Նախկին ցմահ դատապարտյալ, այժմ՝ ամբաստանյալ 74- ամյա Խոսրով Ավագյանի խափանման միջոց կալանքն օրեր առաջ վերացվեց։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Դավիթ Բալայանի նախագահությամբ, հաշվի առնելով Ավագյանի առողջական ծանր վիճակը և կալանքի հետ անհամատեղելի մի շարք հիվանդությունները, որոշում կայացրեց բավարարել պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը և կալանքը փոխարինել ստորագրություն չհեռանալու մասին կետով․
«Իմ պաշտպանյալն անազատության մեջ է գտնվում 2007 թվականի սեպտեմբերի 24-ից և պատիժը կրելու ընթացքում ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ։ Տևական ժամանակ բուժվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, ինչպես նաև հետազոտությունների ենթարկվել ու բուժում ստացել քաղաքացիական տարբեր բժշկական կենտրոններում: Խոսրով Ավագյանը տառապում է մի շարք լուրջ հիվանդություններով, որոնցից մի քանիսը համապատասխանում են Կառավարության 825-Ն որոշման պատժի կրմանը խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի 36 կետին»,- Forrights-ի հետ զրուցում ասաց պաշտպան Ավետիսյանը։
Խոսրով Ավագյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2008 թվականի հոկտեմբերի 21-ի դատավճռով՝ շահադիտական դրդումներով երկու անձի սպանության համար։ Ըստ մեղադրանքի՝ Ավագյանը, 2006 թվականի գարնանը ծանոթանալով միայնակ և տարեց քույրեր Վարսենիկ Գյուրջինյանի և Մարգո Գյուրջինյանի հետ, խաբեությամբ հանդես է եկել որպես բարեգործ, վերջիններիս մոտ վստահություն ձեռք բերելուց հետո, նույն թվականի ապրիլի 5-ին առանձնապես խոշոր չափի` 8145000 դրամ արժեք ունեցող բնակարանը սեփականատեր Վ.Գյուրջինյանին խաբեությամբ կտակել է տվել իրեն: Այնուհետև, դեկտեմբերի վերջին շահադիտական դրդումներից ելնելով թունաքիմիկատներով թունավորել է Վ.և Մ. Գյուրջինյաններին, ինչի հետևանքով վերջիններս մահացել են:
Ավագյանը դատավճռի դեմ իր անհամաձայնությունն է հայտնել և բողոք ներկայացրել ինչպես Վերաքննիչ քրեական, այնպես էլ Վճռաբեկ դատարան։ Ներպետական ատյանները սպառելուց հետո, 2009 թվականին նա գանգատ է ներկայացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ 9 տարի անց Ստրասբուրգի դատարանն ընդդեմ Հայաստանի վճիռն է կայացնում՝ պարտավորեցնելով դիմումատուին փոխհատուցել 900 եվրո։
ՄԻԵԴ-ն արձանագրել էր Կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության իրավունքի խախտում (6-րդ հոդված, կետ 1՝ դատարանի մատչելիության իրավունք, 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետ՝ վկաների հարցաքննություն, դատաքննությանը վկաների ներկայության ապահովում):
Գործը կրկին ուղարկվել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության և ցմահ դատապարտյալը կրկին հայտնվել է ամբաստանյալի աթոռին։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը թողնվել էր անփոփոխ։ Պաշտպան Ավետիսյանը Forrights-ին տեղեկացրեց, որ դատաքննությունն իրականացվելու է ամբողջ ծավալով, ուստի այն տևական ժամանակ կպահանջի դատավարական կողմերից․
«Նման ծանր առողջական վիճակով իմ պաշտպանյալը չէր կարող մասնակցել դատաքննության գործընթացին։ Նա կալանավայրում խնամող չուներ, չի տեսնում, ինքնուրույն քայլել և շարժվել չի կարողանում, բացի դրանից առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձ է և մշտապես կարիք ունի օգնության և այլ անձանց կողմից վերահսկման։ Ես միջնորդեցի դատարանին վերացնել կալանավորումը։ Դատարանը կատարեց այդ մարդասիրական քայլը և փոխեց խափանման միջոցը՝ ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին։ Այս պահին պաշտպանյալս տանն է և գտնվող է հարազատների խնամքի տակ»,- նշեց Ավետիսյանը։
Պաշտպանը խնդրել էր իր միջնորդությունը քննության առնելիս հաշվի առնել նաև Եվրոպայի խորհրդի՝ խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի մարտի 20-ին հրապարակած զեկույցը, որում կորոնավիրուսի համավարակի համատեքստում անդրադարձ է կատարված անազատության մեջ գտնվող անձանց:
«Զեկույցում, կարևորելով անազատության մեջ գտնվող անձանց կյանքի և առողջության իրավունքը, նշվում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջանձնային շփումը նպաստում է վարակի տարածմանը՝ բոլոր իրավասու մարմինները պետք է համակարգված ջանասիրություն ցուցաբերեն, միջոցներ ձեռնարկեն՝ ազատությունից զրկելու այլընտրանքներին դիմելու համար և առավել լայնորեն կիրառեն մինչդատական կալանավորման այլընտրանքային միջոցները»,- \կոչ արեց փաստաբանը։
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: