Օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն տարածեց, հայտնելով, որ քրեակատարողական հիմնարկներում պահվող, նախնական կալանքի տակ գտնվող անձանց կորոնավիրուսային վարակումից և հիվանդությունից պաշտպանելու միջոցառումների շրջանակներում, Դատախազությունը սկսում է առաջնային ռիսկի գոտում գտնվող կալանավորված անձանց նկատմամբ խափանման միջոցի փոփոխման նախաձեռնություն։
Ինչպես Forrights-ի հետ զրույցում նշեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, երեկվա դրությամբ Դատախազության նախաձեռնությամբ արդեն իսկ փոփոխվել է 15 հոգու խափանման միջոցը․
«Դրանք հիմնականում ծանր կամ համակցված մի քանի, կամ խրոնիկ բնույթ ունեցող հիվանդություններով տառապող անձինք են, որոնք տառապում են «ծնոտի oստեոմիելիտ, օստեոնեկրոզ», տուբերկուլյոզ հիվանդություններով կամ ՄԻԱՎ վարակակիրներ են, որոնք ունեն 2-ից 4-րդ կլինիկական փուլի իմունային անբավարարություն և այլն»,- նշում է Աբրահամյանը։
Ըստ Դատախազության, հաշվի առնելով, որ վարակման և հիվանդացության տեսանկյունից ռիսկային գոտում գտնվող անձանց վերաբերող գործերը հիմնականում դատարանների վարույթում են, մեղադրող դատախազները հանդես կգան հրատապության կարգով դատական նիստեր անցկացնելու հարցով՝ դատարաններին դիմելու և այդ անձանց նկատմամբ ընտրված կալանավորումն այլ խափանման միջոցներով փոխարինելու հարցը քննարկելու նախաձեռնություններով՝ ներկայացնելով համապատասխան միջնորդություններ:
Արդարադատության նախարարությունը դեռևս մարտի կեսերից սկսեց խոսել ՔԿՀ-ներում իրավիճակի վերահսկողության մասին, բայց փաստենք, որ ազատազրման փուլը մի քանի մարմինների համակարգված գործընթացն է, որտեղ քրեակատարողական հիմնարկը վերջին օղակն է։
Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավոր Հասմիկ Հարությունյանը փաստում է՝ նախաձեռնությունն այս պահին շատ կարևոր և անհրաժեշտ է, սակայն՝ մի փոքր ուշացած․
«Քրեակատարողական հիմնարկներում վիրուսի ներթափանցումը կանխարգելելու նպատակով, այսօր ամբողջ աշխարհում է խափանման միջոցի փոփոխման մեխանիզմը գործի դրվել։ Դատախազությունը մի փոքր ուշացավ, քանի որ արտակարգ դրության մասին հայտարարվել էր դեռևս մարտի կեսին։ Չնայած դրան, նախաձեռնությունն ինքնին շատ կարևոր է ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Փակ համակարգերում այսօր գտնվում են հասարակության ամենախոցելի զանգվածը, ովքեր պետության անմիջապես առաջնային պատասխանատվության ներքո են։ Պետության պարտավորությունն է պատշաճ կերպով ապահովել նրանց կյանքի և առողջության պահպանումը»,- Forrights-ի հետ զրույցում նշում է Հասմիկ Հարությունյանը։
Իրավապաշտպանի դիտարկմամբ, Դատախազության նախաձեռնությունը պետք է չսահմանափակվի կալանավորված անձանց վրա, այլ տարածվի նաև դատապարտված անձանց մասով։ Դիտորդական խմբի ղեկավարն առաջարկում է օգտվել ստեղծված հնարավորությունից և նոր թափով ու առավել արդյունավետորեն գործարկել վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը, իսկ պատժի հետ անհամատեղելի հիվանդություն ունեցող դատապարտյալներին շատ արագ ազատ արձակել։
«Ամբողջ աշխարհը, կարծես թե, պատրաստ չէր ստեղծված իրավիճակին։ Փորձը ցույց է տալիս, որ շատ երկրներում ձեռնարկված գործողություններն ուշացած էին։ Սակայն, այս պահին երկրներ կան, որտեղ պատժատեսակի փոփոխությունը կարող է ժամանակավոր լինել՝ հաշվի առնելով արտակարգ դրությունը և համաճարակը։ Ասենք՝ անձն ազատ արձակվի, նրա վրա որոշակի հսկողություն սահմանվի, ապա իրավիճակի փոփոխությունից հետո, քննարկվի դատապարտյալի վերադարձը քրեակատարողական հիմնարկ։ Այս տարբերակը որոշ չափով կարող է մեղմացնել վարակի հնարավոր տարածումը»,- նշում է իրավապաշտպանը։
Քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու նպատակով, իրավապաշտպաններից շատերը բարձրաձայնեցին երկրում համաներում հայտարարելու անհրաժեշտության մասին։ Կարծիքն ավելի ամրապնդվեց, երբ ապրիլի 2-ին «Վարդաշեն» ՔԿՀ-ի հինգ աշխատակիցների մոտ հայտնաբերվեց կորոնավիրուս։
Իրավապաշտպանների կարծիքը, սակայն չի կիսում Հասմիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ մի կողմից՝ այո, համաներումը դրական և մարդասիրական դրսևորում է, մյուս կողմից, սակայն, այն թույլ չի տալիս գնահատել կոնկրետ անձի ուղղված լինելու, հասարակություն վերադառնալու պատրաստվածության աստիճանը․
«2018 թվականին մենք ունեցանք մասսայական համաներում, սակայն փորձը ցույց տվեց, որ կարճ ժամանակ հետո բավականին մեծ թվով անձիք վերադարձան բանտ։ Մինչև համաներման հասնելը մենք ունենք մինչդատական փուլում խափանման միջոցների ճիշտ և արդյունավետ գործադրման մեխանիզմը»։
Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակը, Forrights-ի հետ զրույցում նշեց, որ ՄԻՊ-ը պետական մարմիններին ուղղված նոր հարցումներ է ուղարկել՝ պարզելու, թե այս պահի դրությամբ ի՞նչ միջոցներ են կիրառվել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից ընդունված հրատապ զեկույցի շուրջ։
Կոմիտեն իր զեկույցում նշել էր, որ պետական մարմինները պետք է առավել շատ կիրառեն ազատությունից զրկման այլընտրանքային միջոցները, այդ թվում՝ պատժի ժամանակահատվածի կրճատում, պատժից վաղաժամկետ ազատում և փորձաշրջանի կիրառում:
«Առողջության ապահովման հետ կապված՝ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ազատությունից զրկված անձանց առանձնահատուկ կարիքներին, հատկապես՝ խոցելի խմբերին և/կամ ռիսկային խմբերին՝ ծերերին և նախկինում հիվանդություններ ձեռք բերած անձանց: Դա ներառում է նաև COVID-19-ի առկայությունը ստուգելու համար սքրինինգային հետազոտությունների իրականացումը և անհրաժեշտության դեպքում ինտենսիվ խնամքի ապահովումը: Բացի այդ, ազատությունից զրկված անձինք այս ընթացքում պետք է ստանան լրացուցիչ հոգեբանական աջակցություն»,- Forrights-ին էր պարզաբանել էր ՄԻՊ գրասենյակը։
Հավելենք, որ ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի քրեական գործերով զբաղվող պաշտպանները, ղեկավարվելով քրեակատարողական հիմնարկներում պահվող պաշտպանյալների առողջության ու անվտանգության պահպանման առաջնահերթությամբ, այս օրերին 100 անձի վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել ՀՀ դատախազություն և ընդհանուր իրավասության դատարաններ, և 8 վերաքննիչ բողոք՝ կալանավորումը ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու միջնորդությամբ:
Միջնորդությունների և բողոքների հիմքերում հատկապես ընդգծվել է Եվրոպայի խորհրդի խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի 20․03․2020 թվականի հանձնարարականի պահանջները: Դրանցից 29-ը բավարարվել են, 4-ը՝ մերժվել, իսկ 75-ը դեռևս գտնվում են քննության փուլում։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: