Մանե Գևորգյանի հայտարարությանը Հանրայինը դեռևս չի արձագանքել. հրաժարականներ կլինե՞ն

0
167

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուրբաթ երեկոյան տեսաուղերձի չստացված հատվածները հայտնվել են համացանցում և մեծ աղմուկ են բարձրացրել։ Չստացված կադրերը, ծաղրական ենթատեքստով և  երգիչ Թաթուլ Ավոյանի երգի համադրությամբ, ակտիվորեն տարածվել են սոցիալական կայքերում։

Անհայտ օգտատերը պատրաստել էր ծաղրական հոլովակ և տարածել Ֆեյսբուքում, որն առաջացրել է քննադատությունների տեղատարափ Հանրային հեռուստաընկերության հասցեին, որ վերջինս չի կարողացել կառավարել արտահոսքը և պրոֆեսիոնալ մոտեցում ցույց չի տվել։

Հանրային հեռուստաընկերությունը (Հ1) իրեն ուղղված մեղադրանքներին, թե ինչպես է պատահել արտահոսքը, արձագանքել է, որ իրենք ապահովել են բաց կապուղի, որից օգտվել են «Արմենիա», «Շանթ», «Միր», «Հ2», «ԱՐ», «Կենտրոն», «Երկիր Մեդիա» և «5-րդ ալիք» հեռուստաընկերությունները։

«Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար: Այսինքն ՀՀ Վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել»,- նշված է Հ1-ի հայտարարությունում, որը տարածվել է շաբաթ երեկոյան:

Ի պատասխան արձագանքել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը` նշելով, որ Հանրային հեռուստաընկերության կողմից վարչապետի աշխատակազմի հորդորով վարչապետի ուղերձը բաց կապուղիով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելն ամենևին էլ չի նշանակում, որ հեռուստաընկերությունը պետք է բաց կապուղի ապահովեր` սկսած նախապատրաստական աշխատանքներից․

«Պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5,10,15 կամ 20 րոպե առաջ։ Այնինչ պարզվել է, որ Հանրային հեռուստաընկերությունը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար»,-գրել է նա՝ պարզաբանելով նաև, որ վարչապետի լրատվական ծառայությունը բաց կապուղու մասին տեղյակ է եղել ուղերձից 20 վայրկյան առաջ, տվել է ուղիղ եթերի համար անհրաժեշտ հետհաշվարկը, որից հետո մեկնարկել է ուղերձը։

«Տեղի ունեցածը վկայում է, որ փորձնական հեռարձակումը այլ հեռուստաընկերություններին հասանելի դարձնելը ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք է, քանզի ոլորտի սկսնակ մասնագետներն էլ տեղյակ են, որ հեռարձակումը փորձարկում են նախապես, մինչեւ վարչապետին տեսախցիկի առաջ հրավիրելը։ Խիստ թափթփված աշխատելաոճի վկայություն է նաեւ վարչապետին տեղյակ չպահելը, որ նա եթերում է՝ թեկուզ փորձնական։ Միայն գործից անտեղյակը կարող էր ենթադրել, որ բաց կապուղի այլ հեռուստաընկերությունների համար անհրաժեշտ է ապահովել ուղերձից 15 րոպե առաջ»,-ընդգծել է նա, հավելելով, որ վարչապետի աշխատակազմը պատշաճ պարզաբանումներ է ակնկալում հեռուստաընկերությունից:

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի հայտարարությանը Հանրայինը դեռևս պաշտոնապես չի արձագանքել, սակայն իր ֆեյսբուքյան էջում դրա վերաբերյալ գրառում է կատարել Հանրայինի ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանը, որը, ինչպես հասկանում ենք նաև եղել է վարչապետի ուղիղ միացման ապահովման խմբի պատասխանատուն Հանրային հեռուստաընկերության կողմից․

«Հուսով եմ, տիկին Մանե Գևորգյանը հասցրել է ծանոթանալ հեռուստատեսության ուղիղ եթերի աշխատանքին, տեխնիկական ազդանշաններին։ Ես և Մանե Գևորգյանը եղել ենք նույն սենյակում։ Ես մասնագիտական հրահանգներ եմ տալիս և կատարում։ Անձամբ եմ տեխնիկական տեսաազդանշանից առաջ ասել՝ «Մենք Rec ենք»։ Սա նշանակում է, որ վարչապետը պետք է անհապաղ տեղեկացվեր այս մասին։ Ես ինքս կարող էի հուշել վարչապետին, բայց, ինչպես նշեցի, ես այդ խմբի անդամն եմ եղել՝ տեխնիկական ապահովման տեսանկյունից։ Ո՞վ պետք է ՀՀ վարչապետին ի պաշտոնե տեղեկացներ եթերում լինելու մասին։ Իմ պրոֆեսիոնալիզմը ինձ թույլ չի տալիս ստանձնել ուրիշի աշխատանքային պարտականությունները։ Զարմանալի է, որ տիկին Մանե Գևորգյանի պարզաբանման մեջ այս մասին խոսք չկա։ Սա գլխավոր հարցն է։ Առանց այս հարցին պատասխանելու հապճեպ որոշում կայացնելը և մեղադրելը, իմ կարծիքով, խոսում է կանխակալ վերաբերմունքի մասին»,- գրել է Վարդան Հակոբյանը։

Ստեղծված իրավիճակը սուր քննադատել է նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, այն «հակաբարոյական» անվանելով։

«Ինձ հատկապես անհանգստացնում է այն, թե ինչ եղանակով է դա ներկայացվում հանրությանը ու ինչ արձագանքի է արժանանում նման նյութը: Մի՞թե մենք այսպես ենք պատկերացնում մեր պետականության զարգացումն ու ժողովրդի ներուժը: Այս ի՞նչ աստիճանի է հասել հանրային օրակարգը: Հանրային գործչի, ընդդիմախոսի կամ նույնիսկ քաղաքական ընդդիմադիրի կամ ընկերոջ ու ազգականի նկատմամբ այսպիսի վերաբերմունքը կամ արձագանքն անընդունելի է»,–գրել է նա:

Այժմ ուղիղ եթերի նախապատրաստական փուլի կադրերի արտահոսքի հանգամանքները պարզվում են՝  հանրությանը տեղեկություն կներկայացվի։

Ազնիվ Սիրադեղյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here