Պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող` Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նիստին։

Ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ ՀՀ երրորդ նախագահը, որպես այդպիսին նախապայամն էր դրել Հանձնաժողովի առջև, այն է՝ իր գրասենյակին տրամդրել նիստի տեսաձայնագրությունը կամ եթե չի ձայնագրվում, ապա իրենց թույլ տալ ձայնագրել։ Արդյունքում, այս պայմանը բավարարվեց հանձնաժողովի կողմից։

Սերժ Սարգսյանի գրասենյակից հավելել են, որ եթե հանձնաժողովը քննարկելու է այնպիսի տեղեկություններ, որոնց ի պաշտոնե Սարգսյանը տիրապետել է, ապա վերջինս դրանք չհրապարակելու պարտավորություն ունի, քանի որ պետական և ծառայողական գաղտնիքին առնչվելու իրավունքի դադարեցումը քաղաքացուն չի ազատում նման տեղեկությունները չտարածելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունից:

Չորս տարի առաջ քառօրյա պատերազմում հայկական կողմը հարյուրից ավելի զոհ և տարածքային կորուստ ունեցավ։ Տարածված լուրերը տարաբնույթ էին՝ զինվորները չեն ունեցել փամփուշտներ, տանկերը՝ դիզվառելիք, ինչպես նաև շրջանառվում են  լուրեր, որ հակառակորդի սպասվելիք հարձակման մասին տեղեկություններ այնուամենայնիվ եղել են և այլն։

«5-րդ ալիք»-ի «Հաղթանակի ապրիլ» ֆիլմում առաջին անգամ Ապրիլյան պատերազմի մասին խոսել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ հակառակորդի սպասվող հարձակման մասին հայկական կողմը ոչ մի տեղեկություն չի ունեցել։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանի կարծիքով, այնուամենայնիվ լիարժեք պատասխաններ կհնչեն բոլորին հուզող հարցերի վերաբերյալ՝ հանձնաժողովի գործունեության արդյունքում։

«Չեմ կարծում, որ հանձնաժողովի աչքից կարող է վրիպել որևէ փաստ կամ հանգամանք»,-ասում է նա։

Ինչ վերաբերվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նիստին մասնակցելու փաստի համաձայնմանը՝ Արկադի Վարդանյանը բավականին արտառոց է համարում, որովհետև այն պայմանը, որ ինքը ներկայացրել էր՝ տեսաձայնագրությունների տրամադրելու հարցով անմիջապես բավարարվեց․

«Ես կարծում եմ, որ նա դա չէր սպասում և հավանաբա հաշվարկում էր, որ այդ առումով ինչ որ խոչնդոտներ կլիներ և  իր չմասնակցելը կպատճառաբաներ, որ տեսեք դուք խոչնդոտում եք և այլն։ Ես կարծում եմ, որ հիմա նա հայտնվել է բավականին ծանր վիճակում»,-կարծում է քաղաքագետը, հավաստիացնելով, որ այնուամենայնիվ Սերժ Սարգսյանը ստիպված կլինի պատասխանել շատ հարցերին, և այդ հարցերի ճնշող մեծամասնությունը իր համար տհաճ հարցեր կլինեն։

Ըստ քաղաքագետի՝ բացի Սերժ Սարգսյանից իհարկե պետք է հրավիրվեն նաև այն բոլոր անձինք ովքեր  նույնպես անմիջական մասնակցություն և պատասխանատվություն են կրում  Ապրիլյան պատերազմի հետևանքների համար։

Սերժ Սարգսյանի՝ 800 հեկտար տարածքային կորուստների մասին հակասական հայտարարությունների վերաբերյալ քաղաքագետը ոչինչ չասաց, միայն նշեց, որ երբ մարդ սկսում է սուտ խոսել ինքն իր ստի մեջ խճճվում է, արդյունքում ինքն էլ չի հասկանում, թե ինչ է ասում։

Հիշեցնենք, որ 2016-ի ապրիլի 4-ին Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել էր, թե ադրբեջանցիները տարածքներ չեն ազատագրել, ընդամենը փոքրիկ տարածք՝ հարավում և հյուսիսում՝ 200-300 մետր տարածք։ Սակայն մեկ ամիս անց Ժիրայր Սեֆիլյանը հայտարարությամբ հանդես եկավ, որ հայկական կողմի տարածքային կորուստն ավելի շատ է, ինչից ընդհամենը մեկ օր անց, Վիեննայից վերադառնալիս  ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը խոսեց 800 հեկտարի կորուստի մասին։

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ «5-րդ ալիք»-ի փաստագրական ֆիլմում Սերժ Սարգսյանը կրկին խոսում է 200-300 հեկտար տարածքի կորստի մասին։ Հարցերը շատ են, միմյանց հակասող փաստերը ևս, որոնց մասին հստակ պատասխան և ճշգրտող տեղեկատվություն կստանանք ապրիլյան պատերազմի դեպքերը քննող` Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նիստի ժամանակ։

Անդրանիկ Քոչարյանը անցած հունիսին՝ հանձնաժողովի աշխատանքի մեկնարկին, հայտարարում էր, թե կորսված 800 հեկտարի հարցն էլ չեն շրջանցելու, զոհերի համար մեղավորներին էլ՝ եթե կան այդպիսիք։

«Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանի կարծիքով՝ նիստի տեսաձայնագրելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի պայմանը լոկալ բնույթ է կրում, նպատակն է օրերս  5-րդ ալիքով Ապրիլյան պատերազմի մասին վավերագրական ֆիլմի երկրորդ մասը ունենալն է․

