ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից բացահայտվել են նույն քրեակատարողական հիմնարկի՝ օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև անազատության մեջ պահվող անձանց կողմից քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու և քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու դեպքեր։
«Մասնավորապես պարզվել է, որ օրվա հերթափոխում ընդգրկված ծառայողները, խախտելով «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի և «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի» պահանջները, 2020 թվականի ապրիլի 2-ին` ժամը 20։00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի տարբեր ռեժիմային մասնաշենքերում պահվող թվով 2 կալանավորված անձի և 1 դատապարտյալի դուրս են բերել իրենց խցերից և ուղեկցել մեկ այլ խուց` դատապարտյալներ, նույն քրեակատարողական հիմնարկում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանող Ս.Դ.-ի, ինչպես նաև Դ.Հ.-ի մոտ, որտեղ վերջիններս քրեական ենթամշակույթ կրող խմբավորումների կողմից սահմանված և ճանաչված վարքագծի կանոնների պահպանման շուրջ ծագած վեճը (խնդիրը) լուծելու նպատակով շուրջ 15 րոպե վիճաբանել և պարզաբանումներ են կատարել նրանց հետ` բարձրաձայն հնչեցնելով հայհոյանքներ։
Դեպքի առթիվ 2020 թվականի ապրիլի 3-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 223.1-րդ հոդվածի 1-ին մասի և 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Բացի այդ՝ քրեակատարողական ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպք է բացահայտվել նաև «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։
Այսպես` 2020 թվականի ապրիլի 2-ին` ժամը 13։30-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցները ներքին կանոնակարգի պահպանմանը, նաև արգելված իրերի և առարկաների հայտնաբերմանն ուղղված համալիր միջոցառումների շրջանակներում անձնական խուզարկության են ենթարկել ինքնազգացողության վատթարացման պատճառաբանությամբ հիմնարկից դուրս գալու փորձ կատարող անվտանգության ապահովման բաժնի մասնագետին, ում մոտ արձանագրվել է մինչ այդ նրա կողմից քրեակատարողական հիմնարկ մտցված բջջային հեռախոսի բացակայությունը։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ հիշյալ ծառայողը, խախտելով «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի» պահանջները, արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսը փոխանցել է նույն հիմնարկի կալանավոր Ղ.Մ.-ին:
Դեպքի առթիվ 2020 թվականի ապրիլի 3-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը ևս ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Նմանատիպ դեպքերը բացառելու, քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի ցանկացած դրսևորման դեմ հետևողական պայքար մղելու և ծառայության շարքերը հանցավոր հակումներ ունեցող անձանցից ազատելու միջոցառումները կրելու են շարունակական բնույթ»,- ասված է հաղորդագրությունում:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: