ երկու ամիսների համեմատ։ Ընդ որում կանայք զանգահարում են թե՛ բռնության հետ կապված խորհրդատվության, թե՛ սոցիալական աջակցության համար։ Հատուկ դրության հաստատման և տանը մնալու կարգադրության արդյունքում կանայք ավելի են տուժում՝ ընտանեկան բռնության, կենցաղում հոգսերի անհավասար բաշխման, սահմանափակ նյութական հնարավորությունների և աղքատության պատճառով։

«Ահազանգերը հստակորեն ցույց են տալիս, որ մենք ակնհայտորեն պատրաստ չենք այս իրավիճակին, երբ մարդիկ տանը մնալու կարգադրության պայմաններում հայտնվում են էլ ավելի խոցելի վիճակում»,-ասում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը:

Ստեղծված իրավիճակում սոցիալական ծառայությունները այնքան արդյունավետ չեն գործում, արդյունքում ՀԿ-ների վրա շատ մեծ բեռ է ընկնում։ Բռնության ենթարկված կանայք հիմա անելանելի վիճակում են, բռնարարից փախչելու, օրինակմարզից Երևան՝ ապաստարան տեղափոխվելու կամ էլ կապ հաստատելու հնարավորություն չունեն, չունեն նաև հնարավորություն հեռախոսով հոգեբանական աջակցություն ստանալու, քանի որ ընտանիքում են, երեխաների հետ և շատ դեպքերում հեռախոսազանգերը ևս վերահսկվում են։ Կանանց աջակցման կենտրոնի ապաստարան այս ընթացքում 2 կին է տեղափոխվել, երկուսն էլ հոգեբանական ծանր վիճակում են․

«Առաջին դեպքը ոտքով է շրջանից հասել Երևան, որովհետև տրանսպորտ չկար: Հենց այդպես իր պատմելով ինքը մտածում էր, որ քայլելով կհասնեն մի կետի, որտեղ ոստիկան կհանդիպեն։ Մյուս դեպքն էլ դեղատան աշխատակցի միջոցով է եղել կապը, որովհետև տանից փախել էր և որևէ կապի միջոց չուներ»,-ասում է Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գևորգյանը։ Կորոնավիրուսի հետևանքով սահմանված կարանտինի պայմաններում աշխարհի, այդ թվում` եվրոպական երկրներում պետական մակարդակով են խոսում ընտանեկան բռնությունների թվի աճի մասին, արդյունքում ընտանեկան բռնության ենթարկված անձանց պետոթյունը ապաստարաններ է տրամադրում՝ հյուրանցային սենյակներ։ Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանի խոսքով՝ ոստիկանությունում ահազանգերը մարտի 16-ից սկսած եղել են 180-ը, որոնք վերաբերվել են ընտանեկան բռնությանը։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դեպքերի թիվը 170 է եղել։ 180 ահազանգերից 79-ը վերաբերվում է ամուսու կողմից կնոջը բռնության ենթարկելու դեպք, 26՝ նախկին ամուսնու կողմից բռնության ենթարկման դեպք, անչափահասների նկատմամբ եղել է 8 դեպք հոր կողմից, 3-ը մայրիկի կողմից և 1-ը՝ պապիկի։

«Հիմնական բռնության դեպքերի թիրախային խումբը կանայք են»,-նկատում է Նելլի Դուրյանը։

«Այս ժամանակահատվածում կնասպանության դեպքեր այս ժամանակահատվածում չեն արձանագրվել, չեն արձանագրվել նաև սպանության փորձեր»,-ասում է նա, մանրամասնելով, որ օրվա կտրվածքով ոստիկանությունում 4-6 ահազանգ են ստանում։

Ըստ պաշտոնական տեղեկության՝ մարտի 14-ից 31-ը ունեցել են երկու ծեծի դեպք, որոնցով քրեական գործեր չեն հարուցվել՝նյութերը մերժվել են։ Ապրիլ ամսվա վերաբերյալ ինֆորմացիոն կենտրոնը դեռևս պաշտոնական թվեր չունի։ Ընտանեկան բռնության աճի վերաբերյալ բարձրացրած հարցի մասին Նելլի Դուրյանը նշում է, որ Ոստիկանությունում թվերը գրեթե նույն են և ոստիկաններն իրենց գործառույթներն արել են և շարունակում են անել։ Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավարը համոզված է՝ ոստիկանությունում ահազանգերի քիչ լինելը օրենսդրական բացի հետևանք է. իրավապահները մեծ մասամբ նախազգուշացմամբ են սահմանափակվում.

«Սահմանափակ վիճակում, երբ մարդիկ տեղաշարժվելու իրավունք չունեն, զանգեն ոստիկանություն, ոստիկանությունը շարունակի կիրառել նախազգուշացում, և կինը շարունակի մնալ բռնարարի հետ նույն տարածքում, սա ևս շատ բարձր ռիսկ է կանանց համար»,- ասում է Հասմիկ Գևորգյանը:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանի ոստիկանության և ՀԿ-ների ահազանգերի տարբերության պատճառն այն է, որ դիմելով ՀԿ քաղաքացին ակնկալիք ունի ստանալ իրավական, սոցիալական և հոգաբանական աջակցություն ստանալն է․

«Ոստիկանություն չես զանգի և ասես, որ այս պահին սոցիալապես անապահով վիճակում ես։ Ընտանեկան բռնության 803 ահազանգ է գրանցվել ՀԿ-ներում՝ մարտի 16-ից ի վեր»,-նկատում է իրավապաշտպանը։

Մարդու իրավունքների պաշտպանը ևս անդրադարձել է այս օրերին ընտանիքում բռնության դեպքերին՝ նշելով, որ աշխատակազմում ստեղծել է այդ հարցերով զբաղվող աշխատանքային խումբ․

«Նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումները մեծացնում են ընտանիքում, հատկապես՝ կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը»,- հայտնում են ՄԻՊ-ից։

Ազնիվ Սիրադեղյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest