Կառավարությունն իր այսօրվա որոշմամբ հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 12-րդ միջոցառումը, որով ընդլայնվում է սպառված գազի եւ էլեկտրաէներգիայի գումարի փոխհատուցման գնային շեմը։
Ըստ այդմ սահմանվում է, որ այս միջոցառման շահառու են հանդիսանալու գազի եւ էլեկտրաէներգիայի այն սպառող բաժանորդները, որոնց կոմունալ վճարումները փետրվարին կազմել են
— բնական գազի սպառման գծով՝ 10 001-30 000 դրամ
— էլեկտրաէներգիայի գծով՝ 5001-10 000 դրամ ներառյալ։
Ընդ որում, աջակցությունը տրամադրվելու է սպառած էլեկտրաէներգիայի և գազի դիմաց 30 տոկոսի չափով։
Որոշման երկրորդ կետով առաջարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին մինչեւ 2020 թվականի ապրիլի 17-ը կազմակերպել միջոցառման իրականացումը:
Հիշեցնենք, որ 11-րդ միջոցառումը վերաբերում էր այն բաժանոդներին, որոնք փետրվարին օգտագործել էին մինչեւ 10 հազար դրամի գազ եւ մինչեւ 5 հազար դրամի էլեկտրաէներգիա: Նրանց դեպքում՝ փոխհատուցումը 50 տոկոս էր:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: