ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Քրեական օրենսգրքում և հարակից օրենքներում օրենսդրական փոփոխությունները։
Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին կողմ քվեարկեց 97, դեմ 1 պատգամավոր։
Ըստ օրենսդրական փաթեթի, գենդերային, ռասայական, էթնիկական կամ սոցիալական, գենետիկական բնութագրերի, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելիության, սեփականության կարգավիճակի, ծննդյան, հաշմանդամության, տարիքի, սոցիալական կամ անձնական այլ բնութագրերի հիմքով անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ հանրային կոչերը կհետապնդվեն քրեական կարգով:
Նախագիծը ներկայացրեց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը։
«Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասսայով, մաշկի գույնով, էթնիկական, կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 225-րդ հոդվածի 4-րդ մասով, 226-րդ, 226.1-րդ, 301-րդ, 385-րդ, 397.1-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների հատկանիշները՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով։
Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով կամ առանց դրա»,-ասաց նա։
Բացի այդ, նման պահվածքի հրապարակային արդարացումը նույնպես հետևանքներ կունենա: Այս դեպքում քաղաքացին կամ այն անձինք, ովքեր հրապարակայնորեն բռնության կոչերով են հանդես եկել, պատժի կենթարկվեն տուգանքով` 50 կամ 100 հազար դրամի չափով, կամ կալանքի տեսքով՝ մինչեւ երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկման` մինչեւ մեկ տարի ժամկետով: Սակայն մշակութային եւ գիտական նշանակության աշխատանքներում կան արտահայտություններ եւ մտքեր, որոնք բռնության կոչեր են հիշեցնում եւ կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության տարրեր են պարունակում, ինչպես նաեւ գիտական և գեղարվեստական գրականության տարածումը, որում այդպիսի կոչեր կան, հետապնդման չեն ենթարկվի պետության կողմից:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: