Սիսիանի ոստիկանների և ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի դեմ բողոքների հիման վրա Հատուկ քննաչական ծառայությունում այս պահին քննվում է չորս քրեական գործ: Այս մասին հայտարարեցին գործով բռնության ենթարկված քաղաքացիներին պաշտպանող փաստաբանական խմբի անդամները:

Հիշեցնենք, որ  ապրիլի 6-ին ու 7-ին երկու արտառոց միջադեպ տեղի ունեցավ Գարիկ Մուրադյանի մասնակցությամբ՝ 60 տարեկան Գառնիկ պապի նկատմամբ  բռնություն էր կիրառվել հենց ոստիկանության բաժնում։  Վերջինս ամբողջ գիշեր բաժնում անցկացնելուց հետո բազմաթիվ վնասվածքներով տեղսափոխվել էր  Սիսիանի հիվանդանոց:

 Հաջորդ դեպքը ապրիլի 7-ին էր տեղի ունեցել, կրկին նույն բաժնում, այս անգամ բռնություն էր կիրառվել Սիսիանի ավագանու անդամ Մարտին Հարությունյանի, նրա հոր ու հորեղբոր որդու՝ Արմեն Հարությունյանի նկատմամբ: Վերջիններս վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

64-ամյա Գառնիկ Սիմոնյանի շահերի ներկայացուցիչ Լուսինե Զեյնալյանը պատմում էր, թե ինչպես է իր վստահորդը բերման ենթարկվել: Ապրիլի 5-ին Գառնիկ պապը այցելել է իր ընկեր Աշոտի տուն, այնուհետև վերադարձել է տուն:

«Որոշ ժամանակ անց զանգել է Աշոտը, տեղեկացրել, որ իր պայուսակը կորել է և կրկին կանչել իր բնակարան, Գառնիկ պապը գնացել է, սակայն դուռը փակ է եղել, վերադարձել է տուն, սակայն ճանապարհին նրան  բերման են ենթարկել գողության կասկածանքով»,-ասում է նա։

Փաստաբանի խոսքով՝ բաժնում արդեն առանց կարգավիճակ տալու ոստիկանները կատարել են անձնական խուզարկություն, առգրավում, այնուհետեւ ճնշում են գործադրել, որ Գառնիկ պապը իր վրա վերցնի գողությունը, բայց տեսնելով, որ սեփական նախաձեռնությամբ դա չեն կարողանում անել՝ տարել են ոստիկանապետի աշխատասենյակ.

«Այդտեղ արդեն տեղի են ունենում բուն խոշտանգումները. Գառնիկ պապն ասում է՝ փայտյա քանոնով են ծեծել, այն կոտրվում է, անցնում են երկաթե քանոնի, հետո ոստիկանապետը պահանջում է բերել էլեկտրաշոկը, բայց պարզում է, որ դա Ոստիկանությունում չէ, սկսում է զենքով սպառնալ՝ ասելով «ավտոմատս կբերեմ, կգյուլլեմ, կներկայացնեմ, որ հանցագործը փախչում էր, գյուլլեցի, ես դրա համար պատասխանատվության չեմ ենթարկվի»:

Ըստ փաստաբանի՝ դրանից հետո արդեն Գառնիկ պապի ինքնազգողությունը վատացել է, նրան բաց են թողնել, և նա հայտվել է բժշկական կենտրոնում։

Գառնիկ Մ-ն, հաղորդում էր ներկայացրել, արդյունքում՝ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը) եւ 309.1-րդ հոդվածի 1-ին կետերով (խոշտանգումը): Գառնիկ պապը ճանաչվել է տուժող:

Երկրորդ դեպքով ՀՔԾ-ում հարուցվել է ՀՀ ՔՕ-ի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բռնության, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելը), և Մարտին Հարությունյանը, նրա հայրը և հորեղբոր որդին ճանաչվել են տուժող:

Սույն գործերով տուժողների ներկայացուցիչներից փաստաբան Յուրա Ավետիսյանը մանրամասնեց, որ այս երկու դեպքերը միակը չեն, բացի վերոնշյալ խոշտանգման դեպքերը նույն բաժնում ևս երկու դեպք է տեղի ունեցել Գուրգեն Վարդանովի նկատմամբ․

«Մարտի 23-ին, նա բերման է ենթարկվել Ոստիկանություն դարձյալ գողության կասկածանքով, այնուհետեւ ուղեկցվել է նույն ոստիկանապետի՝ Գարիկ Մուրադյանի աշխատասենյակ, որտեղ նրան հարցրել են, թե ով է կատարել տան գողությունը, վերջինս հերքել է, և մի քանի հարցադրումներից հետո Մուրադյանը սկսել է բռնություն գործադրել տարբեր մեթոդներով, հայհոյել, իսկ վերջում նույն գործելաոճով ձայնագրել է, ստիպել է ասել, որ իր նկատմամբ Ոստիկանության բաժանմունքում որեւէ բռնություն չի եղել, և վախի մթնոլորտում Վարդանովը տվել է խոստովանական ցուցմունք»,-մանրամասնեց փաստաբանը։

Մյուս դեպքը վերաբերվում է՝ Վիլյամ Իսրայելյանին, որը մասնակցել է ավագանու անդամ Մարտին Հարությունյանի բերման ենթարկվելու օրվա դեպքերին. ոստիկանության աշխատակից Սամսոն Ստեփանյանը հարվածել է Իսրայելյանի ընկերոջը, ապա Վիլյամ Իսրայելյանին, ում ընկերները տեղում առաջին օգնություն են ցուցաբերել, ապա՝ տեղափոխել հիվանդանոց, ըստ բժշկի՝ նրա մոտ առկա էին ուղեղի ցնցման հատկանիշներ։

«Գարիկ Մուրադյանի վարքագիծը արդարադատության շահից չի բխում, իսկ մեր գործողությունները քաղաքականացնելը նրանց կողմից քաղաքական ստվերի տակ թաքնվել է»,- ասաց փաստաբան Լուսինե Զեյնալյանը:

Ազնիվ Սիրադեղյան

Pin It on Pinterest