Վանաձորի բնակիչ, որդեկորույս Սոնիկ Ղազարյանը այն մարդկանցից է, որոնց հեռախոսազանգերի միջոցով այս օրերին փնտրում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այն մարդկանցից, որոնք կարող էին պատասխանել Նիկոլ Փաշինյանի հարցին՝ ինչպես է «յոլա գնում» ժողովուրդը:

Ողջ գիտակից կյանքում վարձով ապրած 59 տարեկան կինը 2015 թվականից միայնակ է, կորցրել է իր միակ հույսը՝ որդուն, որին Խաչ է ասում: 2012 թվականին Խաչիկ Բարսեղյանը գնաց բանակ, վերադարձավ երկու տարուց, ընկերները նրան տուն բերեցին գրկած: Մի ոտքի գետնին դնել չէր կարողանում: Բանակում քաղցկեղ էր ստացել: Զորացրվելուց մեկ տարի երեք ամիս անց  Խաչը մահացել է: Սոնիկը, որը որդուն Մոսկվա տանելու ու բուժելու նպատակով տունը գրավի տակ էր դրել, մնաց փողոցներում: Նա ապրում է վարձով, ամիսը 20 հազար դրամ վարձի փողը գտնելը նրա համար մեծ հարց է:

Բայց  վարչապետը պատահականության սկզբունքով է հեռախոսահամարներ հավաքում, ու Սոնիկի համարը հավաքելու հավանականությունը մեկը երկուսու կես միլիոնից է: Ուստի  նա դիմում է ոչ թե Նիկոլին, այլ լրագրողի.

«Մի մի հոդված գրի Խաչիս համար, ասա, որ ապրիլի 28-ին Խաչի մահվան 4 տարին է լրանում: Ապրիլյանին չի մասնակցել, բայց այդ ամբողջ ժամանակ ազնիվ ծառայել է, ետ է եկել քաղցկեղով, ու հիմա ինձ ասում են, որ իրա հիվանդությունը կապ չունի բանակի հետ, դրա համար ինձ չեն կարա օգնեն զինվորների հիմնադրամից», — ասում է Սոնիկ Ղազարյանը նույն բառբառով, որով խոսում է Փաշինյանը:

Նա վստահեցնում է, որ որդու վիճակը վատացել է այն բանից հետո, երբ Բալահովիտի կապի բաժանմունքում ծառայելով, ոտքի ցավի պատճառով չի կարողացել կատարել ֆիզիկական վարժություններ: Հրամանատար Վիգեն Մկրտչյանը նրան ծեծի է ենթարկել: Այդ մասին Սոնիկին պատմել են տղայի ծառայակից ընկերները: Ծեծից հետո տղայի առողջությունն ավելի է վատացել: Այս դեպքի կապակցությամբ 2019 թվականի մարտին քրեական գործ է հարուցվել Ք.Օ. 358-րդ հոդվածով՝

«Ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը»: Նախաքննությունը վարում է 7-րդ կայազորային զինդատախազությունը:

Անցյալ տարի նա դիմել էր Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, որ աջակցի Խաչի գերեզմանի կիսատ-պռատը վերացնելուն: Մերժվել է, բայց էսօր լավ լուր ունի Նիկոլի համար. «Գերեզմանը սարքվել ա արդեն: Կիսատ շիրիմի ձայնը լսել ա մի լավ կին, տրամադրել ա կես միլիոն, բարեգործական կենտրոնից»: 

Երկրորդ լավ լուրն էլ այն է, որ «իմքայլականները» Վանաձորից մի ամիս առաջ խոստացան փակել Սոնիկի վարձը, 60 հազար դրամ են նրան տվել, որը կհերիքի երեք ամսվա մնալու վարձը փակելու համար: Գումարը տվել են Նիկոլի ընկերները՝ Արամ Խաչատրյանը ու նրա խոսնակ Հովհաննես Ավետիսյանը:

«Րեխեքը շատ չարչարվեցին ինձ համար, — ասում է Սոնիկը, — «Այո»-ն որ սկսվեց, ես դիմեցի իրանց, ինձ տրամադրեցին վարձի գումարները երեք ամսվա, որ ես չմնամ փողոցում, ասեցին, որ իմ նպաստի հարցն էլ կլուծեն»:

Նա ոչինչ չունի, ինչ ուներ, հողին մաղվեց երեխու հետ: «Զինվոր եմ տվել, բայց զինվորի  մայր ինձ չեն ճանաչում, փողոցում եմ ապրում: Իմ պայքարն էն ա, որ ես դառնամ զինվորի  մայր, կամ էլ իմ վարձի գումարների հարցը լուծվի: Հասկացա, որ ես պարտավոր եմ եղել նրան բանակ ուղարկեմ, ու պարտավոր եմ եղել նրան բուժեմ, բայց ես պարտավոր չեմ եղել նրան հողը դնեմ ու անտուն փողոցներում ման գամ», — ասում է Սոնիկ Ղազարյանը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից գումար ստանալու ակնկալիքով պարբերաբար դիմել է ՊՆ տարբեր նախարարների: Պատասխանել են, որ որդին տանն է մահացել,  հետևապես ոչինչ չունի հիմնադրամից ստանալու: Իսկ Սոնիկ Ղազարյանը պնդում է, որ որդին ծառայության հետ կապված պատճառով է մահացել: Ըստ ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության, Խաչիկ Բաղդասարյանի մոտ ախտորոշվել է երակի լայնացում:

Բանակից  վերադառնալուց հետո Ֆանարջյանի ինստիտուտում ախտորոշել են ոսկրի չարորակ գոյացություն՝ Յունգի սարկոմա: Մայրը դիմել է տարբեր ատյաններ, պահանջելով հաստատել իր որդու հիվանդության և բանակային ծառայության միջև հետևանքային կապը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Սոնիկ Ղազարյանի դիմումը ստանալուց հետո այն ուղարկել է ՀՀ դատախազություն: Դատախազությունից Սոնիկ Ղազարյանը գրություն է ստացել, որտեղ ասված է, որ որոշում է կայացվել հանձնաժողովային բժշկական փորձաքննություն նշանակելու մասին:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest