Հետհեղափոխական Հայաստանում դատական համակարգը բարեփոխող վեթինգ արտահայտությունը հեշտությամբ ընկալվեց հանրության կողմից: Նիկոլ Փաշինյանը, հայտարարեց՝ դատական իշխանությունները պետք է ենթարկվեն վեթինգի։ Ըստ վարչապետի ծրագրի՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, ծավալած գործունեության, անհատական ու պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: Իսկ ՄԻԵԴ որոշումներով հաստատված՝ քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից:

Հանրությունն օր առաջ սպասում էր Նիկոլ Փաշինյանի հետագա քայլերին։ Դատապարտյալների մոտ նոր հույս էր արթնացել գործերի վերաբացման մասով․ ցմահ ազատազրկվածներից շատերն էին խոսում, որ վեթինգը թույլ կտա վեր հանել տարիներ առաջ իրենց գործերով կայացված անարդար դատավճիռների հանգամանքը և նոր քննություն իրականացնել։

Սակայն, միայն օրեր առաջ պարզ դարձավ, որ ոչ մի վեթինգ էլ տեղի չի ունենա։ Մարտի 25-ին Ազգայն ժողովն օրենսդրական փաթեթ ընդունեց, որից հասկացվեց՝ Հայաստանում դատավորների վեթինգ չի իրականացվի:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն հայտարարում է՝ դատավորներին վեթինգի ենթարկելու Արդարադատության նախարարության ներկայացրած օրինագիծն ամենևին էլ այդ մասին չէ․

«Դատական օրենսգրքում արված փոփոխություններն ու լրացումները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հնարավորություն չեն տալիս գործող դատավորներին ենթարկել վեթինգի։ Գործող դատավորների բարեվարքության, գործունեության այլ ասպեկտներին հանձնաժողովը որպես լիազոր մարմին որևէ կերպ չի անդրադառնալու, հանձնաժողովը դատավորի գործունեությամբ կայացրած որոշումներ, դրսևորած վարքագծի, այսպես կոչված բարեվարքության առնչությամբ որևէ գործողություն չի իրականացնելու»։

Ըստ նրա՝ հանձնաժողովը կուսումնասիրի դատավորների գույքի, եկամուտի և շահերի հայտարարագրերը՝ այն գործարքներն ու եկամուտները, որ արձանագրվել են 2017 թվականից հետո միայն։ Բացի այդ, բարեվարքության ստուգում կանցնեն միայն դատավորի թեկնածուները։

Փաստացի, կարգավորումները չեն վերաբերվի, օրինակ, Հյուսիսային պողոտայի սեփականության գործերով կամ Մարտի 1-ից հետո ՄԻԵԴ կայացված որոշումներին, դրանք չեն կարող հիմք դառնալ, որ այդ գործով վճիռ կայացրած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի:

Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը, մինչդեռ, նախարարության տարածած հայտարարությունում պնդում է՝ հանձնաժողովն իր դիտակետում պետք է ունենա ինչպես ներկայիս, այնպես էլ նախկին պաշտոնատար անձանց, և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստուգելու է գործող դատավորների հայտարարագրերը, ընդ որում՝ հայտարարագրերի մանրամասն վերլուծության և տվյալների համադրման միջոցով։

«Օրենսդրական փաթեթով նախատեսված ընդլայնված գործիքակազմը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է կիրառել 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ներկայացված հայտարարագրերի վերլուծության ընթացքում, իսկ մինչ այդ ներկայացված հայտարարագրերը կարող է վերլուծության ենթարկել ներկայումս գործող իրավակարգավորումներին համապատասխան»։

Արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը, ում կառավարման ընթացքում հայտարարվեց վեթինգի մասին, լրագրողների հետ զրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր՝ վեթինգը կիրառվելու է բոլոր դատավորների նկատմամբ՝ առանց խտրականության։

«Բոլորին է հայտնի դատական համակարգում կուտակված խնդիրների մասին, ուստի դրանք պետք է շուտափույթ լուծել»,- նշել էր Զեյնալյանը։

Forrights-ը կապ հաստատեց նախկին նախարարի հետ, փորձելով ճշտել՝ արդյո՞ք շարունակում է մտածել վեթթինգի անհրաժեշտության մասին, և ի վերջո, ըստ նրա, ինչո՞ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն այնքան դժգոհ էր դատական համակարգից, հրաժարվեց դատավորների վեթինգ իրականացնելու գաղափարից: Արտակ Զեյնալյանը, սակայն, հրաժարվեց խոսել․

«Չեմ ուզում խոսել այդ թեմայի մասին»։

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի համար անակնկալ չէր իրադարձությունների նան շրջադարձը։ Իրավապաշտպանը նախ հիշեցնում է՝ իշխանության գալով, Նիկոլ Փաշինյանը՝ որպես գործիք սկսում է օգտագործել նախկին իշխանություններից ժառանգած համակարգը` Ոստիկանական, Ազգային անվտանգության և քննչական մարմինները, իսկ հանրահավաքների ժամանակ նրա հնչեցրած սպառնալիքն ամբողջովին ուղղվում էր դատավորներին ահաբեկելուն, այն դատավորներին, որոնք դեռևս իրեն չէին ենթարկվում:

«Այսինքն` վեթինգն ընդամենը սպառնալիք էր, ոչ թե իրական, մտածված գործիք, որ պետք է կիրառվեր»։

Իրավապաշտպանը, սակայն, ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ դատարանն այս շրջանում վերջին օղակն է։ Իշխանյանի դիտարկմամբ՝ դատական համակարգից մի քանի քայլ առաջ կա ոստիկանություն, որտեղ անձը բերման է ենթարկվում, ապա նրա հետ քննիչներ են աշխատում, հետո՝ քննչական մարմինները, դատախազությունը, ինչից հետո միայն նոր` դատարանը․

«Եթե իսկապես նպատակ կար արդարությունը վերականգնելու, ապա վեթինգի պետք է ենթարկվեին բոլորը` սկսած ոստիկանությունից՝ մինչև դատավորներ։ Այդ դատարանների դռները շրջափակելը, դատավորներին ահաբեկելը, նրանց վեթինգով վախեցնելը, դատավորներից մեկի նկատմամբ քրեական գործ հարուցելը․․․ այդ ամենն ընդամենը մեկ նպատակ ուներ` հպատակեցնել դատական համակարգը: Հիմա այլևս վեթինգով վախեցնելու իմաստ չկա»,- հավելեց նա։

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest