Հարգելի լրագրողներ, ուզում եմ հավատացած լինեք, որ ես ձեզնից ավելի շատ եմ շահագրգռված շփվելու լրատվամիջոցների հետ մի պարզ պատճառով, որովհետեւ ես ոչինչ չունեմ թաքցնելու: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով եկել է ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում հարցերի պատասխանելու:

«Երկրորդ, իրոք եկել է ժամանակը, երբ ես պատրաստ եմ պատասխանելու բոլոր հարցերին: Ելնելով սրանից ես դիմել եմ հանձնաժողովին, իմ մասնակցությամբ նիստը անցկացնել արտակարգ դրության ավարտից հետո: Բայց հանձնաժողովը նպատակահարմար համարեց նիստն անցկացնել ամսի 16-ին, եւ ինչպես հայտնի է արտակարգ դրությունն էլ երկարացվեց:

Ուստի ես այդ հնարավորությունից զրկված եմ, քանի որ հարցն այնքան կարեւոր է, որ ոտքի վրա 1-2 պատասխաններով ես չեմ կարող գոհացնել ոչ ձեզ, ոչ էլ հանրությանը:

Ես խոստանում եմ, որ արտակարգ դրության ավարտից հետո ես կհրավիրեմ բոլոր լրատվամիջոցներին, որոնք գործում են ՀՀ-ում եւ միայն ապրիլյան իրադարձությունների հետ կապված կպատասխանեմ բոլոր հարցերին»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Որպեսզի փոքր ինչ իրավիճակը հարթեմ, մի քանի րոպե հետո իմ գրասենյակը կտարածի հայտարարություն»,-ընդգծեց Սերժ Սարգսյանն ու հեռացավ:

Այլ հարցերի նա չպատասխանեց:

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest