ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել էր Ազգային ժողով՝ պատասխանելու Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին:

«Ես խոստանում եմ, որ արտակարգ դրության ավարտից հետո ես կհրավիրեմ բոլոր լրատվամիջոցներին, որոնք գործում են ՀՀ-ում և միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված կպատասխանեմ բոլոր հարցերին»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Այս ամենից հետո, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասվում էր, մեջբերում ենք հատված․

«Պատերազմից հետո դիվանագիտական ճակատում հակառակորդի հետ բանակցությունները պետք է բերեն խաղաղության եւ ապահովեն այդ համաձայնության իրագործումը, սակայն ոչ ի հաշիվ մեր ժողովրդի կենսական շահերի: Սա սոցիալական ցանցերի համար նախատեսված «լայվ-շոու» չէ, սա միջազգային ռեալ-քաղաքականություն է` նաեւ հետնաբեմում ընթացող գործողություններով: Մենք համազգային նշանակության հարցերում եւ առաջին հերթին` Արցախի հարցում պառակտվելու իրավունք չունենք: Դա չափազանց թանկ կարող է արժենալ մեր պետականության եւ ժողովրդի համար: Զգոն լինենք եւ ցանկացած նման փորձ դիտարկենք հենց այս տեսանկյունից:

Ինքս էլ հարցեր ունեմ պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ հայոց բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի և մի շարք այլ թեմաներով»։

Նիստի կարճ ընդմիջման ժամանակ ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե դեռ որքան երկար են հարցեր ուղղելու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ասաց, որ դեռ շատ երկար կարող է տևել նիստը։

«Պատգամավորների մոտ դեռ հարցեր կան, հարցից հարց է ծնվում: Հիմա 15 րոպե ընդմիջում ենք անում, հետո շարունակենք մեր աշխատանքը»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ ինքն էլ հարցեր ունի, արդյոք տվել է այդ հարցերը, Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց.

«Սերժ Սարգսյանը մեզ չի կարող հարցեր տալ: Հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է: Սերժ Սարգսյանը պատասխանում է մեր հարցերին: Իր իրավունքն է՝ պատասխանել, թե չպատասխանել:  Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր տեսակետները ներածական, մենք ընդունել ենք և կկցենք մեր վերջնական եզրակացությանը»,-ներկայացրեց Անդրանիկ Քոչարյանը

Նա հավելեց, որ չեն եղել հարցեր, որոնց Սերժ Սարգսյանը չի պատասխանել: Նիստը դեռ շարունակվում է։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մինչև հանձնաժողովի նիստի ներկայանալուն համաձայնելը մի քանի նախապայման էր ներկայացրել ԱԺ քննիչ հանձնաժողովին, այն է տեսաձայնագրությունների իրեն տրակադրումը։

Քննիչ հանձնաժողովը բավարարել էր Սերժ Սարգսյանի պայմանը. նա կստանա իր հատվածի տեսաձայնագրությունը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest