«Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանը կալանավորվել է․առաջին ատյանի դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը։
Սեդրակ Առուստամյանին ձերբակալել էին ապրիլի 23-ին, պաշտպանը բողոքարկել էր այդ որոշումը։ «Դատարանը բավարարեց մեր բողոքը և ճանաչեց ձերբակալությունը ոչ իրավաչափ, դրան զուգահեռ բավարարեց քննիչի միջնորդությունը՝ նրան կալանավորելու երկու ամսով։ Այն հիմքով, որ բավարարվել էր մեր բողոքը, մի կետ կար, որ չէր կարող բավարարվեր քննիչի միջնորդությունը, բայց բավարարվեց։ Այս ամենը հակասությունների ոլորտից է», – նշեց պաշտպանը, նշելով, որ բողոքարկելու է այս որոշումը Վերաքննիչում:
Փասաբանը նշեց, որ դատարանը նաեւ հաշվի չի առել երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված վտանգը, որը իրենք նույնպես նշել էին որպես հիմք:
Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանն անցնում է երկու քրգործով։ Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեն ապրիլի 8-ին տեղեկացրել էր, որ մեղադրանք է առաջադրվել «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ գլխավոր տնօրենին Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու ընթացքում օրենսդրության պահանջները չպահպանելու դեպքով։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածով (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելը և դրա հետևանքները չվերացնելը, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը և անօրինական կառույցները չքանդելը)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: