Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 7-ի

234

Լեռնային Ղարաբաղում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս մեկ դեպք, այսպիսով հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասավ 7-ի: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Հաղորդագրությունում մասնավորապես նշված է, որ նախօրեին թեստավորված 11 քաղաքացու փորձանմուշի արդյունքներից 10-ն արդեն ստացվել է, ըստ որի 9 քաղաքացու մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ավելի վաղ Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Քարվաճառի բնակչի հետ շփված բուժանձնակազմի ներկայացուցիչներից մեկի մոտ, ում հետ շփման մեջ գտնվող անձանց մեկուսացման ուղղությամբ այս պահին աշխատանքներ են տարվում:

Նույն աղբյուրը հայտնում է, որ ավելի վաղ հաստատված և Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված երկու քաղաքացու կրկնակի թեստավորման արդյունքը կրկին բացասական է եղել. արդյունքում նրանք այսօր դուրս կգրվեն:

Մեկ քաղաքացու թեստավորման արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ:

Հիշեցնենք՝ Արցախում ապրիլի 12-ից հայտարարվել է արտակարգ դրություն մինչև մայիսի 12-ը` ժամը 22:00-ն ներառյալ: