Գևորգի ձեռքն է կոտրվել, Լուսինեին գետին են գցել, հարվածել են աչքին. Սաֆարյաններին թիրախավորե՞լ են

1069

Հայտնի փաստաբան Սեդա Սաֆարյանը այսօր առավոտից պատմել էր տարբեր լրատվամիջոցների, որ իր դստեր տան մոտ երեկոյան մի խումբ տղամարդիկ բարձրաձայն հայհոյել են, իր փեսան դուրս է եկել, վեճ է սկսվել, ապա 5-6 «անհավասարակշիռ մարդիկ» ծեծել են Սաֆարյանի փեսային, այնուհետև նաև նրան օգնության հասած ընտանիքի անդամներին՝ կնոջը, քրոջը, մորն ու հորը:

Forrights.am-ի հարցերին պատասխանելով, Սեդա Սաֆարյանը հայտնեց, որ իր դուստրը՝ Լուսինեն, նրա ամուսինը՝ Գևորգը, Մուշ թաղամասում գտնվող նորակառույց սեփական տունը ընտանիքը նոր էր ձեռք բերել:

«Ընդամենը մեկ օր էին այդտեղ ապրել, և ոչ մեկին չէին ճանաչում: Իրենց իրերը մեկ շաբաթ էր, կրում էին, որ գան, ապրեն: Ոչինչ չգիտեմ, թե ինչ է կատարվում: Բայց կարծում եմ, դժվար չի պարզել այդ 5-6  հոգու ինքնությունը»:

Սեդա Սաֆարյանը  այլայլված վիճակում էր: Գևորգի ձեռքն է կոտրվել, իսկ Լուսինեին գետին են գցել, հարվածել են աչքին: «Ոնց որ, աչքը բորբոքվել է, չգիտեմ, կարող է, փոշի է լցվել, փոքրացել էր աչքը: Գլխին էին խփել, մարմնի մասերին, ոտքերին հարվածների հետևանքներ կան: Աղջկաս սկեսուրի ոտքերն են վնասված», — ասում է նա:

Նրանք բոլորն այս պահին գտնվում են հիվանդանոցում:

Ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը Երևանի Մուշ թաղամասում տեղի ունեցած այս միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը կցկտուր տեղեկություններ է հայտնում: 

«Երևանի Մուշ թաղամասում տեղի ունեցած ծեծի վերաբերյալ հաղորդում ստացվել է ոստիկանության Մալաթիայի բաժնում , երեկ գիշերը: Այս պահին դեպքի հանգամանքները ոստիկանությունը պարզում է, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Քննություն է կատարվում», — պատասխանեցին ոստիկանության լրատվության վարչությունից:

«Հրապարակման ենթակա այլ բան այս պահին չկա», — հայտնեց մեզ ոստիկանապետի խոսնակ Աշոտ Ահարոնյանը:

Իսկ Սեդա Սաֆարյանը Forrights.am-ին քիչ առաջ ասաց. «Ոստիկանության պետը ասում է ինձ, որ գործող անձանց շրջանակը պարզել են, բայց եթե այդպես է, ինչո՞ւ այդ մարդիկ ոստիկանությունում չեն, ինչո՞ւ չեն նրանց քննության ներկայացնում: Մի ամբողջ օր անցել է արդեն, բայց շատ բան չունենք»:

Որքանո՞վ է այս նոր միջադեպը պայմանավորված քաղաքական պատճառներով: Հնարավո՞ր է, որ Ձեր ընտանիքին թիրախավորել են: Այս հարցին Սեդա Սաֆարյանը պատասխանեց.

«Չեմ կարող ասել, թե արդյո՞ք, իրենց պետք չի եղել, որ հայհոյեն ու փեսաիս դուրս բերեն տանից: Միտում եղել է, թե ոչ, հստակ չեմ կարող ասել: Բայց ծեծի մոտիվացիայից կարելի է կռահել, որ այդ անձինք ատելություն են ունեցել աղջկաս ու նրա ընտանիքի հանդեպ: Եթե նայում  ենք իրավիճակին, պարզ է, որ եթե նրանց խնդիրը փեսայիս հետ լիներ, փեսայիս հետ էլ միջադեպը կավարտեին ու կթողնեին, կգնային: Ինչո՞ւ էին տան կանանց էլ հետը  ծեծում, ու անխնա ծեծում, կանգ չեն առնում: Հայհոյում- խփում են, հայհոյում- խփում»:

Կասկածերի տեղիք է տալիս նաև այն հանգամանքը, որ ծեծողները բակից մի փոքր հեռացել են, նոր են բռնություն գործադրել, քանի որ տան մոտ տեսախցիկ ներ կան, և նրանք կարող էին նկարահանվել:

«Սա էն դեպքն է, որը պետք է բացահայտեն՝ ուզեն, չուզեն: Եթե իրենք չանեն, ես մասնավոր անձանց միջոցով կբացահայտեմ», — ասում է Սեդա Սաֆարյանը:

Սեդա Սաֆարյանի ընտանիքի դեմ սա առաջին ոտնձգությունը չի:

Նրա եղբոր՝ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի վրա 2019 թվականի սեպտեմբերի 7-ին, շքամուտքում հարձակում էր եղել: Երիտասարդ տղաները կողոպտել էին նրան, տանելով բջջայինը: Նա կարծում էր, որ հարձակման պատճառն իր քաղաքական գործունեությունն է:

Ապրիլի 21-ին էլ Ստյոպա Սաֆարյանը իրավապահներին ուղղված հայտարարություն է տարածել, որում նշում է, որ ապրիլի 21-ին, ժամը 23:00-ի մատույցներում հաքերային հարձակման է ենթարկվել ֆեյսբուք սոցիալական ցանցի իմ օգտահաշիվը:

«Այս պահի դրությամբ առկա նախնական տեղեկություններով դրա թիկունքում կանգնած են հայաստանյան շրջանակներ», — հայտնի սոցցանցի իր էջում գրել է Ստյոպա Սաֆարյանը: Չի բացառվում, որ Սաֆարյաններին թիրախավորել են: Սյուզան Սիմոնյան