Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպությունների ու անհատ փաստաբանների հայտարարությունը՝ ՀՀ դատական իշխանությունում և դատաիրավական մարմիններում արդյունավետ վեթինգի ձախողման մարտահրավերի վերաբերյալ:

Ելնելով ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունած դատաիրավական համակարգում վեթինգի իրականացումն ապահովող օրենսդրականփոփոխությունների վերլուծությունից՝ արձանագրում ենք.

1. Գերազանցապես դատական, կառավարման և սոցիալական անարդարությունների դեմ ոտքի ելած և հեղափոխություն իրականացրած հանրության անկնալիքները դատական համակարգի արմատական բարեփոխման մասով հեղափոխությունից երկու տարի անց չեն արդարացվելու, որովհետև քաղաքական մեծամասնությունը ընդունված օրենսդրական փոփոխություններով հրաժարվում է դատաիրավական մարմիններում որակյալ վեթինգի իրականացման պարտավորության կատարումից և իրականացնելու է միայն ձևական կամ ընտրովի ստուգում:

2.Տեղի է ունեցել ակնհայտ նահանջ թավշյա հեղափոխության գլխավոր հասարակական պահանջներից՝ արդարության և արդարադատության հաստատման օրախնդրից:

Ծայրահեղ անլուրջ է բարեվարքության ստուգման  խիստ սահմանափակ հնարավորությունը, որովհետևբարվերաքության ստուգում իրականացվելու է միայն ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների, դատավորների, դատախազների, քննիչների թեկնածուների համար։ Գործող դատավորների, ինչպես նաև դատախազների, քննչների համար բարեվարքության ստուգում չի նախատեսվում:

Անընդունելի է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները չեն հրապարակվելու, այն Բարձրագույն դատական խորհրդի համար ունի խորհրդատվական բնույթ։ Ինչպես այդ եզրակացությունը, այնպես էլ Բարձրագույն դատական խորհրդի կողմից այդ եզրակացության հիման վրա որոշում կայացնելու գործընթացը հրապարակային չէ։ Այսպիսով որևէ կերպ հանրային կամ այլ վերահսկողություն և հաշվետվողականություն ամբողջ գործընթացի նկատմամբ սահմանված չէ։

Այսպիսով, պահանջում ենք քաղաքական իշխանությունից՝

1.Ըմբռնել, որ ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան և սոցիալական պետության վերականգնման գործողություններում հաջողության հասնելու անհրաժեշտ պայման է ամբողջական և խորքային վեթինգի իրականացումը դատաիրավական համակարգի բոլոր մարմիններում՝ անկախ համակարգային հետադիմական դիմադրությունից:

2. Վերանայել արդարադատության բարեփոխման իր թերի, ծայրահեղ անհամաչափ և անարդյունավետ մոտեցումները, միջազգային լավագույն փորձի կիրառմամբ անհապաղ նորոգել դատաիրավական համակարգում նոր Հայաստանի կարիքներին և պահանջին համահունչ վեթինգի օրենսդրությունը, այնուհետանցնել վեթինգի իրականացմանը:

3. Իրականացնել առաջնահերթ վեթինգ Բարձրագույն դատական խորհրդի անդամների նկատմամբ, քանի որ այս մարմինն է լինելու բարեվարքության ստուգման վերջնական ատյանը դատավորների համար։

Հայտարարությունը բաց է միանալու համար։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան

Ժուռնալիստների«Ասպարեզ» ակումբ

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամ

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Ռոբերտ Ռևազյան, փաստաբան

Կարեն Թումանյան, փաստաբան


Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest