«Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացված էր»,-այս մասին, այսօր ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի շուրջ 5 ժամ տևած նիստից հետո ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով, նիստը ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում. «Ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին: Ցավոք սրտի ես հնարավորություն չունեմ պատասխանելու ձեզնից յուրաքանչյուրի հարցին, ոչ թե այն պատճառով, որ շատ գաղտնի բաներ կարող են սպրդել, ոչ: Այլ պարզ մի պատճառով, որ դրանք այնքան կարևոր իրադարձություններ են, որ ոտքի վրա, իրար ընդհատելով անհնար է հասնել այն նպատակին, ինչը ես եմ մտածում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահը:

Սերժ Սարգսյանը մանրամասնեց, որ նիստին մասնակցելու իր նպատակը շատ պարզ է՝ հասցնել հանրությանը  իրական, հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին, որոնց ընթացքում զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, ընհանրապես՝ հասարակությունը հաղթել է․

«Հաղթել է ոչ միայն մարտի դաշտում, այլև դիվանագիտական դաշտում»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ նիստի վերջում ինքը ի պատասխան հանձնաժողովի նախագահի, նույնպես շնորհակալություն է հայտնել այս քննարկման համար:

Անդրադառնալով ապրիլյան պատերազմի հետ կապված դավադրությունների թեմային վերջինս ասաց, որ որևէ պարագայում ինքը չէր կարող ղեկավարվել դավադրությունների տեսություններով և չի կարծում, որ դաշնակից գործընկերները դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ․ «Չկա այդպիսի բան»,-արձագանքեց նա։

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ևս նշեց, որ Սերժ Սարգսյանի նիստին մասնակցելու որոշումը ճիշտ էր։ 

«Մնացած բոլորը, ովքեր ցանկություն չունեին, որ Սերժ Սարգսյանն ու բոլոր պատասխանատուներն օր առաջ հայտնվեն հանձնաժողովում, պատասխանեն մեր հարցերին, երևի վաղվանից արդեն պետք է գիտակցեն, որ հանձնաժողովը, այնուամենայնիվ, իր կատարած աշխատանքների ընթացքում արդեն կասկած չի թողնում, որ ինքը ոչ միայն աշխատել է, այլ նաև պայմաններ է ստեղծում, որ հնարավորինս հավաքի տեղեկատվությունը բոլոր պաշտոնյաներից»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա մանարամասնեց, որ Սերժ Սարգսյանի հետ քննարկման մեջ նշել են, որ Յուրի Խաչատուրովի չգալը սխալ է, վերջինս ընդունել է այ հանգամանքը և պատմել, որ նիստին գալուց առաջ զրուցել է Խաչատուրովի հետ, ում էլ հորդորել է մասնակցել նիստին․

«Ճիշտ կլինի, որ Սերժ Սարգսյանի գալուց հետո Խաչատուրովը գա և պատասխանի իրեն վերաբերող հարցերին, որպեսզի ամբողջական դառնա։ Համար մեկ զինվորականն այն ժամանակ եղել է Գլխավոր շտաբի պետը»,– նկատեց նա։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ իրենք տվել են բոլոր հարցերը. դրանք բավականին շատ էին։

«Ստացել ենք հարցերի պատասխաններ, որոնք մեզ փոխանցել է Սերժ Սարգսյանը, սակայն դրանք բոլոր հարցերի պատասխանները չեն։ Հարցերն ամբողջական կլինեն, երբ մենք կլսենք նաև այլ պաշտոնյաների։ Մենք նախանշեցինք, և պարոն Սարգսյանն ինքն էլ ասաց նաև այն պաշտոնյաների անունները, որոնց մոտ գտնվում են մեր մի շարք հարցերի պատասխանները։ Մենք տվել ենք այն հարցերը, որոնք իրեն կարող էինք ուղղել։ Նա իր մասով պատասխանել է այդ հարցերին այնքանով, ինչքանով որ տիրապետում է, սակայն կան բաներ, որ կարող է ինքը չհիշել կամ իրեն զեկուցած չլինեն»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը, հավելելով, որ իրենց հետաքրքիր է՝ չեն զեկուցե՞լ, թե՞ չի հիշում։

