Ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել ապրիլի 6-ին ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում նույն քաղաքի բնակիչ Գառնիկ Մ-ին ծեծի ենթարկելու հնարավոր դեպքի կապակցությամբ: Այս մասին Forrights.am-ին երեկ հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

60 տարեկան Գառնիկ պապին՝ հիշեցնենք, ահազանգել էր լրատվամիջոցներին, որ ոստիկաններն իրեն գիշերով բերման են ենթարկել, ծեծել են, պահանջելով, որ իր վրա գողություն վերցնի: Նա ամբողջ գիշեր բաժնում է անցկացրել, իսկ տուն գնալուց հետո գլխապտույտներ է ունեցել, տեղափոխվել է Սիսիանի հիվանդանոց, որտեղ կաթիլային են միացրել: ԶԼՄ-ներով տարածված տեսանյութում, որում տղամարդը պատմում է իր հետ կատարվածի մասին, երևում էր, որ նրա դեպմքին բազմաթիվ արյունոտ վերքեր կան: Նա վստահեցրել է, որ իրեն ծեծի ենթարկողը Սիսիանի ոստիկանության պետի ԺՊ Գարիկ Մուրադյանն է:

ՀՀ գլխավոր դատախազությունը հավաքել է դեպքին առնչվող բոլոր հրապարակումները, այդ թվում նշված տեսանյութը և ուղարկել է դրանք հատուկ քննչական ծառայություն, որն էլ ներկայում զբաղվում է այդ գործով:

Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը Forrights.am-ին հայտնեց, որ նյութերը դեռ չեն ստացվել: «Ստանալուն պես դրանց ընթացք կտրվի», — ասաց ՀՔԾ խոսնակը:

Ապրիլի 7-ին էլ մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել ոստիկանների մասնակցությամբ: Նրանք բռնություններ են կիրառել Սիսիանի ավագաու անդամ Մարտին Հարությունյանի, նրա հոր և հորեղբոր որդու  նկատմամբ, այն բանի համար, որ նրանք չեն ներկայացրել ոստիկաններին տեղաշարժի թերթիկ և անձնագրեր: Նրանց կանչել են բաժին ու ծեծի են ենթարկել բաժնի մոտ:

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այլ քաղաքացիներ էլ կան, որոնք տուժել են այս հանցավոր խմբից», — ասում է փաստաբան Լուսինե Զեյնալյանը: 

Ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության՝ Հարությունյանները խախտել են ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում հաստատված կարգը ու չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների՝ անձը հաստատող փաստաթղթերն ու տեղաշարժման թերթիկը ներկայացնելու օրինական պահանջներին, որի համար հրավիրվել են ոստիկանության Սիսիանի բաժին:

«Իմանալով վերջիններիս՝ Ոստիկանության բաժին հրավիրվելու մասին՝ ժամը 15:30-ի սահմաններում ոստիկանության Սիսիանի բաժնի վարչական շենքի դիմաց են հավաքվել նրանց մտերիմները, ովքեր, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, տևական ժամանակ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որը զուգորդվել է ոստիկանության ծառայողների նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ քաշքշելով և մարմնի տարբեր հատվածներին հարվածներ հասցնելով, հայհոյելով, երթևեկությունը խոչընդոտելով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այսպիսով, պաշտոնական հաղորդագրություններից ակնհայտ է ոստիկաններին արդարացնելու միտումը: Մինչդեռ ականատեսները վկայում են, որ ԺՊ Գարիկ Մուրադյանը ոստիկանության դիմաց հավաքված սիսիանցիներին ամենավերջին հայհոյանքներն է հասցրել, ասելով՝ «Ավտոմատը բերեք, սրանց սաղին գնդակահարելու եմ»:

Սիսիանում ընդվզում է հասունանում ընդդեմ ոստիկանության պետի ԺՊ-ի:

Դատախազություն են ուղարկվել նաև այլ քաղաքացիների դիմումներ, որոնք բողոքել են նույն Սիսիանի բաժին գտնվելու ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից իրենց նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ:

Փաստորեն, Սիսիանի «բաժնում» քաղաքացուն ծեծելը ավանդույթ է:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest