Ալավերդիում սպասում են քաղաքում հեղինակավոր գործարար Վահագն Աբգարյանին: Ապրիլի 1-ին, երեկոյան Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանը որոշում է կայացրել փոխել Վահագն Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանքի փոխարեն կիրառելով գրավ: Չափը բավականին մեծ է՝ 15 մլն դրամ: Այսքան է պահանջել դատարանը Վահագն Աբգարյանին ազատ արձակելու համար:

Վահագն Աբգարյանը, հիշեցնենք՝ մեղադրվում է ապօրինի կերպով զենք և փամփուշտներ ձեռք բերելու, իր սանիկին՝ Վլադիմիր Դավթյանին հանձնելու և իր համաքաղաքացի, կրկնակի դատված Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու համար: Դավթյանը խոստովանել է սպանությունը և այժմ ամբաստանյալի աթոռին է, սակայն չի  ընդունում, որ սպանել է Աբգարյանի պատվերով։

Այսօր Վահագն Աբգարյանը տուն է վերադառնալու:

Վահագն Աբգարյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը Forrights.am-ի հետ զրույցում հայտնեց, որ միջնորդության հիմքում մի շարք հանգամանքներ էին դրել, այդ թվում նրա առողջության վիճակի հետ կապված: Վահագն Աբգարյանը քրոնիկական հիվանդություններ ունի, այդ թվում նաև շաքարային դիաբեթ, ինչի մասին փաստաբանը բազմիցս բարձրաձայնել է:

«Միջնորդության  հիմքում նաև այն  հանգամանքն էր, որ  մեկ այլ քրեական գործ կա, որը քննում է հատուկ քննչական ծառայությունը, որով Վահագն Աբգարյանը տուժող է ճանաչված: Նա քրեակատարողական հիմնարկում խնդիր է ունեցել»,- ասաց Ինեսսա Պետրոսյանը:

Ինչպես հայտնի է, Վահագն Աբգարյանը փետրվարի 25-ին հարձակման  ու ծեծի էր ենթարկվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և տեղափոխվել էր հիվանդանոց: Ըստ շրջանառվող տեղեկութունների, գողական աշխարհի ներկայացուցիչներից մեկն է հարձակումը կազմակերպել, և բերդի ղեկավարությունը նրան տեղափոխել է այլ խուց, նպաստավոր պայմաններ ստեղծելով  հարձակման համար:

Կալանավայրի ղեկավարությունը նախ հերքում էր այդ տեղեկությունը, նշելով, որ Աբգարյանը ընկել է ու վնասել է ձեռքը, հետո հաստատեց: Հաղորդվեց, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից ենթադրաբար պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:

Հարցին, թե արդյո՞ք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն է նաև դեր խաղացել, որ դատարանը բավարարեց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը, Վահագն Աբգարյանի փաստաբանը պատասխանեց.

«Իհարկե, կորոնավիրուսի հիմքով հիմա մարդկանց բաց են թողնում, աշխատում են քիչ կիրառել կալանքը, սակայն ես դա իմ միջնորդության մեջ չեմ նշել»: Վահագն Աբգարյանի գործով հաջորդ դատական նիստը  նշանակված է ապրիլի 12-ին:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest