«Բոլոր պատասխանատու անձիք չստացված կադրերի հրապարակման համար պատասխանատվություն կրեն»

0
70

«Իմ քայլը» խմբակցության համար այն, ինչը տեղի է ունեցել, անընդունելի էր։ Մենք ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենն ունենալու է հետևանքներ։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետի ուղերձից առաջ չստացված կադրերի հրապարակմանը։

«Տարբեր մեկնաբանություններ կարող են հնչել տեղի ունեցածի հետ կապված՝ ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորում կամ անփութություն, նույնիսկ դիտավարություն մեկնաբանվել։ Մեզ համար առաջին հերթին սա տեղեկատվական անվտանգության խնդիր է, և այն ընթացքում, երբ վարչապետը տեղյակ չէր, որ ուղիղ հեռարձակում է տեղի ունենում, կարող էր հնչել արտահայտություն, օրինակ՝ աշխատակազմի հետ շփվելիս, որոնք ոչինչ չեն ասում ներկա գտնվողների համար, բայց դա լիներ լրջագույն խնդիր անվտանգության տեսակետից»,- ասաց նա։

Լիլիթ Մակունցի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունն ակնկալում է, որ կարճ ժամանակում վարչապետի ուղերձից առաջ չստացված կադրերի հրապարակումը ունենալու է հետևանքներ։

«Այն անձինք, որոնք պատասխանատու են կատարվածի համար, նրանք կկրեն պատասխանտվություն։ Եթե կարճ ժամանակամիջոցում դա տեղի չունենա, «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ՀՌԱՀ խորհրդին հրավիրել խմբակցություն և ոչ միայն պահանջել, հորդորել, որ նման դեպքերը բացառվեն հետայսու, այլև զբաղվեն նաև պատասխանատվության հարցով, թե ովքեր են ներառված եղել»,- ասաց խմբակցության ղեկավարը։

Ինչ վերաբերում է կարծիքներին, որ վարչապետի մամուլի խոսնակը ևս պատասխանատվության բաժին ուներ, որ նա պետք է տեղյակ պահեր վարչապետի ուղիղ եթերում լինելու մասին, Լիլիթ Մակունցը նշեց․

«Ես այդ կարծիքին չեմ, որովհետև վարչապետի մամուլի խոսնակն ունի հստակ պատասխանատվության չափ, պարտականությունների ցանկ, որոնց մեջ չի մտնում հեռարձակման տեխնիկական նրբություններին տիրապետելը»։

Ըստ նրա՝ հեռարձակման տեխնիկական նրբությունների մասին պետք է տեղեկացնի հենց այն անձնակազմը, որն ապահովում է ուղիղ եթերը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին նշեց, որ պետք է պատասխանատվություն կրեն բոլորը, այդ թվում՝ վարչապետի մամուլի ծառայությունը, ինչի արդյունքում էլ ուզում է լիներ տեղի ունեցածը:

«Տեղի է ունեցել անընդունելի բան, հիմա դա եղել է դիտավորության, թե ոչ պրոֆեսիոնալիզմի, դիլետանտության արդյունք, չի փոխում տեղի ունեցածի գնահատականը։ Ինձ համար դա բացարձակապես անընդունելի է․ եթերից առաջ տալ երկրի առաջին դեմքի նախապատրաստական փուլը»,-ասաց նա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով էլ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը և Կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունն են պատասխանատու կադրերի արտահոսքի համար

Սակայն ըստ նրա՝ այս ամենից մեծ պատմություն պետք չէ սարքել և շեշտեց, որ միջադեպը փաստում է, որ պետական կառավարման համակարգում որակյալ աշխատանքի ապահովման խնդիր կա․

«Մեր երկրում աշխատակիցների և մասնագետների վերապատրաստման մակարդակը տարեց տարի ընկնում է, և մենք այս խնդրի մասին բազմիցս խոսել ենք»,- նշեց պատգամավորը

Հիշեցնենք, որ համացանցում հայտնվել են վարչապետի` ուղիղ եթերին պատրաստվելու կադրերը: Վարչապետի մամուլի խոսնակը և Հայաստանի հանրային հեռուստատեսությունը փոխադարձ մեղադրանքներով են հանդես եկել միջադեպի հետ կապված։


ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here