«Հանձնաժողովը, նրա պայմանն ընդունելով, մասնակից է դառնում ազգային դավաճան և ցեղասպան Սերժ Սարգսյանին մաքրագործելու և ասպարեզ վերադարձնելու յուրօրինակ քաղաքական սերիալի նկարահանմանն ու հեռարձակմանը»,-կարծում է Վարուժան Ավետիսյանը, հավելելով, որ ներկա և նախորդ երեք ռեժիմները նույն համակարգի մեջ գործող սիամական երկվորյակներ են, ուստի գործակցել են և գործակցելու են։

«Ներկաներին շատ ձեռնտու է նախկիններին ներկայացնել որպես ընդդիմություն և այդ սև ընդդիմության հետ սպիտակի դերով համեմատության համատեքստում ներշնչել հանրությանը, թե իր այլընտրանքը նախկին սևերն են, ուստի ինքն այլընտրանք չունի։ Իրենց հերթին՝ նախկին սևերին ձեռնտու է ամբաստանյալի աթոռին հայտնվելու և թալանը հետ տալու փոխարեն մի որոշ ժամանակ սևի դեր խաղալ, հույս ունենալով, որ ժողովուրդը կմոռանա իր ոճիրները և ներկաներին մերժելով՝ կընտրի իրենց։ Անշուշտ, երկուսն էլ չարաչար սխալվում են»,-ասում է նա։

Ըստ Ավետիսյանի՝ հանձնաժողովն օբյեկտիվորեն չի կարող վեր հանել ճշմարտությունը, քանի որ նրա ստեղծման որոշմամբ ընդամենը խնդիր է դրվել բացահայտելու Ապրիլյան պայմանավորված պատերազմի ռազմական առումները․ «Մինչդեռ առաջին հերթին անհրաժեշտ է բացահայտել դրա քաղաքական, առաջին հերթին՝ արտաքին քաղաքական առումները»։

Հայտնի փաստեր կան, որ օրինակ՝ Աղդամի ուղղությամբ ադրբեջանցինները թողել էին իրենց առաջնադիրքերը և հրետանու գործողությունների արդյունքում հետ էին փախչել, թե նչո՞ւ հայկական ուժերը չզբաղեցրեցին այդ ադրբեջանցիների թողած առաջնագծի դիրքերը Վարուժան Ավետիսյանն ասում է.

«Պատճառը պարզ է՝ որովհետև պայմանավորված են եղել։ Մեր սպաներն ու զինվորները ձախողել են այդ դավադիր պայմանավորվածությունը և հայկական կողմը ներկայացնող քաղաքական ղեկավարության դավաճանությունն ակամա մերկացել ու հայտնի է դարձել։ Այդուհանդերձ՝ դավաճանները կատարել են իրենց ստանձնած պարտավորությունները և ոչ միայն հակառակորդի դատարկ դիրքերը չեն զբաղեցրել, այլև չեն ազատել նաև հակառակորդին անցած մեր դիրքերը, ինչպես նաև արգելել են Հայկական բանակի հակահարձակումը»,- մանրամասնում է նա։

 «Հանձնաժողովի նիստի արդյունավետությունը կախված կլինի, թե ինչ հարցեր կհնչեցնեն Սերժ Սարգսյանին»,-նկատում է քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանը, հավելելով, որ հանձնաժողովը հարյուրավոր նյութեր է ուսումասիրել Ապրիլյան պատերազմի վերաբերյալ, և բնականաբար փաստերը հիմնված չեն միայն այն անձաց վրա ովքեր հրավիրվում են ցուցմունքներ տալու համար, այլ հիմնված են նաև բազմաթիվ արձանագրված փաստերի վրա։

«Այս պահի դրությամբ, իմ կարծիքով կարևոր  հարցը, որին պիտի Սերժ Սարգսյանը պատասխանի, դա  ինչու ագրեսիվ պատերազմ նախաձեռնող կողմը, հանրապետության ղեկավարը մնաց անպատիժ։ Ոչ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառվեցին, ոչ Իլհամ Ալիևի նկատմամբ որևէ գործողություններ՝ միջազգային կառույցների կողմից արվեց, ոչ մեղադրանքներ, ոչ վարույթներ չհարուցվեցին»,-նկատում է Անդրեաս Ղուկասյանը, մանրամասնելով, որ ագրեսիվ պատերազմը միջազգային հանրության դեմ հանցագործություն է, որ սակայն այս դեպքում՝ տարօրինակ հանգամանքներով անպատիժ մնաց։

«Իմ կարծիքով հենց Սերժ Սարգսյանի անգործությունը թույլ տվեց Իլհամ Ալիևին մնալ անպատիժ։ Սերժ Սարգսյանը՝ ի պաշտոնե, որպես Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ, պարտավոր էր մի շարք քայլեր ձեռնարկել միջազգային հարաբերությունների տիրույթում։ Եթե ագրեսիվ պատերազմ լինում է և ագրեսորը պատասխանատվության չի ենթարկվում, այս դեպքում նշանակում է, որ կան շահագրգիռ կողմեր, որոնք որ աջակցում են այդ հանցագործին մնալ անպատիժ»,-ասաց քաղաքական գործիչը։

Անդրեաս Ղուկասյանի կարծիքով՝ այս բոլոր հարցերից զատ, Սերժ Սարգսյանը պետք է պատասխանի՝ ինչպե՞ս ստացվեց, որ այս հարձակումը անակնկալ եղավ բանակի համար, ինչպես ստացվեց, որ հակագրոհներ, համարժեք հակահարվածներ չստացավ հակառակորդը։

Ապրիլյան պատերազմի դեպքերը քննող` Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի նիստը Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի կունենա ապրիլի 16-ին։ Սույն նիստը, ինչպես հանձնաժողովի բոլոր նիստերը լինելու է դռնփակ։

Ազնիվ Սիրադեղյան

Pin It on Pinterest