Հետ են ուղարկել Եգիպտոսից ու փողերը չեն վերադարձնում

0
117

Կարեն Երիցյանը՝ Հայաստանի քաղաքացի, ՌԴ-ում բնակվող անհաջող պահի որոշել էր եղբոր հետ մի տասն օրով Եգիպտոս մեկնել: «ֆեյսբուք» սոցիալական ցանցի գովազդային էջի միջոցով գտել էր «Անռիվա-տուր» տուրիստական գործակալությանը  և Մոսկվայից զանգահարել է այս գործակալության տուռ-փաթեթների վաճառքը կազմակերպող ԱՁ Գայանե Սարգսյանին: Այսօր, մեկ ու կես ամիս անց, քաղաքացին գործակալությանը և դրա աշխատակիցներին մեղադրում է խարդախության համար:

«Զանգել եմ մարտի սկզբին, ասել եմ, որ ինձ մի 10-12 օրով ուղեգիր է պետք երկու հոգու համար, — պատմում է Կարեն Երիցյանը, — նա ասեց՝ ամեն ինչ նորմալ է, բայց վաղը պետք է փողն ուղարկես: Ասեցի՝ առավոտյան ես ժամը 6-ին-7-ին Երևանում եմ լինելու, ու առավոտյան եկա իրենց օֆիս: Առավոտյան եկա Երևան, նստեցինք իր օֆիսում, ասեց՝ 10 օրով տոմս չկա, կա 14 օրվա փաթեթ, 4 աստղանի հյուրանոցում, որը շատ լավն է: Հարցրեցի՝ կարո՞ղ է խնդիրներ լինեն Եգիպտոսում, ասեց՝ ոչ, ամսի 15-ի համար կարող եք թռչել: Ամսի 13-ին մուծումները արված էին: Ես փոխանցեցի 610 հազար դրամ, 80 հազար էլ իրեն տվեցի, «ստրախովկայի» գումարը չեմ հիշում, 14 օրվա համար ստացվեց մոտ 720 հազարի կարգի»:

Երիցյանն ասում է, որ դեռ այն ժամանակ իր ներքին զգացողությունն ասում էր, որ քցվելու է: Մարտի 15-ին եղբոր հետ ինքնաթիռ է նստում ու մեկնում Շարմ էլ Շեյհ: Խոստացված պայմանները չի գտնում: «Զիբիլ տեղեր էր, բառում աշխատող չկար, պահարանները ջարդած, փնթիություն ամենուրեք», — վերհիշում է Երիցյանը:

Բայց ամենատհաճ անակնկալը նրան սպասում էր երկու օրից: «Մեզանից շուտ գնացածները  ասեցին, որ քաղաքում դեպք է եղել, իտալացիներ են մահացել կորոնավիրուսից, ասեցին, որ կարող է տուրը ընդհատվի: Հաջորդ օրը կապվեցի Գայանեի հետ, ասեց՝ 18-ին պետք է հետ գաք, այն դեպքում, երբ մեր ուղեգրերը մինչև մարտի 29 էին»:

Հյուրանոցում զբոսաշրջիկ եղբայրներին նույնիսկ թույլ չեն տվել ճաշել: «Երեք գիշեր ենք մնացել, «աբեդ» էլ չթողեցին, որ անենք, ժամը 12-ին հանեցին դուրս», — պատմում է Երիցյանը:

Երևան գալով, նա փորձել է հետ ստանալ իր փողերը և մոտ մեկ ամիս ու կես ձգձգելուց հետո նրան վերադարձրել են ընդամենը մոտ 250 հազար դրամ: «Բայց ես ցիրկի տոմս չէի առնում, որ էդ փողն են հետ տալիս, ես 10 օր պակաս եմ մնացել, ոնց են իրենք հաշվել» , — գանգատվում է քաղաքացին: Սակայն «Անրիվա» ֆիրման նրա գումարը հետ չի տվել: «Ես ասեցի, որ իրենց ԱՁ Գայանե Սարգսյանի հետ եմ գործարք արել, պահանջեցի փողերս, բայց ինձ ասեցին՝ մենք կապ չունենք իրա հետ: Ասեցի՝ կոնկրետ խարդախություն է գնում: Բայց իրենք իրենց չհասկանալու էին դնում»,  — Forrights.am-ին ներկայացրեց Կարեն Երիցյանը: 

Անհատ ձեռներեց Գայանե Սարգսյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ ինքն է «տուռ-փաթեթ» կազմակերպել Կարեն Երիցյանի համար: Սակայն նա վստահեցնում էր, որ միանգամայն օրինական գործարք է իրականացրել, որ «ֆորս մաժորային» իրավիճակ է ստեղծվել և որ Կարենը միակ տուժողը չէ, ամբողջ աշխարհում հազարավոր մարդիկ նման վիճակում են հայտնվել:

 «Ես հանդիսանում եմ միջնորդ գործակալ: Օրինական գործարք է արվել փոխանցումներով: Ավիաընկերություն ներկայացնող կազմակերպությունը ինձ պաշտոնական մեյլ է ուղարկել, որ Կարեն Երիցյանը հյուրանոցում 4 գիշեր է մնացել, իսկ Կարենն ասում է, որ ինքը երեք գիշեր է մնացել», — ասաց Գայանե Սարգսյանը, բայց չցանկացավ պատասխանել հարցին, թե որքան է կազմում 4 գիշերվա գումարը, խորհուրդ տալով դիմել դատարան: «Ես ուզում եմ, որ գործը դատարան հասնի ու ամեն ինչ պարզվի»:

Մարդը ասում է՝ ինձ «քցել են»՝ կոպիտ ասած, դուք իրեն պա՞րտք եք, թ՞ե ոչ:

 «Ես տալիս եմ այն գումարը, ինչ որ տուրօպերատորն է տալիս: ՄԻ բան էլ այն տոկոսները, որ պայմանագրում գրված են եղել, հետ եմ տվել իրեն: Ես նրան պարտք չեմ», — ասաց Գայանե Սարգսյանը: Մեկ գիշերվա համար ի՞նչ գումար են հաշվել: Այս հարցին Գայանե Սարգսյանը չցանկացավ պատասխանել. «Ոչ ես իրավուքն ունեմ, ոչ էլ մյուսը, որ դնենք հաշվենք, Թող տա դատարան, գործը օրինական արվել է իմ կողմից»:

Սյուզան Սիմոնյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here