«Կգա մի օր, որ այս ձայնագրությունները, որոնք հարստացնում են ապրիլյան դեպքերի ուսումնասիրությունները, նրանք այնքան ամբողջական կլինեն և մեր հանրությանը հասանելի կլինեն, որ մենք վերջին հաշվով կհասկանանք մեր թերությունները, հետևանքներն , դրանց վերացման հետևանքները։ Դրանք միտված են լինելու մեր զինված ուժերի հզորացմանը։ Պարոն Սարգսյանը հիշում էր շատ բաներ, հլը մի բան էլ մեր հարցերի մեջ ինքը նաև ավելացրեց, որ հիշում է այս թվերի շրջանակում, քան այն, որ փոխանցվել է մեր պաշտպանական գերատեսչության կողմից՝ քննիչ հանձնաժողովին»,-ասաց նա։

Հարցին, թե նախկինում Սերժ Սարգսյանն ասել էր, որ 800 հեկտար ենք կորցրել, սակայն վերջերս նկարված ֆիլմում նշվում է՝ 400 հետկար, Քոչարյանն ասաց.

«Պարոն Սարգսյանը ֆիքսեց, որ դա ընդամենը ֆիլմ էր, որպեսզի ֆիլմը դառնա վավերագրական, ֆիլմը նկարահանողը պիտի տիրապետի այն տեղեկատվությանը, որը գտնվում է այն սենյակի պատերի հետևում։ Ֆիլմում հնչեցված բազմաթիվ փաստեր փորձել ենք ճշտել պարոն Սարգսյանից։ Մենք ավելի լուրջ հարց ենք տվել, ոչ թե 400-ի և 800-ի մեջ է»։  

Լրագրողների հարցին՝ նախագահն արդյոք ընդունե՞լ է, որ ունեցել է բացթողումներ, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Իհարկե»։

Հարցին՝  նիստին արդյոք Սերժ Սարգսյանը թերացողների անուններ հնչեցրե՞լ է, Քոչարյանը պատասխանեց. «Թերացողների անուններ տրվել է նաև Պաշտպանության նախարարության կողմից կազմված վերլուծության մեջ, սակայն վերլուծության մեջ ներառված չեն նաև մի շարք պաշտոնյաներ, որոնք իրենց չեն տեսել այդ թերացումների մեջ, բայց հանձնաժողովը տեսել է նաև այն պաշտոնյաներին, որոնք արտացոլված չեն այդ թերացումների մեջ։ Հանձնաժողովի աշխատանքները կարևոր են նրանով, որ ինքն ի վիճակի է ամբողջացնել այդ ամբողջ տեղեկատվությունը»,-մանրամասնեց նա։

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ 2016 թվականի ապրիլյան գործողությունների ժամանակ հետախուզության գործողությունների հետ կապված եղել են որոշակի թերացումներ․

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հանձնաժողովն իր աշխատանքը կավարտի 2020 թվականի հունիսի 4-ին. «Ժամկետ երկարացնելու հնարավորություն չկա։ Լավ կլիներ, որ այսպիսի ծավալուն աշխատանք կատարեին այն ժամանակվա իշխանությունները, ոչ թե վերլուծությունների ընդամենը մեկ փաստաթուղթ կազմելուց հետո աշխատանքն ավարտած համարեին։ Սա այն արխիվային նյութն է, որը միշտ տալու է հնարավորություն՝ հասկանալու ապրիլին մեր բացթողումները»։

Անդրադառնալով Սերժ Սարգսյանին տեսաձայնագրությունների տրամադրմանը՝ Հանձնաժողովի նախագահն ասաց, որ օրեր անց այն կտրամադրվի Սերժ Սարգսյանին.

«Նիստի ավարտին քննարկեցինք նաև տեխնիկական այդ խնդիրը, եւ պարոն Սարգսյանը համոզված է, որ ամեն մեկս մեր տված խոսքը պահելու ենք։ Պարոն Սարգսյանն ասաց, որ մինչև 2050 թվականն իր կողմից այսօրվա աշխատանքի այս տեղեկատվությունը չի հանրայնացնի, որովհետեւ չի կարելի։ Օրեր անց անպայման կտրամադվի տեսաձայնագրությունները»։

Ազնիվ Սիրադեղյան


Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest