Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ և անհատ փաստաբաններ հայտարարություն են տարածել՝ ՀՀ դատական իշխանությունում և դատաիրավական մարմիններում արդյունավետ վեթինգի ձախողման մարտահրավերի վերաբերյալ:

Իրավապաշտպանները կրկին բարձրաձայնեցին այն մասին, որ տեղի է ունեցել «ակնհայտ նահանջ թավշյա հեղափոխության գլխավոր հասարակական պահանջներից՝ արդարության և արդարադատության հաստատման օրախնդրից»:

«Քաղաքական մեծամասնությունը ընդունված օրենսդրական փոփոխություններով հրաժարվում է դատաիրավական մարմիններում որակյալ վեթինգի իրականացման պարտավորության կատարումից և իրականացնելու է միայն ձևական կամ ընտրովի ստուգում»,- արձանագրում են հասարակական կազմակերպությունները։

Նրանք անընդունելի են համարում այն հանգամանքը, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները չեն հրապարակվելու և այն Բարձրագույն դատական խորհրդի համար կրելու է խորհրդատվական բնույթ։ Ինչպես այդ եզրակացությունը, այնպես էլ Բարձրագույն դատական խորհրդի կողմից այդ եզրակացության հիման վրա որոշում կայացնելու գործընթացը հրապարակային չէ։ Այսպիսով որևէ կերպ հանրային կամ այլ վերահսկողություն և հաշվետվողականություն ամբողջ գործընթացի նկատմամբ սահմանված չէ։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավոր Արթուր Սաքունցը, Forrights-ի հետ զրույցում պարզաբանեց, որ այս հայտարարության նպատակն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պարզաբանում ստանալ այն մասին, թե ինչու այդպես էլ իրականություն չդարձավ երկու տարի առաջ խոստացված արմատական վեթինգը․

«Մենք հասկանում ենք, որ այն, ինչ առաջարկվում է, խորքային վեթինգ չէ, իսկ թե ինչու այդպես էլ համապարփակ և ընդգրկուն վեթինգ չի իրականացվում, մեզ համար անհայտ է»,- նշում է իրավապաշտպանը։

Հայտարարությանը միացած Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Հայկ Մարտիրոսյանը Forrights-ի հետ զրույցում հրաժարվեց քաղաքական մեկնաբանություն տալ գործընթացին, փոխարենը հարցին մոտեցավ իրավական տեսանկյունից.  «վեթինգ» հասկացությունն այնքան ուռճացվեց, որ տպավորություն ստեղծվեց, թե այն միայն Հայաստանում է իրականացվում, և այն երկրներում, որտեղ անհաջող փորձ կա դատական համակարգի․

«Ես կարող եմ բերել բազմաթիվ օրինակներ, որտեղ վեթինգն իրականացվում է հաջողված դատական համակարգ ունեցող երկրներում։ Սա գործընթաց է, որը բոլոր պաշտոնատար անձիք պետք է անցնեն։ Ուզո՞ւմ ես աշխատել որևէ պաշտոնում, ուրեմն դու պետք է տաս համաձայնություն, որ քո գույքային վիճակը, մասնագիտական որակները և բարեվարքության բոլոր ասպեկտներն ուսումնասիևվեն համապատասխան հանձնաժողովի կողմից։ Իսկ այսօր, ըստ էության, այդ սկզբունքից շեղում է արձանագրվում Դատական օրենսգրքում և նախատեսում մասնակի իրականացում»,- նշում է իրավաբանը։

Իրավապաշտպանները և փաստաբանները քաղաքական իշխանությունից պահանջում են վերանայել արդարադատության բարեփոխման թերի, ծայրահեղ անհամաչափ և անարդյունավետ մոտեցումները, միջազգային լավագույն փորձի կիրառմամբ անհապաղ նորոգել դատաիրավական համակարգում նոր Հայաստանի կարիքներին և պահանջին համահունչ վեթինգի օրենսդրությունը, այնուհետ անցնել վեթինգի իրականացմանը․

«Պետք է առաջնահերթ վեթինգ իրականացնել Բարձրագույն դատական խորհրդի անդամների նկատմամբ, քանի որ այս մարմինն է լինելու բարեվարքության ստուգման վերջնական ատյանը դատավորների համար»,- առանձնապես շեշվում է հայտարարության մեջ։

Իրավապաշտպան, քրեական գործերով զբաղվող փաստաբան Նինա Կարապետյանցը դժվարանում է ասել, թե այս երկու տարվա ընթացքում ինչը փոխվեց, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց համապարփակ վեթինգ իրականացնելու ծրագրից։ Իրավապաշտպանը, սակայն, փաստում է՝ այն հանգամանքը, որ խոստացվածը չիրականացավ և հիմա էլ տարբեր պատճառաբանություններ է վարչապետը փնտրում արդարացնելու իր կիսատ գործը, դա ակնհայտ է․

«Մենք երբեք չենք ունեցել դատական համակարգ, մենք ունեցել ենք առանձին դատավորներ, որոնք համապատասխանել են իրենց զբաղեցրած պաշտոններին և ունեցել ենք համակարգ, որը եղել է հանցավոր ռեժիմի գործիքը, և կիրառվել։ Սա ժողովրդի տառապանքի նկատմամբ արհամարհական վերաբերմունք է։ Տպավորություն է, որ հեղափոխությունն իրականացվել է, որպեսզի հանցավոր ռեժիմին ծառայած պաշտոնատար անձիք և օլիգարխները մաքսիմալ պաշտպանված լինեն»,- Forrights-ի հետ զրույցում ասում է իրավապաշտպանը։

Կարապետյանցն իր մտահոգությունը հայտնեց, որ ինչ-որ իքս պահի, այս իշխանությունը ստանալու է հակահարված հենց արդարադատությունն իրականացնող մարմինների կողմից։ Ըստ իրավապաշտպանի, Փաշինյանի թիմին անգամ չի փրկի այն հանգամանքը, որ նրանք կաշառք չեն վերցնում, կոռուպցիոն ռիսկերի մեջ չկան, մեծ գույքեր ու գործարաններ ձեռք չեն բերում․

«Այս դատական համակարգը մենք ժառանգություն ենք ստացել սովետական միությունից, իսկ այնտեղ կար մի ոսկե կանոն՝ մարդը թող լինի, մենք իրեն հոդված կհամապատասխանեցնենք։ Այնինչ, եթե խոստացված վեթինգն ամբողջ չափով կիրառվեր, մենք կունենայինք առաջընթաց բոլոր ոլորտներում․ այսօր ամեն մանր հարցով ժողովուրդը չէր հավաքվի Կառավարության շենքի մոտ, որ Նիկոլ Փաշինյանն իջնի ու իրենց պատասխան տա։ ․Իսկ ժողովուրդը, որպես սրբի դուռ, գնում է Նիկոլի մոտ»:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Ազգային ժողովն օրենսդրական փաթեթ ընդունեց, որից հասկացվեց՝ Հայաստանում դատավորների վեթինգ չի իրականացվի: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն հայտարարեց՝ գործող դատավորների բարեվարքության, գործունեության այլ ասպեկտներին հանձնաժողովը որպես լիազոր մարմին որևէ կերպ չի անդրադառնալու, հանձնաժողովը դատավորի գործունեությամբ կայացրած որոշումներ, դրսևորած վարքագծի, այսպես կոչված բարեվարքության առնչությամբ որևէ գործողություն չի իրականացնելու։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest